Շղագիր
Շղագիր, պնակիտի վրա եղեգնյա գրչով (սրա մի ծայրը տափակ է եղել՝ մոմը հարթելու, իսկ մյուսը շյուղի նման սուր՝ գրելու համար) գրելու եղանակ (շյուղագիր), որը հետագայում դարձել է առանձին գրատեսակ։ Շղագիր կարող էր լինել և՛ գրչագիրը, և՛ երկաթագիրը, և՛ քոչորգիրը. ամեն դեպքում գրի տարրերն ունեին միևնույն հաստությունը։ Որպես առօրյա օգտագործման գրատեսակ ավելի հաճախ շղագրվում էր բոլորգիրը, որն աստիճանաբար կանոնավորվում, ձեռք է բերում յուրահատկություններ և դառնում է գրչության պաշտոնական գիր (11—12-րդ դարեր)։ Շղագիրը դարձյալ մնում է որպես առտնին օգտագործման գիր։ Այդ է պատճառը, որ շղագրով հազվագյուտ մատյաններ են մեզ հասել։ Մեր օրերում հիմնական գրատեսակը շղագիրն է, որը գնդիկավոր գրիչների գործածության պայմաններում ավելի է մոտեցել իր նախնական ձևին, այսինքն՝ հավասար հաստություն ունեն գրի և՛ ուղղաձիգ, և՛ հորիզոնական տարրերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 523)։ |