Շամբոր (ֆր.՝ Château de Chambord), Լուարայի հովտի դղյակներից մեկը։ Կառուցվել է Ֆրանցիսկոս I արքայի հրամանով, ով ցանկանում էր ավելի մոտ գտնվել մոտակայքում ապրող սիրած կնոջը` Տուրի կոմսուհուն։

Շամբոր
ֆր.՝ Château de Chambord
Նկարագրություն
Տեսակշատո
ՏեղագրությունԼուար և Շեր
Վարչական միավորChambord?[1][2], Muides-sur-Loire?[1], Neuvy?[1], Saint-Dyé-sur-Loire?[1], Thoury?[1], Tour-en-Sologne?[1], Maslives?[1] և Յույսո-սյուր-Կոսոն[1]
ԵրկիրՖրանսիա
Համալիրի մասDomaine national de Chambord?
Կազմված է մասերիցchapelle du château de Chambord?, Hunts of King Francis? և Q61386766?
Կառուցված1519-1547
ՃարտարապետPierre Nepveu? և Jacques Sourdeau?
ՊատվիրողՖրանցիսկ I
Ճարտարապետական ոճՎերածննդի դարաշրջանի ֆրանսիական ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Ֆրանսիայի թագավորություն, Ֆրանսիայի չորրորդ հանրապետություն, Առաջին ֆրանսիական հանրապետություն, Louis-Alexandre Berthier, Prince of Neufchatel and of Wagram?, Prince Henri, Count of Chambord?, House of Bourbon-Parma?, Առաջին ֆրանսիական կայսրություն և Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետություն
Կայքchambord.org
Քարտեզ
Քարտեզ
 Château de Chambord Վիքիպահեստում

Շինարարությունը ընթացել է 1519-1547 թվականներին Կոսոն գետի (ֆր.՝ Cosson) ոլորանի մոտ. գետը ֆրանսիական Լուար և Շեր դեպարտամենտի մոտ թափվում է Լուարա գետը։

Ճարտարապետություն

խմբագրել

Շամբորը Ֆրանսիայի ամենաճանաչելի դղյակներից է, Վերածննդի դարաշրջանի ճարտարապետական գլուխգործոց։ Ճակատային մասի երկարությունը 156 մ է, լայնությունը` 117 մ։ Դղյակն ունի 426 սենյակ, 77 աստիճանաշար, 282 բուխարի, 800 գեղազարդ խոյակ։

Ճարտարապետի անունը հայտնի չէ, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ նախագծմանը իր մասնակցությունն է ունեցել Լեոնարդո դա Վինչին, ով այդ ժամանակ Ֆրանցիսկոս I-ինի պալատական ճարտարապետն էր, սակայն մահացել է շինարարությունն սկսվելուց 1-2 ամիս անց։ Նախագծման մասնակից է եղել նաև Բոկադոր մականունով հայտնի ճարտարապետ Դոմենիկո դա Կորտոնան։

Գրող Հենրի Ջեյմսը նշել է, որ դղյակի գմբեթները, ճակտոնները, ծխնելույզներն ավելի շատ նման են ամբողջ քաղաքի սրաձողերի, ոչ թե մեկ շինության ելուստների[3][4]։

Դղյակը նախագծվել է որպես կենտրոնական աշտարակի` դոնժոնի (ֆր.՝ donjon) շարունակություն։ Չնայած այն նախատեսված չի եղել հարձակումներից պաշտպանվելու համար, սակայն կառուցվել է միջնադարյան ամրոցների նմանությամբ։ Դոնժոնի ներսում բնակելի հինգ հարկեր են, որոնցից յուրաքանչյուրում կան 4 ուղղանկյուն և 4 կլորավուն սրահներ, սրահներն իրար կապող 4 միջանցքներ, որոնք ուղղված են դեպի կենտրոնի կրկնակի աստիճանները։ Արևմտյան մասում կառուցվել է մատուռ, որի շինարարությունն ավարտին է հասցրել Ժան լե Հումբլը (ֆր.՝ Jean le Humble)։ Մատուռի և սենյակների այսպիսի դասավորությունը բնորոշ չի եղել այն ժամանակներին. իր սենյակները կառուցել տալով Երուսաղեմի ուղղությամբ` արքան ցանկացել է ընդգծել իր թագավորությունում հոգևոր իշխանության` իրեն պատկանելը։

Ասում են, որ Ֆրանցիսկոս I-ինը իր ընկերոջ` Ժան լե Հումբլի հետ որոշել էր նույնիսկ փոխել Լուարայի հունը, որ այն հոսի ուղիղ դղյակի առջևով, սակայն հետո հրաժարվել է այդ գաղափարից։

 
Ֆրանցիսկոս արքայի խորհրդանշանը` սալամանդրի պատկերով

Ամրոցի կենտրոնական մասի կրկնակի գալարաձև աստիճանները Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործական մտքի արդյունք են. նույն ուղղությամբ պտտվող երկու աստիճանները կառուցված են այնպես, որ ոչ մի անգամ չեն հատվում, իսկ աստիճաններով իջնողը երբեք չի հանդիպում բարձրացողին և հակառակը։ Զարդաքանդակներով այդ աստիճանները տանում են դեպի ընդարձակ տեռաս, որ նույնպես Լեոնարդոյի մտքի արդյունքն է։ Աստիճաններից վեր խոյանում է փարոսի աշտարակը, որը տեսանելի է շենքի ներսից և ներքին հարկերից ևս։ Փարոսի աշտարակն ունի 32 մ բարձրություն. ամենավերևում ոչ թե սովորական խաչ է, այլ արքայական խորհրդանշան` շուշան։ Ոչ ոք չէր կարող վերև բարձրանալ բացի արքայից։

Երկրորդ հարկը աչքի է ընկնում արքայական խորհրդանշանը պատկերող տարբեր դրսևորումներով (F տառը թագով և սալամանդրով), որն ուղեկցվում է արքայի մոր` Լուիզա Սավոյացու խորհրդանշանով (հանգույցներով թելեր)։ Աստիճանների որոշ միացագրեր շրջված են և ուղղված դեպի երկինք, որպեսզի «Աստված վերևից տեսնի արքայի հզորությունը»։

Շինարարության պատմություն

խմբագրել

Շինարարությունն սկսվել է 1519 թվականին՝ դառնալով Վերածննդի ամենանշանավոր շինություններից մեկը։ Ասում են, որ շինարարության մեջ ընդգրկված է եղել 1700-1800 շինարար, պահանջվել է մոտ 220.000 տոննա տուֆ։ Շինարարության ընթացքը հեշտ չի եղել. շատերը մահացել են ճահճային տենդից։ Ատաղձագործները կաղնեփայտե հենարանները տեղադրել են 12 մ խորությամբ հիմքում։ 2007 թվականին կատարված աշխատանքների ժամանակ պարզվել է, որ հարավարևմտյան աշտարակը հենվում է կրաքարե ժայռին, որտեղ կան կլորավուն շինության հետքեր. այն հավանաբար եղել է միջնադարյան ամրոցի մնացորդը, որի հիմքի վրա էլ կառուցվել է ներկայիս ամրոցը[5]։

Սեն Դյե նավահանգստից սայլերով բերվել են շինարարական նյութեր, հատկապես սպիտակ ավազից պատրաստված քարերը, որոնք շատ փխրուն են եղել։ Քարտաշները կայուն աշխատավարձ չեն ունեցել. այն եղել է գործարքային։ Այդ պատճառով ամեն քարին նրանք թողել են իրենց աշխատանքը վկայող աննկատ հետքեր։ Այդպիսի «ստորագրությունը» թույլ է տվել հաշվել և գնահատել նրանց աշխատանքը։ Այժմ էլ այդպիսի հետքեր նկատվում են որոշ քարերի վրա։

 
Շամբորի արքայական դղյակը, XVI-րդ դար

Դղյակի սեփականության պատմություն

խմբագրել
 
Երկրորդ հարկում

1392 թվականին Օռլեանի հերցոգների ընտանիքը Բլոիսի կոմսից գնում է անտառուտ ընդարձակ տարածք Շամբորում։ Երբ 1498 թվականին Օռլեանի հերցոգը դառնում է Ֆրանսիայի թագավոր` Լյուդովիկոս XII-րդ անունով, Շամբորն էլ իր հերթին հռչակվում է արքայական սեփականություն։

1516 թվականին Ֆրանցիսկոս 1-ինը Լեոնարդո դա Վինչիի հետ վերադառնում է Իտալիայից` ցանկանալով իտալական վերածննդի ոճով շինություն կառուցել։ 1519 թվականին նա ընտրում է Շամբորը նախկին ամրոցի փոխարեն որսորդական ամրոց կառուցելու նպատակով։ 1526 թվականից սկսած` մոտ 1.800 շինարարներ լծվում են ամրոց կառուցելու գործին, որի շինարարությունը բազմաթիվ փոփոխությունների ենթարկվելուց հետո ավարտվում է 1547 թվականին՝ Ֆրանցիսկոս I-ինի մահից հետո։

Ֆրանցիսկոսի մահից հետո հետագա արքաներ այդքան էլ չեն հետաքրքրվում դղյակով։ 1639 թվականին Լյուդովիկոս XIII Արդար-րդը այն նվիրում է իր եղբայր Գաստոն Օռլեանցուն։

Լյուդովիկոս XIV-րդի պահանջով 1684 թվականին դղյակի ներսում մի շարք փոփոխություններ են կատարվում, փոխվում է մատուռի տանիքը, երկրորդ հարկի չորս հարկաբաժինները միացվում են Վերսալի պալատի օրինակով։ 1670 թվականի հոկտեմբերի 14-ին Մոլիերը Փարիզի թատերախմբի հետ Լյուդովիկոս 14-րդի հրավերով դղյակում ներկայացնում է «Քաղքենին ազնվական» պիեսի առաջին բեմադրությունը։

1725-1733 թվականներին դղյակը զբաղեցնում է Լյուդովիկոս XV-րդի աները` Լեհաստանից արտաքսված արքա Ստանիսլավ Լեշչինսկին։ 1745-1750 թվականներին դղյակը որպես զորանոց է ծառայում ֆրանսիացի զորավար Մորից Սաքսոնացու համար։

Զբոսաշրջիկներին պատմում են, որ 18-րդ դարի կեսերին Լյուդովիկոս 15-րդի թույլտվությամբ դղյակում գործել է կոմս Սեն Ժերմենի լաբորատորիան։

1792 թվականին հեղափոխական կառավարությունը վաճառում է կահույքը, իսկ Նապոլեոն Բոնապարտը դղյակը տալիս է մարշալ Բերտյեին։ 1821 թվականին տեղանքը գնվում է նրա այրուց և ժողովրդական ստորագրահավաքով տրվում մանուկ հերցոգ Անրի դ'Արտուային։ 1830 թվականի հեղափոխությունից հետո հերցոգը ստանում է Շամբորի կոմս տիտղոսը։ Մինչ այդ դղյակում կարճ ժամանակով ապրել էր Շառլ 10-րդը` փոքր-ինչ վերանորոգելով այն։ Ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ դղյակը ծառայում է որպես դաշտային հոսպիտալ։ 1833 թվականից դղյակը պատկանել է Պարմի հերցոգներին. հերցոգ Ռոբերտը այն ժառանգություն է ստանում Շամբորի կոմսից, որն իր քեռին էր։

 
Դղյակի տեսքը հյուսիս-արևմուտքից

1830 թվականին Էլյա Բուրբոնացուց 11 միլիոն ֆրանկ արժողությամբ ոսկով գնված դղյակը դառնում է ֆրանսիական պետության սեփականություն և ղեկավարվում է «Շամբորի ընկերների միություն» կազմակերպության կողմից։ 1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, Լուվրի և Կոմպիենի գեղարվեստական մի շարք հավաքածուներ պահվել են Շամբորում, իսկ 1944 թվականի հունիսի 22-ին ամերիկյան B-24 Liberator կործանիչը ընկել է դղյակի մոտ[6]։ 1945 թվականին հրդեհից մասամբ այրվում է հարավարևմտյան դոնժոնի տանիքը։ 1947 թվականին սկսվում է դղյակը զբոսաշրջային օբյեկտ դարձնելու ընդարձակ ծրագրի իրականացումը, իսկ 1952 թվականից ներկայացվում են լուսաձայնային երեկույթներ։

1981 թվականից Շամբորը 933 համարի ներքո ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 2005 թվականից դղյակն ունի պետական հասարակական-կոմերցիոն հաստատության կարգավիճակ։ 2007 թվականին 17.300 սկաուտներ երեք օր անընդհատ Շամբորի այգում նշում էին սկաուտական կազմակերպության հարյուրամյակը։ Դղյակի երկրորդ հարկում գործում է Որսորդության և բնության թանգարանի բաժինը։

Հորդառատ անձրևների հետևանքով Շամբորը 2016 թվականի հունիսի 1-ից 6-ը փակ է եղել հասարակության համար[7]։

Գոտևորված Ֆրանսիայում ամենաերկար պատով (32 կմ)` 5.441 հա տարածքը կազմում է Շամբորի այգին։ Դրանից 1.000 հա տարածքը բաց է հասարակության համար. սա անտառային տիպի ցանկապատված ամենամեծ տարածքն է ողջ Եվրոպայում։ Այգու խորհրդանիշերն են եղջերուն, վարազը։ Այստեղ ապրում են ավելի քան 100 տեսակ թռչուններ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. James, Henry (1907) [1900]. A Little Tour in France (2nd ed.). London: William Heinemann. p. 40.
  4. Quoted in Garrett 2010, p. 78
  5. Le Monde 20 марта 2007, Статья Крепостные останки под замком Шамбор
  6. "Liberator 22 juin 1944 - Chambord - Aérostèles". Aerosteles.hydroretro.net. 2008-05-31. Retrieved 2011-03-27.
  7. Kelsey D. Atherton (3 June 2016). "DRONE FILMS FLOODED FRENCH CASTLE". popsci.com. Retrieved 18 June 2016.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամբոր (դղյակ)» հոդվածին։