Նյարդավիրաբուժությունը Հայաստանում

Նյարդավիրաբուժությունը Հայաստանում, նյարդավիրաբուժության առաջին օգնությունը կազմակերպել են Հ. Քեչեկը, Հ. Միրզա-Ավագյանը, Գ. Մելքոնյանը, Ս. Շարիմանյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ նյարդավիրաբուժության ծառայությունն սկզբնավորվել է 1942 թվականին, երբ Երևանում ստեղծվել է նյարդավիրաբուժության հոսպիտալ՝ 3 բաժանմունքով (վարիչներ՝ Ս. Զոհրաբյան, Հ. Չիլինգարյան, Տ. Չզմաչյան)։ 3 տարվա ընթացքում հոսպիտալում վիրահատվել է գլխի, ողնաշարի և ծայրամասային նյարդերի վնասումներով 3700 հիվանդ։ 1950 թվականին Մոսկվայում հրատարակվել է Ս. Զոհրաբյանի «Կաուզալգիա, պաթոգենեզ, կլինիկա, բուժում» (ուսումնական) մենագրությունը։ Հայաստանում գիտական նյարդաբանության հիմնադիր Ս. Զոհրաբյանի նախաձեռնությամբ 1946 թվականին ստեղծվել է առաջին քաղաքացիական նյարդավիրաբուժության բաժանմունքը, 1950 թվականին 2-րդ քաղաքային հիվանդանոցի համակարգում՝ 2-րդ նյարդավիրաբուժության բաժանմունքը (ղեկավար՝ Ս. Հովհաննիսյան)։

Մարդու ողնաշարը

Առաջին նյարդաբուժության ամբիոն

խմբագրել
 
250-300px

Առաջին նյարդավիրաբուժության ամբիոնը (վարիչ՝ Ս. Զոհրաբյան) ստեղծվել է 1958 թվականին ԵԲԻ-ում (1995 թվականից՝ ԵՊԲՀ)։ Ս. Զոհրաբյանի ղեկավարությամբ ԱԱԻ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքում և ամբիոնում ուսումնասիրվել են նյարդային համակարգի վնասվածքները, կլինիկական, ախտաբանաֆիզիոլոգիական առանձնահատկությունները հասուն և մանկության տարիքում, մշակվել են գլխուղեղի վնասվածքների դասակարգման սխեմա, բուժիչ, ախտորոշիչ հանձնարարականներ, ուսումնասիրվել են գանգի արատների և գլխուղեղի թաղանթների սպիների, գանգի թափանցող հրազենային վնասվածքների վերակառուցող, վիրահատությունների, գլխուղեղի ծանր վնասվածքների և դրանց բարդությունների բուժման նպատակով պրոտեոլիտիկ պատրաստուկների ու կորտիկոստերոիդների կիրառման հարցերը, ծայրամասային նյարդերի ախտահարման դեպքում ցավային համախտանիշի զարգացման մեխանիզմները, հատկապես սիմպաթիկ նյարդ համակարգի դերը կաուզալգիայի ախտածնության մեջ։

Երկրորդ նյարդաբուժության բաժանմունք

խմբագրել

2-րդ նյարդավիրաբուժության բաժանմունքում կարևոր աշխատանքներ են կատարվել նյարդային համակարգի ուռուցքների և ուռուցքանման ախտահարումների ախտորոշման բնագավառում՝ մասնավորապես տեսողական խաչվածքին կից թրքական թամբի շրջանի, գլխուղեղի հիմքի այլ հատվածների ուռուցքների վիրահատության բուժման վերաբերյալ (Ս. Հովհաննիսյան)։ Գլիոմաների վիրահատության և ճառագայթային բուժման արդյունավետության բարձրացման հետ մեկտեղ փորձեր են արվել նաև քիմիաբուժության միջոցների օգտագործման (տեղային, ներքներակային և ներգոտկային ճանապարհներով) ուղղությամբ։ Լայնորեն կիրառվել են վիրաբուժական ախտորոշիչ գործողություններ՝ էլեկտրաուղեղագրություն (ԷՈՒԳ), գլխուղեղի անոթագրություն, պնևմաուղեղագրություն, որոշվել է գլխուղեղում արյան տեղային հոսքի վիճակը, կատարվել են ԷՈՒԳ, էխոուղեղագրություն, դոպլերագրություն և գլխուղեղի կաթվածի ու ներգանգային անևրիզմների վիրահատական բուժումներ։

Նյարդավիրաբուժության ծառայությունները Հայաստանում

խմբագրել

Ներկայումս նյարդավիրաբուժության ծառայությունը հանրապետությունում ապահովում են ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի նյարդավիրաբուժության ամբիոնի հենակետերը՝ «Էրեբունի» ԲԿ-ի նյարդավիրաբուժության կլինիկան (ղեկավար՝ ՀՀ գլխավոր նյարդավիրաբույժ Մ. Եղունյան), «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքը (ղեկավար՝ Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ Ռ. Վարոսյան), «Սուրբ Մարիամ Աստվածածին» հիվանդանոցի մանկական նյարդավիրաբուժության բաժանմունքը (ղեկ.՝ Մ. Մարտիրոսյան), ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի հենակետերը՝ «Արմենիա» ՀԲԿ-ի նյար- դավիրաբուժության բաժանմունքը (ղեկ.՝ Դ. Պատրիկյան), ԵՊԲՀ № 1 կլինիկան հիվանդանոցի ընդհանուր և ներանոթային (էնդովասկուլյար) նյարդավիրաբուժության կլինիկան (ղեկ.՝ Ռ. Ֆանարջյան), ինչպես նաև Վիրաբուժության ինստիտուտի նյարդավիրաբուժության բաժանմունքը (ղեկ.՝ Ա. Քալայջյան), Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքը (ղեկավար՝ Լ. Հարությունյան), ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժության բաժանմունքը (ղեկ.՝ Ա. Հակոբյան)։ Նյարդավիրաբուժության ծառայություններ իրականացվում են նաև Գյումրիում և Վանաձորում։ 1990 թվականից՝ Հայաստանում նյարղավիրաբուժության ոլորտում նկատվում է զգալի առաջընթաց՝ կապված ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման և միջազգային կապերի ակտիվացման ու փորձի կիրառման հետ։ Բաժանմունքների ղեկավարների հսկողությամբ նյարդավիրաբույժևերն իրականացնում են գանգուղեղային վնասվածքների, կենտրոնական նյարդային համակարգի անոթային ախտաբանության, կենտրոնական նյարդային համակարգի, գանգի և ողնաշարի ուռուցքների, ողնաշար-ողնուղեղային ախտահարումների, ծայրամասային նյարդային համակարգի բնածին և ձեռքբերովի արատների, ջրագլխության և այլ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակակից ախտորոշում և բուժում՝ օգտագործելով միկրովիրաբուժության տեխնիկա և համապատասխան օպտիկա։ Ներկայումս ՀՀ ժամանակակից նյար- դավիրաբուժությունը կիրառում է ինչպես բաց, այնպես էլ ընդերադիտության և ներանոթային վիրահատության եղանակներ՝ համապատասխան անզգայացման և ինտենսիվ թերապիայի ապահովման պայմաններում։ 1961 թվականից գործում է ՀՀ նյարդավիրաբույժների ընկերակցությունը (նախագահ՝ ՀՀ գիտական վաստակավոր գործիչ Ս. Զոհրաբյան)։ Հայաստանում բոլոր նյարդավիրաբույժները նշված ընկերակցության անդամներ են։ Ընկերակցության նիստերում քննարկվում և հաստատվում են գիտական թեզեր, վերլուծվում նյարդավիրաբուժության հրատապ հարցեր, մշակվում նյարդավիրաբուժական ծառայությունների ժամանակակից ռազմավարություն, տպագրվում են մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։