«Ոսկե գոլ», մեթոդ, որն օգտագործվել է 1993-2004 թվականներին ֆուտբոլում՝ փլեյ-օֆֆ փուլի խաղերի հիմնական ժամանակի (90 րոպե) վերջում, ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթողին որոշելու համար։ Այդ դեպքում նշանակվում է լրացուցիչ ժամանակ (2 խաղակես՝ յուրաքանչյուրը 15 րոպե)։ Եթե լրացուցիչ ժամանակի ընթացքում թիմը գոլ է խփում (այդպիսի գոլը կոչվում է «ոսկե»), ապա թիմը դառնում է հաղթող, և խաղը դադարում է։ Եթե լրացուցիչ ժամանակի ավարտից հետո ոչ մի թիմի չի հաջողվում գոլ խփել, ապա հաղթողը որոշվում է հետխաղյա 11 մետրանոցների շարքի միջոցով։ «Ոսկե գոլի» կանոնը շատ նման է հոկեյի լրացուցիչ ժամանակի կանոնին։

Օլիվեր Բիրհոֆ - Եվրոպայի առաջնության առաջին «ոսկե գոլի» հեղինակ (1996 թվական)

Ոսկե գոլի կանոնը մտցվել է հարձակվողական խաղաոճը խրախուսելու և 11 մետրանոց հարվածաշարերի քանակը նվազեցնելու համար։ Սակայն դա հաճախ հանգեցրել է հակառակ արդյունքի. թիմերը սկսել են ցուցաբերել «պաշտպանողական» ֆուտբոլ, որպեսզի նվազեցնեն պարտության հնարավորությունը։

«Ոսկե գոլ» տերմինը և կանոնների փոփոխությունները մտցվել են ՖԻՖԱ-ի կողմից 1993 թվականին։ Կանոնը պարտադիր չի եղել, և դրա օգտագործման մասին որոշումն ընդունվել է յուրաքանչյուր առաջնության շրջանակներում առանձին։ Եվրոպայի առաջնությունում այդ կանոնն առաջին անգամ կիրառվել է 1996 թվականին, աշխարհի առաջնությունում՝ 1998 թվականին։

Եվրոպայի առաջնությունում առաջին «ոսկե գոլը» խփել է Օլիվեր Բիրհոֆը՝ 1996 թվականին Գերմանիայի և Չեխիայի հավաքականների միջև եզրափակիչ խաղում։

Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին «ոսկե գոլը» խփել է Լորան Բլանը 1998 թվականին 1/8 եզրափակչում և հաղթանակ պարգևել Ֆրանսիայի հավաքականին Պարագվայի դեմ խաղում։

2004 թվականի փետրվարին Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը որոշում կայացրել, որ Պորտուգալիայում կայացած Եվրոպայի 2004 թվականի առաջնությունից հետո ոսկե և արծաթե գոլի կանոնները պետք է հանվեն խաղի կանոններից[1]։ Սկսած 2006 թվականին Գերմանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունից «Ոսկե գոլի» կանոնը չի կիրառվում[2]։ Խաղը շարունակվում է ամբողջ լրացուցիչ ժամանակում (30 րոպե)՝ անկախ խփած գոլերի քանակից։ Եթե լրացուցիչ ժամանակի ավարտից հետո դեռ ոչ-ոքի է, ապա հաղթողը որոշվում է հետխաղյա 11 մետրանոցների շարքի միջոցով։

Ոսկե գոլի կանոնը կիրառվում է նաև տափօղակով հոկեյում՝ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի հանդիպումներում և ոչ միայն փլեյ-օֆֆի, այլ նաև տարբեր շրջանաձև մրցաշարերի հանդիպումներում, լաքրոսում, ռեգբիի լիգայում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «FIFA». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 27-ին.
  2. FIFA WC Germany 06 Inhalt.indd Արխիվացված 2006-06-01 Wayback Machine

Արտաքին հղումներ

խմբագրել