Շապուհ պատմիչ կամ Շապուհ Բագրատունի (ծննդյան և մահվան թվականները՝ անհայտ), 9-րդ դարի հայ պատմիչ։ Գրել է Աշոտ Ա պատմությունը, որը մեզ չի հասել։ Նրա երկի մասին հաղորդում են Ասողիկը, Հովհաննես Դրասխանակերտցին, Սամվել Անեցին, Ուխտանեսը և այլ պատմիչներ, որոնք լայնորեն օգտվել են դրանից։ Թվարկված հեղինակներից միայն Դրասխանակերտցին է քիչ թե շատ հանգամանորեն արտահայտվում և մատնանշում, որ Աշոտ Ա Բագրատունի թագավորի վերաբերյալ մանրամասնորեն գրել է նրա ժամանակակիցը՝ Շապուհ Բագրատունին։ Մինչև այժմ էլ Շապուհ Բագրատունու ինքնությունը պարզված չէ։ Հայտնի է, որ այն գրվել է իր ժամանակի խոսակցական («գեղջուկ բանիւ») լեզվով։ Ուխտանեսը իր «Հայոց պատմության» մեջ զետեղում է Շապուհ Բագրատունու աշխատությունից մի գլուխ, որի վերնագիրն է. «Յաղագս թագին երանելոյն Կոստանդիանոսի, թե ուստի՞ կամ որպէ՞ս յաջողեալ եղեւ նմա ի Տեռանէ՝ Շափհոյ՝ որդւոյ Աշոտոյ ապահի պատրկի ասացեալ ի Պատմութեան իւրոյ»[1]։
↑Տե՛ս Ուխտանես եպիսկոպոս, Հայոց պատմություն, Թարգմանությունը, առաջաբանը և ծանոթությունները Վ. Առաքելյանի, Երևան, 2006 թ, էջեր 104-106։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 455)։