Նուրբանու Սուլթան
Աֆիֆե Նուրբանու Սուլթան (թուրքերեն՝ Afife Nûr-Banû Sultan, օսման.՝ نور بانو سلطان, 1525[1], Պարոս (կղզի), Paros Municipality, Paros Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - դեկտեմբերի 7, 1583, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հարճ, ապա օսմանյան սուլթան Սելիմ II-ի կինը (կրել է հասեկի տիտղոսը), Մուրադ III-ի մայրը, կանանց սուլթանատի շրջանի առաջին վալիդե սուլթանը։
Նուրբանու Սուլթան թուրքերեն՝ Nurbanu Sultan օսման.՝ نور بانو سلطان | ||
Նուրբանուի թաղումը. Մանրանկար Սեիդ Լոքմանի «Շեխինշահնամե»–ից, 1592 թվական | ||
| ||
---|---|---|
1574թվականի դեկտեմբերի 15 - 1583թվականի դեկտեմբերի 7 | ||
Նախորդող | Հաֆսա Սուլթան | |
Հաջորդող | Սաֆիե Սուլթան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ստրուկ | |
Դավանանք | Իսլամ | |
Ծննդյան օր | 1525[1] | |
Ծննդավայր | Պարոս (կղզի), Paros Municipality, Paros Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան | |
Վախճանի օր | դեկտեմբերի 7, 1583 | |
Վախճանի վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն | |
Թաղված | Սուրբ Սոֆիայի տաճար | |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն | |
Ամուսին | Սելիմ II | |
Զավակներ | Շահ Սուլթան, Մուրադ III, Էսմեհան Սուլթան, Գևխերհան Սուլթան, Ֆաթմա Սուլթան | |
Նուրբանուն ենթադրաբար սերել է Վենետիկի երկու նշանավոր ընտանիքներից և 12 տարեկանում առևանգվել է օսմանյան ծովակալի կողմից։ Սուլթանական հարեմում հայտնվելուց կարճ ժամանակ անց Նուրբանուն դարձել է սուլթան Սուլեյման I–ի ժառանգորդի՝ շեհզադե Սելիմի հարճը։ Երկար տարիներ, մինչև Սելիմի գահ բարձրանալը, Նուրբանուն եղել է շեհզադեի միակ ֆավորիտը և նրա միակ որդու՝ շեհզադե Մուրադի մայրը։ Շեհզադե Մուրադի գահ բարձրանալուց հետո Նուրբանուին շնորհվել է վալիդեի կոչում և վերապահվել սահմանված արտոնություններ։ Բացի այդ, մնացած ողջ կյանքը նա որդու գլխավոր քաղաքական խորհրդականն է եղել։ Նուրբանուն մահացել է իր հզորության գագաթնակետին, 1583 թվականին Ստամբուլում և թաղվել ամուսնու կողքին Այա Սոֆյա մզկիթում։
Ծագում
խմբագրելՀիմնական է համարվում Վենետիկի երկու ազնվական ընտանիքներից Նուրբանուի ծագման վարկածը[2]․ նրա հայրը եղել է Նիկոլո Վենյերը՝ Վենետիկին պատկանող հունական Պարոս կղզու նահանգապետը և Վենետիկի դոժ Սեբաստիանո Վենյերի հարազատ եղբայրը, մայրը՝ Վիոլանտ Բաֆոն էր։ Սեսիլիա Վենյեր-Բաֆո անունով աղջիկը[2][3], համարվել է ապօրինածին[2], քանի որ նրա ծնողները ամուսնացած չեն եղել։ Բացի այդ, որոշ պատմաբաններ նշել են, որ Նիկոլոյի և Վիոլանտի ենթադրյալ դստեր անունը Օլիվիա է եղել[4]։
Այլ վարկածների համաձայն՝ Նուրբանուն կարող էր հրեա լինել[5][6] Նասիի ընտանիքից[7] կամ հույն՝ Կորֆու կղզուց[8][9]։
Ժառանգորդի հարճ
խմբագրել1537 թվականին, երբ ծովահեն ու ծովակալ Հայր–ադ–դին Բարբարոսան գրավեց Պարոսը, 12-ամյա[3] աղջիկը հայտնվեց ստրկության մեջ։ Նա Բարբարոսայի կողմից, որպես ստրկուհի, Ստամբուլում հանձնվել է սուլթանական հարեմ[8], որտեղ դարձել է շեհզադե Սելիմի հարճը։ 1543 թվականին Նուրբանուն, հավանաբար, ուղեկցել է Սելիմին Կոնիայում, որտեղ նա զբաղեցնում էր էյալեթի սանջակբեյի (փաշայի) պաշտոնը։ Այստեղ 1544 թվականին Նուրբանուն ծնել է իր առաջնեկին՝ Շահ Սուլթան դստերը, իսկ հետո, երկու տարի անց, որդուն՝ Մուրադին։ Ինչպես նշել է Լեսլի Փիրսը, Մուրադը Սելիմի միակ որդին էր, որը ծնվել էր մինչև նրա գահակալությունը, 1566 թվականին[2]։
Ինչպես գրել է Վենետիկի դեսպանը, սանջակբեյ եղած ժամանակ Սելիմը շատ «վավաշոտ» էր, սակայն եթե անգամ նա այլ հարճեր էլ է ունեցել, ապա այդ ընթացքում միայն Նուրբանուն է ծննդաբերել։ Նա Սելիմի առնվազն չորս երեխաների մայրն էր. բացի Շահ Սուլթանից և Մուրադից, նա ունեցել է ևս երկու դուստր՝ Գևխերհանը և Էսմեհանը, որոնք ծնվել են առաջին դստեր և որդու լույս աշխարհ գալու միջև ընկած ժամանակաշրջանում։ Սելիմի վերջին զավակը, որը ծնվել է մինչև նրա գահակալությունը, եղել է Ֆաթմա Սուլթանը, ով լույս աշխարհ է եկել մոտավորապես 1559 թվականին, նրա մայրը նույնպես համարվում է Նուրբանուն[2]։
Սուլթանի ֆավորիտ
խմբագրել1558 թվականին շեհզադե Մուրադը նշանակվել է Աքշեհիրի սանջակբեյի պաշտոնում։ Ավանդույթի համաձայն, շեհզադեի մայրը պարտավոր էր նրա հետ մեկնել էյալեթ, որտեղ պետք է կատարեր այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են սուլթանին կից վալիդեի գործառույթները։ Սակայն Նուրբանուն, ինչպես և նախկինում Սելիմի մայրը՝ Հյուրեմը, չի մեկնում սանջակ, այլ մնում է ամուսնու կողքին։ Երբ Սելիմը դառնում է սուլթան, իսկ Մուրադը տեղափոխվում է Մանիսա, Նուրբանուն, հակառակ սպասումների, մեկնում է Ստամբուլ[10]։
Մինչև Սելիմի գահ բարձրանալը, Նուրբանուն նրա միակ ֆավորիտն է եղել։ Քանի որ սուլթանի՝ միայն մեկ որդի ունենալը բարդ դրության մեջ էր դնում դինաստիան, Սելիմը ևս մի քանի ֆավորիտուհի է ունեցել, որոնք նրա համար, ըստ տարբեր տվյալների, լույս աշխարհ են բերել հինգից[11] մինչև իննը[12] որդիներ․ Լեսլի Փիրսի կարծիքով՝ կառավարման ութ տարիների ընթացքում Սելիմը վեց որդիների հայր է դարձել, որոնցից մեկը մահացել է դեռևս հոր կենդանության օրոք (ենթադրաբար դա եղել է շեհզադե Մեհմեդը, որը թաղվել է Հյուրեմ Սուլթանի դամբարանում[13]), հայտնի է նաև Սելիմի չորս հարճերի մասին, որոնք նրա կառավարման վերջում նույնպես որդիներ են ծնել[2]։ Ընդ որում, նա, հավանաբար, պահպանել է «մեկ ֆավորիտ՝ մեկ որդի» սկզբունքը[2]։
Այն փաստը, որ Սելիմի գահ բարձրանալուց հետո Նուրբանուն ոչ մի երեխա չի ունեցել, կարող է խոսել այն մասին, որ նա դադարել է լինել սուլթանի սեքսուալ պարտնյորը, սակայն նա պահպանել է գլխավոր ֆավորիտի կարգավիճակը, քանի որ հենց նրա որդին է հռչակվել գահի ժառանգորդ։ Մայրաքաղաք տեղափոխվելուց հետո Նուրբանուի վիճակը պալատում բարդ է եղել. նա պետք է գլխավորեր սուլթանական հարեմը՝ չունենալով ազդեցիկ հովանավորներ և հաստատված կապեր։ Վենետիկի դեսպանների փոխանցած տեղեկությունների համաձայն՝ առաջին տարիներին մայրաքաղաքում Նուրբանուի հեղինակությունը բացառապես հենվել է նրա հանդեպ Սելիմի տածած սիրո վրա[11]։
Իր հոր նման Սելիմը որոշել է պաշտոնապես ամուսնանալ։ Ջակոմո Ռագացցոնին վենետիկյան սենատին 1571 թվականին ուղղված իր զեկույցում գրել է՝ «22 տարեկան Ամուրադ Սուլթանը [Մուրադ, Սելիմի ավագ որդին] տաղանդավոր է և լավ կրթված, ուշադիր հետևում է կրոնական ծիսակատարություններին, ուստի շատ սիրելի է բոլորի և իր հոր՝ Մեծ Սենյորի կողմից՝ ի հեճուկս օսմանների ավանդույթների։ Վեց ամիս առաջ նրա հայր Սենյորը, որպես սիրո նշան, չեբին է արել, ինչը նշանակում է, որ նա օրինական կնոջ է վերցրել [արքայազնի] մորը՝ չերքեշենկային [sic], և նրան 110 հազար դուկատ օժիտ է տվել՝ ցանկանալով գերազանցել իր հորը, որը Սելիմի մորը օժիտ էր տվել միայն 100 հազար»[14]։ Ինչպես Սուլեյմանի և Հյուրեմի հարսանիքը, այնպես էլ Սելիմի և Նուրբանուի ամուսնական արարողությունը ոչ մի կերպ չի լուսաբանվել օսմանյան աղբյուրներում[15], ինչը, հավանաբար, պայմանավորված է եղել նման ամուսնությունների՝ օսմանյան պալատական ավանդույթներին հակասությամբ։
Սելիմ II-ի կառավարման վերջում Նուրբանուն օրական ստացել է 1100 ակչեի չափով ռոճիկ, մինչդեռ սուլթանի մյուս ֆավորիտները ստանում էին միայն քառասուն ակչեն[16], որդու կառավարման ժամանակ Նուրբանուն օրական մոտ 2 հազար ակչե էր ստանում, ինչը ամբողջ կայսրության ամենաբարձր ռոճիկն էր և երեք անգամ գերազանցում էր սուլթանի ռոճիկը[17][8]։
Սուլթանի մայր
խմբագրելՆուրբանուի ամուսինը մահացել է 1574 թվականին, և գահին է նստել նրա 28-ամյա որդին՝ Մուրադը, իսկ ինքը՝ Նուրբանուն արժանացել է վալիդե սուլթանի տիտղոսին և նրան հասանելիք արտոնություններին։ Նա առաջինն է սկսել պաշտոնապես օգտագործել այս տիտղոսը[8]։ Դառնալով նոր սուլթանի մայրը՝ Նուրբանուն սկսել է ակտիվ նամակագրություն վարել օտարերկրյա ղեկավարների հետ։ Այսպես, երկար տարիներ, ընդհուպ մինչև իր մահը, Նուրբանուն պարբերաբար նամակներ է ուղարկել, ինչպես նաև նվերներ է փոխանակել ֆրանսիացի թագավորների մոր՝ Եկատերինա Մեդիչիի հետ[18]։ Համարվում է, որ Նուրբանուն կողմնակից է եղել վենետիկամետ, և, հետևաբար, խիստ հակագենուեզական քաղաքականությանը։ Դրա պատճառով նույնիսկ լուրեր են պտտվել, որ նրան թունավորել է գենուեզական դեսպանը[19]։ Մուրադը հենվել է մոր աջակցության վրա, ով հսկայական հեղինակություն է վայելել ընդհուպ մինչև իր մահը՝ 1583 թվականը։ Պետության մեջ նման իրավիճակը շատերին, և առաջին հերթին նոր մեծ վեզիր Սինան փաշային չի գոհացրել․ վերջինս այդ պաշտոնը զբաղեցրել է 1580 թվականին Նուրբանուի փեսայի մահից հետո։ Սուլթանի մոր և մեծ վեզիրի հակամարտությունը ավարտվել է Նուրբանուի մահից մեկ տարի առաջ․ Սինան փաշան հեռացվել է պաշտոնից և արտաքսվել մայրաքաղաքից, և, ինչպես գրել է Վենետիկի դեսպան Կոնտարինին, Մուրադ III-ի մայրը մեղսակից է եղել այդ պաշտոնանկությանը, իսկ նրա նպատակն էր այդ պաշտոնին նստեցնել իր դրածոյին։ Սուլթանի մոր և մեծ վեզիրի դիմակայության ավարտից հետո սկսվել է նորը՝ Մուրադ III-ի մոր և նրա ֆավորիտուհու միջև[20]։
Իր հոր նման Մուրադը սկզբում հարաբերություններ ուներ միայն մեկ հարճի՝ Սաֆիեի հետ, որի և Նուրբանուի միջև 1583 թվականին հակամարտություն էր սկիզբ առել։ Նուրբանուին ի սկզբանե դուր չէր եկել հավակնոտ Սաֆիեն, քանի որ նա իր ընտրությունը չէր. աղջիկը գնվել է Միհրիմահ Սուլթանի՝ Սելիմի քրոջ կողմից․ վերջինս աղջկան 1563 թվականին նվիրել է իր զարմիկին[21]։ Նուրբանուն խորհուրդ է տվել որդուն այլ հարճեր ևս պահել՝ ի բարօրություն դինաստիայի, քանի որ 1581 թվականի դրությամբ կենդանի էր մնացել միայն մեկ շեհզադե՝ Մուրադի և Սաֆիեի որդին՝ Մեհմեդը[22]։ Սաֆիեի ծնած մյուս որդիները մահացել էին վաղ մանկությունից՝ ծնվելուց հետո կամ շատ չանցած։ 1583 թվականին Նուրբանուն Սաֆիեին մեղադրել է կախարդության մեջ, իբր Մուրադը այդ կախարդությամբ իմպոտենտ է դարձրել և անկարող է նոր ունենալ[23], Սաֆիեի մի քանի ծառաների ձերբակալվել և խոշտանգվել են[24]։ Դրանից կարճ ժամանակ անց Մուրադի քույրը՝ Էսմեհան Սուլթանը, եղբորը երկու գեղեցիկ ստրկուհիներ է նվիրել, որոնց նա ընդունել և դարձրեց իր հարճերը։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Մուրադը քսան որդիների և քսանյոթ դուստրերի հայր է դարձել[15]։ Մուրադի կառավարման առաջին կեսին նրա հարեմում կանանց թիվը կրկնապատկվել է՝ գերազանցելով հարյուրը։ Նուրբանու Սուլթանին ավելի հարմարավետ բնակարաններ տրամադրելու և նոր հարճերի ու աղախինների բնակության համար տեղերի քանակը մեծացնելու համար Մուրադը հրամայել է վերակառուցել և ընդլայնել հարեմի ննջարանները[25]։
Մահ
խմբագրելՆուրբանուն մահացել է 1583 թվականի դեկտեմբերին։ Հատուկ պատվի չարժանանալով կենդանության օրոք՝ նա դրան արժանացել է հետմահու․ Մուրադ III-ը շքեղ թաղում է կազմակերպել մոր համար․ կնոջ թաղումը պատկերված է Սեիդ Լոքմանի մանրանկարներից մեկում՝ Օսմանյան կայսրությունում միակը համարվող մանրանկար «Շեխինշահնամեում»։ Սուլթանը մեկն էր այն մարդկանցից, ովքեր վալիդեի դագաղը տանում էին Մեհմեդ Նվաճողի մզկիթ, որտեղ պետք է թաղման աղոթք կարդային։ Հենց այդ՝ պալատից ամենահեռավոր սուլթանական մզկիթներից մեկի ընտրությունը գիտակցաբար էր արվել. այդպիսով Մուրադը հույս ուներ, որ իր մոր հոգու համար ավելի շատ մարդ է աղոթելու, քան դա կարող էր լինել մոտակա մզկիթներում։ Չորս օր շարունակ Ղուրան էին կարդում, և չորս օր բարձրաստիճան պաշտոնյաներն ու կրոնական գործիչները գալիս էին Նուրբանուի դագաղի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու նրան։ Մուրադ III–ի կարգադրությամբ մայրը թաղվել է Այա Սոֆիա մզկիթում՝ հոր կողքին։ Այսպիսով, Նուրբանուն դարձել է սուլթանի առաջին հարճը, որը թաղվել է իր ամուսնու կողքին։ Այդ արարքով Մուրադն իր վալիդեին ճանաչել է իշխող դինաստիայի լիիրավ անդամ, և ընդգծել իր ծագումը ինչպես սուլթան Սելիմ II–ից, այնպես էլ Նուրբանու Սուլթանից[26]։ Նուրբանուի հուղարկավորությունը փոխել է դինաստիայի անդամների թաղման ավանդույթը, ըստ որի սուլթանները եղել են իրենց դամբարանների միանձնյա «տերերը», իսկ նրանց ժառանգները, կանայք և մայրերը թաղվել են առանձին (բացառություն է եղել Միհրիմահը, ով թաղվել է 1578 թվականին հոր կողքին, որով ընդգծվել է սուլթանի միակ դստեր հատուկ կարգավիճակը)[27]։
Սուլթանների կանանց և մայրերի առանձնաշնորհներից մեկը մզկիթների կառուցումն էր։ Աթիկ Վալիդե մզկիթը պատվիրվել է հայտնի ճարտարապետ Սինանին Նուրբանուի կողմից, կառուցումն ավարտվել է նրա մահվան տարում։ Աթիկ Վալիդեն դարձել է կնոջ կողմից կառուցված առաջին մզկիթը՝ երկու մինարեթներով[26]։
Կինոմարմնավորում
խմբագրել- Թուրքական «Հոյակապ դար» սերիալում Նուրբանու Սուլթանի դերը կատարել է դերասանուհի Մերվե Բոլուգուրը[28]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Peirce, 1993, էջ 92
- ↑ 3,0 3,1 Goodwin, 2006, էջ 128
- ↑ Heuberger, Humbert, Vyslonzil, 2001, էջ 68
- ↑ Shaw & Shaw, 1976, էջ 178
- ↑ Altınay, 2013, էջ 95
- ↑ Uluçay, 2011, էջ 68
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Финкель, 2012, էջ 231
- ↑ Arbel, Benjamin Nur Banu (c. 1530-1583): A Venetian Sultana?(անգլ.) // Turcica. — 1992. — Т. 24. — С. 241—259.(չաշխատող հղում)
- ↑ Peirce, 1993, էջ 121
- ↑ 11,0 11,1 Peirce, 1993, էջ 93
- ↑ Финкель, 2012, էջ 229
- ↑ Bahadıroğlu, 2014
- ↑ Peirce, 1993, էջեր 93—94
- ↑ 15,0 15,1 Peirce, 1993, էջ 94
- ↑ Peirce, 1993, էջեր 108, 129
- ↑ Peirce, 1993, էջ 126
- ↑ Thys-Şenocak, 2006, էջ 58
- ↑ Фрили, 2013, էջ 62
- ↑ Peirce, 1993, էջ 91
- ↑ Pedani, Maria Pia Safiye's Household and Venetian Diplomacy // Turcica : journal. — 2000. — Т. 32. — С. 11. — ISSN 0082-6847. —
- ↑ Peirce, 1993, էջ 95
- ↑ Фрили, 2013, էջեր 6—9
- ↑ Pedani, Maria Pia Safiye's Household and Venetian Diplomacy // Turcica : journal. — 2000. — Т. 32. — С. 13. — ISSN 0082-6847. —
- ↑ Финкель, 2012, էջ 232
- ↑ 26,0 26,1 Peirce, 1993, էջ 189
- ↑ Peirce, 1993, էջ 190
- ↑ Великолепный век(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Գրականություն
խմբագրել- Финкель, Кэролайн История Османской империи: Видение Османа. — М.: АСТ; Астрель, 2012. — 829 с. — ISBN 978-5-17-043651-4
- Фрили, Джон Тайны Османского двора. Частная жизнь султанов. — М.: Алгоритм, 2013. — ISBN 978-5-4438-0414-9
- Altınay, Ahmed Refik Kadınlar saltanatı. — BookCase Yayınevi, 2013. — 399 p. — ISBN 6055190028, 9786055190026
- Bahadıroğlu, Yavuz Osmanlı'da Şehzade Katli. — Nesil Basım Yayın Gıda Ticaret ve Sanayi A.Ş, 2014. — 256 с. — ISBN 6051622187, 9786051622187
- Goodwin, Godfrey The Private World of Ottoman Women. — Saqi, 2006. — 261 p. — ISBN 0863567452, 9780863567452
- Heuberger, Valeria; Humbert, Geneviève; Vyslonzil, Elisabeth Cultures en couleurs: l'héritage des Empires Ottoman et Austro-Hongrois en Orient et en Occident. — P. Lang, 2001. — 97 p. — ISBN 0820454036, 9780820454030
- Peirce, Leslie P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — Oxford: Oxford University Press, 1993. — 374 p. — ISBN 0195086775, 9780195086775
- Shaw, Stanford J.; Shaw, Ezel Kural History of the Ottoman Empire and Modern Turkey. — Cambridge University Press, 1976. — Т. 1. — 368 p. — ISBN 0521291631, 9780521291637
- Thys-Şenocak, Lucienne Ottoman Women Builders: The Architectural Patronage of Hadice Turhan Sultan. — Aldershot: Ashgate, 2006. — 326 p. — ISBN 0754633101, 9780754633105
- Uluçay, M. Çağatay Padişahların Kadınları ve Kızları. — Ötüken, 2011. — 312 p. — ISBN 9754378401, 9789754378405