Ողնաշարավորներ
Ողնաշարավորներ, գանգավորներ (լատին․՝ Verebraa կամ լատին․՝ Cranioa), քորդավոր կենդանիների ենթատիպ։ Կենդանիների առավել կազմակերպված և բազմազան խումբը, տեսակների քանակով (40—45 հզ․) նշանակալիորեն զիջում են անողնաշարավորներին (1, 25-1, 45 միլիոն տեսակ), բայց իրենց նշանակությամբ ժամանակակից կենսոլորտում գերազանցում են վերջիններին։
Հարմարվողական տիպերի և կենսաձևերի բազմազանությամբ, ինչպես նաև գոյության պայմաններին ճկունությամբ հարմարվելու շնորհիվ ողնաշարավորները տարածված են ամենուրեք, Համաշխարհային օվկիանոսի հատակից մինչև ձյունածածկ լեռները և անապատները։ Ողնաշարավորների էվոլյուցիոն պրոցեսն ընթանում է կառուցվածքային մեկ հիմնական պլանի զարգացմամբ։ Դա պայմանավորված է ոչ միայն կառուցվածքի այդ պլանի կատարելությամբ, այլև ողնաշարավորների էվոլյուցիայում նստակյաց կենսաձևի և մակաբուծականության բացակայությամբ, որոնք այլ խմբերում հանգեցնում են զարգացման խախտումների և ձևաբանական ռեգրեսի։ Ողնաշարավորները ծագել են ծովային ցածրակարգ քորդավորներից (թաղանթավորներ, անգանգներ)։ էվոլյուցիայի ընթացքում առաջնային առանցքային կմախքը՝ քորդան, փոխարինվել է շարժական ողներից միակցված կռճիկային կամ ոսկրային ողնաշարով (այստեղից՝ անվանումը)։ Երկարացած մարսողական խողովակի տարբեր բաժիններում (բերանի խոռոչ, կերակրափող, ստամոքս, աղիքներ) առաջացել է հաջորդաբար սնունդը մշակող մարսողական ֆերմենտների յուրօրինակ «կոնվեյեր»։ Լյարդը վերածվել է բազմազան ֆունկցիաներով քիմիական բարդ լաբորատորիայի։ Մկանուտ սիրտը բաղկացած է մի քանի հիմնական և լրացուցիչ բաժիններից։ Արյունատար համակարգը փակ է։ Ջրային ողնաշարավորների շնչառության օրգաններն են խռիկները, ցամաքայիններինը՝ զույգ թոքերը։ Առաջացել են արտաթորության նոր օրգաններ՝ իրանային և կոնքային երիկամները։ Բարդացել է հորմոնային նյութափոխանակությունը։ Նյարդայինհամակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից։ Բարձր զարգացման են հասել զգայարանները՝ տեսողության, լսողության, համի, հոտառության, շոշափելիքի օրգանները։ Ողնաշարավորները սովորաբար բաժանասեռ են (որոշ ձկների հատուկ է հերմաֆրոդիաիզմը)։ Ցածրակարգ ողնաշարավորները, որպես կանոն, բազմանում են ձվադրությամբ։ Բոլոր խմբերում (բացի բոլորաբերաններից և թռչուններից) հանդիպում է կենդանածնությունը, որը կաթնասունների բազմացման հիմնական ձևն է։ ժամանակակից ողնաշարավորները բաժանվում են հետևյալ դասերի՝ բոյորաբերաններ՝ անծնոտներ (լատին․՝ Cyclosomaa), ձկներ (լատին․՝ Pisces), երկկենցաղներ (լատին․՝ Amphibia), սողուններ (լատին․՝ Repilia), թռչուններ (լատին․՝ Aves) և կաթնասուններ (լատին․՝ Mammalia)։ Ողնաշարավորները մարդու համար ունեն մեծ և բազմազան նշանակություն։ Ողնաշարավորներ են համարյա բոլոր որսարդյունագործական և ընտանի կենդանիները։ Բազմաթիվ տեսակներ վնաս են հասցնում ժող․ տնտեսությանը, որոշ ողնաշարավորներ վարակիչ հիվանդությունների հարուցիչների կրողներ են։ Կան և թունավոր տեսակներ։
Սրանց մեջ չկան նստակյաց ձևեր, շատերը տեղափոխվում են մեծ տարածություններ։ Կան և ջրային, և կիսաջրային, և ցամաքային, նույնիսկ թռչող տեսակներ։ Ողնաշարավորներին բնորոշ է այն, որ ունեն կենտրոնական նյարդային համակարգ, ձևավորվել է գանգատուփը և ողնուղեղային խողովակը։ Առաջացել և զարգացել են զգայարանները։ Արյունատար համակարգը փակ է, ունեն սիրտ, արյունը կարմիր է։ Ողնաշարավորների ենթատիպը բաժանվում է հետևյալ կարգաբանական խմբերի՝
- Վերնադաս Անծնոտավորներ Agnata
- Դաս Վահանակիրներ Ostracodermi
- Դաս Բոլորաբերանավորներ Cyclostomata
- Վերնադաս Ձկներ Pisces
- Դաս Կռճիկային ձկներ Chondeichthyes
- Դաս Ոսկրային ձկներ Osteichtes
- Վերնադաս Ցամաքային ողնաշարավորներ Tetrapoda
- Դաս Երկկենցաղներ Amphibia
- Դաս Սողուններ Reptilia
- Դաս Թռչուններ Aves
- Դաս Կաթնասուններ Mammalia
Գրականություն
խմբագրել- Լ ու կ ի ն Ե․ Ի․, Կենդանաբանություն, Ե․, 1971։
- Жизнь животных, т․, 4—6, М․, 1969—71;
- Наумов С․ П․, Зоология позвоночных, 3 изд․, М․, 1973․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |