Նուտացիա (ֆիզիկա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նուտացիա (այլ կիրառումներ)
Նուտացիա (լատին․՝ nutatio - տատանում), պինդ մարմնի շարժում, տեղի է ունենում պրեցեսիայի հետ միաժամանակ և ուղեկցվում է մարմնի սեփական պտույտի առանցքով և պրեցեսիայի առանցքով կազմված անկյան (նուտացիայի անկյուն) փոփոխությամբ։ Ծանրության ուժի ազդեցությամբ շարժվող գիրոսկոպի նուտացիայի դեպքում գիրոպկոպի առանցքը կատարում է այնպիսի տատանումներ, որոնց ամպլիտուդը և պարբերությունը հակադարձ համեմատական են, իսկ հաճախականությունը՝ ուղիղ համեմատական սեփական պտտման անկյունային արագությանը։ Դիրոսկոպային համակարգի նուտացիա ասելով հասկանում են համակարգի վիճակը որոշող անկյունների այն պարբերական փոփոխությունը, որը տեղի է ունենում փոքր ամպլիտուդներով և մեծ հաճախականություններով։ Շփման հետևանքով նուտացիոն տատանումները հաճախ մարում են, որից հետո գիրոսկոպը (կամ գիրոսկոպային համակարգը) կատարում է զուտ պրեցեսիոն շարժում։ Նուտացիան աստղագիտության մեջ, Երկրի պտտման առանցքի ոչ մեծ տատանումներ։ Հայտնաբերել է Զ․ Բրադեյը 1737 թվականին։ Այս տատանումները հետևանք են հասարակածի նկատմամբ Լուսնի ու Արեգակի ունեցած դիրքի և Երկրից դրանց ունեցած հեռավորությունների փոփոխությունների, որոնք որոշ պարբերություններով, փոխում են Լուսնի ու Արեգակի ազդեցությունը Երկրի պտտման առանցքի դիրքի վրա։ Նուտացիոն ամենամեծ տատանման պարբերությունը հավասար է լուսնային հանգույցների (Լուսնի ուղեծրի և խավարածրի հատման կետեր) բոլորման պարբերությանը՝ 18,6 տարվա։ Դրա հետևանքով Երկրի առանցքի ծայրը այդ ժամանակամիջոցում գծում է 9,2 " և 6,9 " կիսառանցքներ ունեցող էլիպս։ Պրեցեսիայի և Նուտացիայի համատեղ ազդեցությամբ աշխարհի առանցքը տարածության մեջ, 26000 տարի պարբերությամբ, գծում է 23°27՝ շառավղով, գրեթե շրջանային, ալիքավոր կոնական մակերևույթ։ Նուտացիայի հետևանքով փոխվում են երկնային լուսատուների կոորդինատները։
Արտաքին հղումներ
խմբագրել- Rotation in space - The Feynman Lectures on Physics
- Feynman's Tips on Physics - Dynamical Effects and Their Applications: Earth’s nutation
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 406)։ |