Կյուրիկյաններ
Կյուրիկյաններ, հայ թագավորական հարստություն Տաշիր-Ձորագետում 10-12-րդ դարերում, Կյուրիկյան թագավորության իշխողները։ Հարստության հիմնադիրն է Հայոց արքա Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը (վերջինիս անունը տեղական բարբառով հնչել կամ կոչվել է նաև «Կյուրիկե», որից էլ՝ տոհմանունը)։ Կյուրիկյանները կախման մեջ էին Անիի Բագրատունիներից և իրենց իրավունքների հաստատումն ստանում էին նրանցից։
Կյուրիկյաններ | |
---|---|
Տեսակ | արքայատոհմ |
Երկիր | Բագրատունյաց Հայաստան |
Տիրույթներ | Գուգարք |
Ծագում | Գուրգեն Ա- |
Տիտղոսներ | Լոռու Արքա |
Հիմնադիր | Գուրգեն Բագրատունի |
Մեծագույն ներկայացուցիչ | Դավիթ Անհողին |
Հիմնում | 10-րդ դար |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Կյուրիկյանների իշխանությունը պայմանական-ժառանգական էր, տիրույթները՝ ավատ։ Բագրատունիների կենտրոնական թագավորության անկումից (1045) հետո Կյուրիկյաններ դարձան հայրենատեր՝ գլխավորելով Բագրատունյաց տոհմը։ Սելջուկյան տիրապետության սկզբնական շրջանում, հպատակության գնով, Կյուրիկյաններ պահպանեցին իրենց կիսանկախությունը։
Ավելի ուշ, սելջուկների հաճախակի հարձակումների ու գրավումների պատճառով, կորցրեցին (1111-1113 թվականներ) իրենց տիրույթները և հեռացան Տավուշ ու Մածնաբերդ, որտեղ էլ հիմնեցին նոր իշխանություններ։
Պատմություն
խմբագրել7-րդ դարում Հայաստանը, Վրաստանը և Աղվանքը նվաճվել էին Արաբական խալիֆայության կողմից և մտել նրա կազմը՝ որպես մեկ ինքնուրույն վարչաքաղաքական միավոր՝ Արմինիա կուսակալություն։ Այնտեղ ազդեցիկ դիրք ունեին հայ իշխանական տներից Բագրատունիները, ովքեր 2 դար անց՝ 885 թվականին, վերականգնում են անկախ պետականությունը։ Գուգարաց աշխարհի արևելյան գավառները, հիմնականում՝ Տաշիրն ու Ձորոփարը, գտնվում էին Բագրատունիների թագավորության կազմում և ղեկավարվում նշանակովի կառավարիչների միջոցով։ Վերջիններիս կենտրոնախույս ձգտումների պատճառով արքունիքը շուտով իշխանությունը հանձնեց իր տոհմակիցներին։ Այնուհետև երկրի սահմանները Տփղիսի ու Գանձակի ամիրայությունների ներքին ոտնձգություններից պաշտպանելու նպատակով Տաշիր-Ձորագետում ստեղծեց հատուկ ռազմավարչական մարզ։
Կյուրիկյանների թագավորության կենտրոնը սկզբում Շամշուլդե բերդավանն էր, իսկ 1065 թվականից՝ Լոռե բերդը (այժմ՝ ՀՀ քաղաք Ստեփանավանի մոտ)։ Երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու նպատակով 10-11-րդ դարերում Կյուրիկյանների թագավորության տարածքում կառուցվեցին և ամրացվեցին բազմաթիվ ամրություններ՝ Կայան, Լոռե, Մահկանաբերդ, Գագ, Մածնաբերդ և այլն, որոնք հսկում էին նաև կարևոր առևտրական ճանապարհները։ 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի առաջին կեսին Դավիթ Անհողինի օրոք, Կյուրիկյանների թագավորությունը հուսալի պատվար էր Բագրատունյաց թագավորության համար՝ Գանձակի Շադդադյան ամիրների ներխուժումների դեմ Արևմտահայաստանի և Արևմտահայության հարցերու ուսումնասիրութեան կեդրոն։
Բագրատունիների կենտրոնական (1045), ապա՝ Կարսի (1065) թագավորությունների անկումից հետո Կյուրիկյանների թագավորությունը միակ Բագրատունյաց իշխանությունն էր, որ պահպանել էր իր գոյությունը։ 11-րդ դարի վերջին Կյուրիկե Ա-ի օրոք, սելջուկներն սկսեցին զավթել Կյուրիկյանների թագավորության գավառները։ Վրաց Բագրատունի թագավորները վերջնականապես նվաճում են Կյուրիկյանների տիրույթները։
12-րդ դարի սկզբին արդեն Կյուրիկյանների թագավորությունը սահմանափակվում էր Տաշիր գավառով։ 1111-1113 թվականներին Կյուրիկյանների թագավորության վերջին գահակալներ Աբասն ու Դավիթը կորցրին նաև Տաշիրը և տեղափոխվեցին Տավուշ ու Մածնաբերդ, ուր հիմնեցին փոքրիկ իշխանություններ։ Դրանց կործանումից հետո վրացական բանակի հայ զորահրամանատարներ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը ազատագրում են Արևելյան Հայաստանի տարածքների մեծ մասը, այդ թվում՝ Տաշիր-Ձորագետի, Սյունիքի և Կարսի թագավորությունները։ Նշված տարածքներում հաստատվում են նոր իշխաններ կամ նախկին թագավորական տների շառավիղներ։ Զաքարյանների մի ճյուղը՝ Վահրամյանները, հաստատվում են Տավուշի Գագ ամրոցում՝ նախկին Կյուրիկյանների տիրույթում։
Գուրգեն-Կյուրիկե։ Թագավորության հիմնադրում
խմբագրելՀայոց պետության մայրաքաղաքը Անի տեղափոխելուց և հայկական պետության հզորացումից հետո սկսեցին առաջանալ Անիի Բագրատունիների գերիշխանությունը ճանաչող, սակայն ինքնուրույն իշխանություններ ու թագավորություններ։ Տաշիրը տնօրինվում էր արքայատոհմին չպատկանող նշանակովի կառավարիչ-վերակացուների միջոցով։ Հաշվի առնելով իշխանների անջատողական ձգտումները և ռազմավարական առումով խիստ կարևոր այդ տարածաշրջանն արքայատան անդամի միջոցով հնարավորինս հուսալի վերահսկողության տակ պահելու հրամայականը, Աշոտ Գ Ողորմածը (953-977) մինչ թվականը Տաշիրի կառավարիչ նշանակեց իրեն գահակից ավագ որդուն՝ Սմբատին, ով Գուգարքում իշխեց 14 տարի՝ 958-972 թվականներին[1]։ Թագավոր դառնալուց հետո Սմբատը Տաշիրում վերակացու հաստատեց կրտսեր եղբորը՝ Գուրգենին կամ Գուրգեն-Դերենիկին[2]։
977 թվականին՝ հոր մահից հետո, ըստ երևույթին, նա դառնում է տարածաշրջանի միակ թագավորը։ Սակայն նոր թագավորը՝ Սմբատ Տիեզերակալը, Գուրգենին որպես թագավոր ճանաչել է 982 թվականին։ Նորաստեղծ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունը ներառում էր ոչ միայն նախկին Տաշիր վարչական միավորն ամբողջությամբ, այլև հարակից մի շարք տարածքներ։ Այն ձգվում էր Փամբակի ու Աղստևի հովիտներից մինչև Տփղիսի մերձակայք և Ծաղկունյաց լեռնաշղթա ու Նիգ գավառ։ Հյուսիսից այն սահմանակից էր վրաց Բագրատունիների թագավորությանը և Տփղիսի արաբական ամիրայությանը, հարավից` Պահլավունիների իշխանությանը, արևելքից` Շադադյանների տիրապետության տակ գտնված հայկական շրջաններին, իսկ արևմուտքից՝ Անիի Բագրատունիների բուն տիրույթներին։
Գուրգեն-Կյուրիկեն շարունակել է Սանահինի ու Հաղբատի վանական համալիրների կառուցապատումն ու հարդարումը, ինչի վկայությունն է Սանահնի վանքին երկու մեծ ու շքեղ ջահ նվիրելը։ Նա մասնակցել է 988 թվականի ափխազաց Սմբատ թագավորի դեմ Սմբատ Բ-ի զորաշարժին՝ ի պաշտպանություն Դավիթ Կյուրոպաղատի ու վրաց թագավոր Բագրատ Գ-ի։
Սմբատ Տիեզերակալը մահացել էր կասկածելի պայմաններում։ Նոր գահ բարձրացած միջնեկ եղբայր Գագիկ Ա-ն (990-1020) իրեն ենթարկվելու պայմանով իրենց գահերին վերահաստատեց ինչպես կրտսեր եղբորը՝ Գուրգենին, այնպես էլ հորեղբորը՝ Կարս-Վանանդի թագավոր Մուշեղին։ Լինելով խիստ բարեպաշտ ու կրոնասեր անձնավորություն, նա այնուհետև կամավոր թողել է գահը և Սանահինում ութ տարի կրոնավորելով վախճանվել։ Հուղարկավորվել է Սանահնի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Ունեցել է երկու որդի՝ Դավիթ ու Սմբատ։
Դավիթ Անհողին։ Թագավորության հզորացում
խմբագրել989 թվականին Տաշիր-Ձորագետում գահ է բարձրանում Դավիթ Կյուրիկյանը կամ Դավիթ Անհողինը։ Նրա երկարատև՝ ավելի քան կես դար տևած թագավորության դարաշրջանում, երկիրը հասավ իր հզորության գագաթնակետին։ Հայրական գահը պատանի հասակում ժառանգելը նրան չխանգարեց հասկանալու իր թագավորության առջև ծառացած խնդիրները և հաջողությամբ հասնելու դրանց լուծմանը։ Նա իր թագավորության կենտրոն դարձրեց դրա հյուսիսային ծայրամասում ընկած Շամշուլդե բերդաքաղաքը։ Դրանից հետո Դավիթը ձեռնամուխ եղավ իր թագավորությանը հյուսիսից և արևմուտքից Տփղիսի արաբական Ջաֆարիների ամիրայությունից ու նրան ենթակա Դմանիսի ամիրայությունից սպառնացող իրական վտանգը վերացնելուն։ Այդ նպատակով նա 990-ական թվականների կեսերին արագորեն գրավեց Դմանիսի ամիրայությունը և միացրեց իր թագավորությանը[3]։ Դրա շնորհիվ թագավորության տարածքն ընդարձակվեց, նրա մյուս գավառներից Շամշուլդեի կտրվածությունը Շամշուլդե-Դմանիս ճանապարհի շնորհիվ վերացավ, իսկ արևմտյան սահմաններն անվտանգ դարձան։ Բնականաբար, Դմանիսի ամիրայության գրավումը պետք է հանգեցներ Տփղիսի ամիրա Ալի իբն Ջաֆարի ու Դավիթ Անհողինի զինական բախմանը։ Դավիթը նրան ջախջախելով հպատակեցրեց իրեն, որով վերացրեց նաև հյուսիսից իր թագավորությանը և, հատկապես, Շամշուլդեին սպառնացող լուրջ վտանգը[3]։
Դավիթը նպաստեց նաև Բագրատունյաց Հայաստանի հյուսիսային սահմանների մի կարևոր հատվածի ամրապնդմանը։ Դա կարևոր քայլ էր առաջին հերթին իր թագավորության շահերի համար։ Դրանից հետո մինչև 1001 թվականը նա ստիպված էր բախվել հարավ-արևելքից իր թագավորությանը սպառնացող մի նոր ու ավելի զորեղ ուժի՝ 970-ական թվականներից Գանձակում հաստատված քրդական ծագմամբ Շադդադյանների ամիրայության հետ։ Ծավալապաշտական միտումներ ունեցող և հատկապես Փատլուն I-ի (985-1031) օրոք հզորացած այդ ամիրայությունը փորձեց կանխել Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության հետագա վերելքը։ Երբ Փատլուն I-ը հարձակվեց Դավթի վրա, ըստ երևույթին, Կուրի ափին, խայտառակ պարտություն կրեց և մազապուրծ փախավ մարտադաշտից[3]։ Սակայն Դավթին չհաջողվեց զարգացնել հաղթանակի արդյունքը և Շադադյաններին պատկանող հայկական տարածքների հաշվին ընդլայնել իր թագավորությունը։ Այդուհանդերձ, Շադադյաններից սպառնացող վտանգն առժամանակ կանխվեց։ Դրանից հետո Դավիթը ստիպված էր ճնշելու կենտրոնախույս միտումներ դրսևորած Գագի իշխան, մարզպան Դեմետրեի խռովությունը։ Ինչպես հետևում է Ասողիկի պատմածից, Դավթի վստահությունը կորցնելով, նա «թողու զհաւատս հայրենի հայութեան և թիկունս օգնականի զՎիրս արարեալ»[3], քաղկեդոնական էր դարձել։ Բացի այդ, նա իր որդուն ևս քաղկեդոնական դարձնելով, Հնեվանքում Տաշիրի մամփայլ՝ արքեպիսկոպոս էր կարգել։ Այսպիսով, Դեմետրեն, քաղկեդոնականությանը հարելով, ակնհայտորեն փորձում էր իր անջատողական ծրագրերի իրագործման համար ստանալ վրաց աջակցությունը և դրա շնորհիվ դյուրացնել Դավթից անկախանալը։ Դա, սակայն, նրան չհաջողվեց։ Դավիթը նրան դուրս հանեց Գագից և խլեց բոլոր ամրոցներն ու տիրույթները՝ դատապարտելով թափառական կյանքի[3]։
Դավիթն ամուսնացել էր Կախեթի վերջին արքեպիսկոպոս Դավթի (976-1010) դուստր Զորակրցելի հետ։ Այս իրողությունը, թագավորության հյուսիսային ծայրակետում գտնվող Սամշվիլդեն կամ Շամշուլդեն նստավայր դարձնելը, Դմանիսի ամիրայության նվաճումն ու Տփղիսի ամիրայությունը ջախջախելն ու հնազանդեցնելը և Դեմետրե մարզպանի խռովության ճնշումը վկայում էին, որ Դավիթ Կյուրիկյանի հեռահար նպատակը Կախեթի թագավորությանը մերձենալն էր, եթե ոչ դրան տիրանալը։ Սակայն դրան խանգարեցին երկու հանգամանք։ Դրանցից առաջինը նույն նկրտումն ունեցող վիրա-աբխազական թագավորության հզորացումն էր, իսկ երկրորդը՝ իր հորեղբայր ու սյուզերեն Գագիկ Ա-ին՝ սեփական ուժերը գերագնահատած Դավթի չհնազանդվելու անհաջող փորձը։ Ասողիկը գրում է․
-
Իսկ Դաւիթ եղբօրորդի Գագկայ… սակաւ ինչ ամբարձեալ անհնազանդութեան մասամբ առ հօրեղբայր իւր Գագիկ[3]։
|
Իր հզորության գագաթնակետում գտնվող Գագիկը 1001 թվականի ձմռանը մեծ զորքով շարժվեց Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության վրա։ Նա մտավ Տաշիր, շրջապատեց Շամշուլդեն, ավերեց վրաց դաշտը, ապա Գագ բերդով իջավ Աղստև գավառ։ Այս ամենը կատարվեց ընդամենը երեք ամսվա ընթացքում։ Դավիթը երկու անգամ փորձեց մարտ տալ հորեղբորը, սակայն ուժերի ծայրահեղ անհավասարությունը նրան ստիպեց հրաժարվելու այդ մտքից և դիմելու կաթողիկոս Սարգիս Ա-ի օգնությանը։ Կաթողիկոսի միջնորդությամբ Դավիթը գնաց Շիրակավան` Գագիկ Ա-ի մոտ և հնազանդություն հայտնեց։
1041 թվականի Հովհաննես-Սմբատի մահից հետո Անիի Բագրատունյաց թագավորության գահը մնաց թափուր։ Դավիթը զորքով մտավ Անիի Բագրատունյաց թագավորության տարածք։ Սակայն Շիրակի ավերմամբ վրեժխնդիր լինելով հետ դարձավ։ 1042 թվականին «յազդմանէ չարին կրկին շարժումն լինէր Յունաց` դավաճանութեամբ և կեղծաւորութեամբ սուտ քրիստոնէին Դաւթի Անհողինին»[4][5]։ Եվ քանի որ Դավիթ Անհողինն իր նեղ անձնական շահախնդրություններով ուղղորդվող քաղաքականությամբ «ի վիհն տառապանաց էած զազգս քրիստոնէից», ստացավ նոր՝ անարգական Դավիհ մականունը։
1045 թվականին Բյուզանդիայի կողմից Անիի Բագրատունյաց թագավորության կործանումից հետո ինչպես Սյունիքի ու Կարս-Վանանդի, այնպես էլ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունները հայտնվեցին անկախ կարգավիճակում։
Աբաս և Դավիթ։ Թագավորության կործանումը
խմբագրել1050 թվականին իբրև Տաշիր-Ձորագետի թագավոր է հիշատակվում Դավիթ Անհողինի ավագ որդի Կյուրիկե Բ-ն[6]։ Դավիթ Անհողինի մարմինն ամփոփված է Սանահինի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ հոր կողքին։ Ունեցել է 4 որդի՝ Կյուրիկե, Գագիկ, Ատրներսեհ, Սմբատ և մեկ դուստր՝ Հրանուշ։
Թեև Կյուրիկե Բ-ն գահակալեց իբրև անկախ թագավոր, իսկ 1064 թվականին Բյուզանդիայի կողմից Կարս-Վանանդի թագավորությունը վերացվելուց հետո դարձավ մայրամուտ ապրող Բագրատունյաց հարստության ազգապետ՝ խաղաղ իշխելով ընդամենը մեկուկես տասնամյակ։ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության անկախությունը կարճ տևեց, որովհետև այն շուտով հայտնվեց իր հարևանը դարձած Բյուզանդիայի քաղաքական ազդեցության ոլորտում։ Եթե Բյուզանդիան փորձում էր այդ ճանապարհով Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության թեկուզ և թույլ ուժերն օգտագործել թուրք-սելջուկյան ահագնացող ճնշմանը դիմակայելու նպատակով, ապա Կյուրիկե Բ-ն թերևս բյուզանդացիների օգնությամբ հայոց պետականությունը վերականգնելու թույլ հույսեր էր փայփայում։ Այդ հանգամանքով կամ էլ այլընտրանքի բացակայությամբ է բացատրվում, որ Կյուրիկե Բ-ն ընդունեց Բյուզանդիայի կայսր Կոստանդին Դուկասի (1059-1067) կողմից 1059-1063 միջև իրեն շնորհված կյուրոպաղատի տիտղոսը և դրամ հատելու իրավունքը։ Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, նրան սոսկ բախտ էր վիճակված ապարդյուն ջանքեր գործադրելու իր թագավորության գոնե կախյալ գոյությունը և տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։
Տավուշի իշխանություն
խմբագրելՏաշիր-Ձորագետի թագավորության անկումից հետո Աբասը հաստատվում է Տավուշում, իսկ նրա եղբայր Դավիթը՝ Մածնաբերդում։ Այսպիսով, Գուգարքից Բագրատունիները վերջնականապես նահանջում են Ուտիք՝ Շակաշեն և Գարդման՝ Լոռին, Ջավախքը և Կղարջքը թողնելով վրաց Բագրատիոնի թագավորների տիրույթներում։ Տավուշի իշխանությունը գոյատևում է 3 տասնամյակ՝ 1113-1145 թվականներին, իր գոյության ամբողջ ընթացքում պայքարելով Գանձակի ամիրայի դեմ։
Իշանության մայրաքաղաքը Տավուշ բերդ-ավանն էր։ Աբաս իշխանը, որը փաստորեն, Տավուշի առաջին և վերջին իշխանն էր, մասնակցել է Աղվանքի կաթողիկոս Գրիգոր Ա-ի ձեռնադրմանը։ Իշխանությունը նվաճվել է Գանձակի ամիրայի զորքերի կողմից, և Աբասը հեռացել է եղբոր մոտ՝ Մածնաբերդ։ Ավելի ուշ, երբ վրացական բանակի հայ զորահրամանատարներ Զաքարե ամիրսպասալարը և Իվանե աթաբեկը ազատագրում են Արևելյան Հայաստանի տարածքների մեծ մասը, այդ թվում՝ Տաշիր-Ձորագետի, Սյունիքի և Կարսի թագավորությունները։ Նշված տարածքներում հաստատվում են նոր իշխաններ կամ նախկին թագավորական տների շառավիղներ։ Զաքարյանների մի ճյուղը՝ Վահրամյանները, հաստատվում են Տավուշի Գագ ամրոցում՝ նախկին Կյուրիկյանների տիրույթում։
Մածնաբերդի իշխանություն
խմբագրելՄեծ Հայքի Ուտիք նահանգի արևմտյան մասում, 12-13-րդ դարերում Կյուրիկե Գ-ի որդի Դավիթը (1113-1145) հիմնում է Մածնաբերդի իշխանությունը։ Այդ ճյուղը Հայաստանի ավատատիրական տներից էր, ենթակա Զաքարյանների գերիշխանությանը և քաղաքական կապեր ուներ հարևան իշխանությունների՝ Տավուշի, Հաթերքի, Նոր-բերղի տերերի ու վրացի Օրբելիների հետ։ Փաստորեն՝ դա նախկին Տաշիր-Ձորագետի թագավորության արևելյան հատվածն էր, քանի որ արևմտյան հատվածը՝ Լոռին, նվաժվել էր վրաց Բագրատունի թագավորների կողմից։
12-րդ դարի առաջին կեսին Մածնաբերդի իշխանության պայքարի մեջ էր Գանձակի սելջուկ ամիրայության դեմ։ Դավթի հաջորդներ Կյուրիկեի (1145-1170) և Աբաս (1170-1176) Ժամանակաշրջանից Մածնաբերդի իշխանության մասին տեղեկությունները սուղ են։
12-րդ դարի վերջին Նոր-բերղի Կյուրիկյանները փորձել են Աղսարթան Ա-ից (1176 թվականից) խլել Մածնաբերդը, բայց՝ ապարդյուն։ 1236 թվականին, Աղսարթան Բ-ի օրոք, Մածնաբերդը ժամանակավորապես նվաճել են մոնղոլները։ 1250-ական թվականներին մոնղոլական արշավանքներին (Նփրկերտ, Բաղդադ) մասնակցել է Թաղիադինը, որի որդի Սարգիսը Մածնաբերդի իշխանության մեջ հայտնի վերջին տիրակալն է։ Մածնաբերդի Կյուրիկյանները մասնակցել են նաև հայ հոգևոր-մշակութային կյանքին (Աբասի քույր Մարիամը կառուցել է տվել Քոբայրի եկեղեցին և այլն)։ Մածնաբերդի իշխանությունը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջը։
Բագրատունի հարստության վերջին ճյուղի՝ Կյուրիկյանների վերջին ներկայացուցիչները իշխում են Նոր բերդում։ Նրանք հիշատակվում են Վասակ Ա և Դավիթ (12-րդ դար), Վասակ Բ (13-րդ դարի սկիզբ)։ Այսպիսով՝ փակվում է հայ Բագրատունիների թագավորական ու իշխանական պատմության վերջին էջը։
Կյուրիկյանների ցանկ
խմբագրելԱնունը | Իշխել է | Նշումներ |
---|---|---|
Կյուրիկե Ա | 982-989 | Սմբատ Տիեզերակալի եղբայրը, Տաշիր-Ձորագետի թագավոր |
Դավիթ Ա Անհողին | 989-1050 | Կյուրիկե Ա-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր |
Կյուրիկե Բ | 1050-1089 | Դավիթ Ա-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր |
Աբաս Ա | 1089-1113 | Կյուրիկե Բ-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր |
1113-1145 | Տավուշի իշխան | |
Դավիթ Բ | 1089-1113 | Կյուրիկե Բ-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր |
1113-1145 | Մածնաբերդի իշխան | |
Կյուրիկե Գ | 1145-1170 | Մածնաբերդի իշխան |
Աբաս Բ | 1170-1176 | Մածնաբերդի իշխան |
Աղսարթան Ա | 1176- | Մածնաբերդի իշխան |
Աղսարթան Բ | Մածնաբերդի իշխան | |
Թաղիադին Ա | Մածնաբերդի իշխան | |
Սարգիս Ա | Մածնաբերդի իշխան |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Մխիթարայ Այրիվանեցւոյ պատմութիւն Հայոց (այսուհետև` Մխիթար Այրիվանեցի), Մոսկվա, 1860, էջ 56։
- ↑ «Արարատ», 1897, -Գ, էջ 144, Մաշտոցի անվան Մատենադարան (այսուհետև` ՄՄ), ձեռ. −3031, էջ 38։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ասողիկ, էջ 256
- ↑ Մատթէոս Ուռհայեցի, էջ 88
- ↑ Սմբատ Սպարապետ, էջ 33
- ↑ Կ․ Կոստանեանց «Վիմական տարեգիր», էջ 23, Սանկտ Պետերբուրգ, 1913 թ
Աղբյուրներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 494)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |