Նվեր Սաֆարյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նվեր Սաֆարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նվեր Գևորգի Սաֆարյան (հոկտեմբերի 10 (23), 1907[1], Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - սեպտեմբերի 28, 1982[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ականավոր ռազմական գործիչ, ԽՍՀՄ գեներալ-մայոր (1943 թ․)։ ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ 1930 թվականից, ՀՍՍՀ VII գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ աստիճանի, Կուտուզովի 2-րդ աստիճանի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945 թթ.), եղել է 89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատար։ 89-րդ դիվիզիան անցել է 3.700 կիլոմետր մարտական ուղի (Հյուսիսային Կովկասից մինչև Բեռլին) և նրա հրամանատարությամբ մասնակցել Բեռլինի ճակատամարտին։
Նվեր Սաֆարյան | |
---|---|
հոկտեմբերի 10 (23), 1907[1] - սեպտեմբերի 28, 1982[1] (74 տարեկան) | |
Ծննդավայր | Արճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Հրամանատարն էր | 295th Motor Rifle Division? և 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ, Q4329634?, Սևաստոպոլի պաշտպանություն, Կովկասի ճակատամարտ, Battle of Rostov?, Դոնբասի ռազմական գործողություն, Novorossiysk landing operation?, Ղրիմի օպերացիա, Լվով-Սանդոմեժ օպերացիա, Պրահայի օպերացիա և Բեռլինի ճակատամարտ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1940)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ հորը կորցնելուց հետո մայրը երկու երեխաների հետ տեղափոխվում է Էջմիածին, որտեղ և հիվանդությունից մահանում է 1919 թվականին։ Մոր մահից հետո Նվերը հայտնվում է Օշականի որբանոցում և 12 տարեկանից սկսած ստիպված էր իր մի կտոր հացը վաստակել սեփական քրտինքով։
Այնուհետ ընդունվում է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ զինվորական դպրոցը և ավարտում այն 1927 թվականին, 1940 թվականին՝ Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1927 թվականից եղել է Կ․ Ե․ Վորոշիլովի անվան հայկական լեռնահրաձգային դիվիզիայի 3-րդ գնդի դասակի, 1933 թվականից՝ վաշտի հրամանատար, 1940 թվականին նշանակվել է Կիևյան հատուկ զինվորական օկրուգի 58-րդ դիվիզիայի 170-րդ գնդի շտաբի պետ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին գերմանա-ֆաշիստական զավթիչների դեմ կռվել է սահմանամերձ Նադվորնայա քաղաքի շրջանում։ 1941 թվականի հոկտեմբերին նշանակվելով 218-րդ հրաձգային դիվիզիայի 658-րդ գնդի շտաբի պետ (նոյեմբերին՝ հրամանատար), այնուհետև մասնակցել է ուկրաինական Դնեպրոպետրովսկ, Ստալինո քաղաքների պաշտպանությանը, աչքի ընկել հատկապես Վորոշիլովգրադի շրջանում մղված մարտերում։ 1942 թվականի հունիսի 15-ից եղել է 295-րդ դիվիզիայի հրամանատարը, մարտնչել Կովկասի պաշտպանների շարքերում։
Նվեր Սաֆարյանի անունն անխզելիորեն կապված է հայկական 89-րդ (հետագայում՝ Թամանյան) դիվիզիայի հետ, որի հրամանատարությունը 1943 թվականի փետրվարի 13-ին ստանձնելուց հետո, սեպտեմբերից մասնակցել է Նովոռոսիյսկի, Թամանի թերակղզու, 1944 թվականի ապրիլից՝ Կերչի և Սևաստոպոլի, այնուհետև՝ Լեհաստանի ազատագրմանը, 1945 թվականի ապրիլին՝ Ֆրանկֆուրտի, ապա նաև Բեռլինի գրավմանը։ Դիվիզիան հրատարակում էր իր «Կարմիր մարտիկ» հայալեզու թերթը։
Բեռլինի գրավումը դիվիզիան նշել է Ռայխստագի մատույցներում հայկական Քոչարի հաղթական պարով։
1949 թվականին վատառողջության պատճառով զորացրվել է։
Նրա անունով են կոչվում Երևանի թիվ 164 դպրոցը[2] և Երևանի Սաֆարյան փողոցը[3]։ Նվեր Սաֆարյանի անձնական իրերն ու զինվորական արտահագուստը ցուցադրված են ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմապատմական և Հայաստանի պատմության թանգարաններում։ 1975 թվականին նկարահանվել է «Նվեր Սաֆարյան» փաստավավերագրական ֆիլմը[4], որում ներկայացված են նրա անցած ուղին և կյանքի վերջին տարիների դրվագները։
Գրականություն
խմբագրել- Վ․ Զաքարյան, «Գեներալ Նվեր Սաֆարյան», Երևան, 1978։
- Ա․ Ղազարյան, «Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր», գիրք 1, Երևան, 1979։
Պատկերասրահ
խմբագրել-
Հուշատախտակ Նվեր Սաֆարյանի տան պատին
-
Նվեր Սաֆարյանի կիսանդրին նրա անվան Երևանի թիվ 164 դպրոցի բակում
-
89-րդ (Թամանյան) դիվիզիայի հրամանատարներ Անդրանիկ Սարգսյան և Նվեր Սաֆարյան, 1995 թ․ Հայաստանի նամականիշ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 254.
- ↑ Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոց
Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 դպրոցը հիմնադրվել է 1973 թ.: Հայրենական մեծ պատերազմի ականավոր զորավարի անունով կոչվել է 2005 թ.: Գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում` 2-րդ զանգվածի Վահան Թոթովենցի 7 հասցեում։ - ↑ Սաֆարյան փողոց — am.geoview.info
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 3-րդ զանգվածների միջև։ Սկսվում է Գայի անվան պողոտայից և ունի 390 մ երկարություն։ - ↑ Նվեր Սաֆարյան, փաստավավերագրական ֆիլմ, ԵՓՖՍ, 1975 թ․ Արխիվացված 2014-02-06 Wayback Machine
Թամանյան դիվիզիայի լեգենդար հրամանատար, գեներալ Նվեր Սաֆարյանի մասին։ Կյանքի վերջին նկարահանումները։ 1975 թ.։ Երևանի Փաստավավերագրական ֆիլմերի ստուդիա, 10 րոպե (274 մ), սև/սպիտակ։ Սցենարի հեղինակ Վ. Բալայան, ռեժիսոր Ս. Փոշոտյան, օպերատոր Բ. Հովսեփյան։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվեր Սաֆարյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվեր Սաֆարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 254)։ |