Շմիդտի սահնօձ (լատին․՝ Hierophis schmidti), կարմրափոր սահնօձ, շահմար (պարսկ.՝ արքայօձ), լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում է լատին․՝ Hierophis, լատին․՝ Dolicophis կամ լատին․՝ Coluber ցեղերին։ Հայաստանում հանդիպում է Նախալեռնային ու ոչ շատ բարձր լեռնային շրջաններում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտայիև ու չոր նոսրանտառային բուսականությամբ, ջրամերձ քարքարոտ կենսավայրերում, հաճախ նաև մշակովի տարածքների հարևանությամբ և այգիներում։
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (33-170 սմ), պոչը 3-4 անգամ կարճ է։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմինը բարեկազմ է, ոչ հաստ, գլուխը մարմնից տարանջատված է և ծածկված խոշոր վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն կամ կարմրավուն, բիբը՝ կլոր։ Մեջքային թեփուկները հարթ են, փայլուն։
Մեջքային մակերեսը տարիքի հետ փոխվում է մոխրագույնից գորշադեղնավունի և մուգ կարմիրի։ Մեջքի երկայնքով ձգվում է մանր, թույլ արտահայտված մուգ բծերի 3-4 շարք, որոնք երբեմն ձևավորում են երկայնակի մուգ զոլեր կամ բոլորովին անհետանում են։ Գլխի վահանիկներին ևս կան մուգ բծեր։ Երիտասարդի որովայնային մակերեսը դեղնավուն է՝ վարդագույն երանգով, տարիքի հետ ձեռք է բերում ավելի վառ վարդագույն կամ նարնջագույն երանգ։ Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, թռչուններ, կրծողներ)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը։
Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է երկարավուն (48-51 X 14-15 մմ) 5-11 ձու։ Ձագերը ծնվում են սեպտեմբերի 2-րդ կեսին։ Երբեմն խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով։ Բավական ագրեսիվ է, սակայն կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։