Չեխիայի սահմանադրություն
Չեխիայի սահմանադրություն (չեխ.՝ Ústava České republiky), ընդունվել է Չեխիայի Ազգային խորհրդի կողմից՝ 1992 թվականի դեկտեմբերի 16-ին և օրինական ուժի մեջ մտել հաջորդ տարվա հունվարի 1-ից՝ փոխարինելով 1960 թվականի Չեխոսլովակիայի սահմանադրությանն ու թիվ 143/1968 սահմանադրական ակտին։ Այնուհետև Չեխոսլովակիան խաղաղ բաժանվեց Չեխիայի ու Սլովակիայի։ Սահմանադրությունը Հիմնարար իրավունքների ու հիմնական ազատությունների խարտիայի հետ մեկտեղ համարվում է կարևոր սահմանադրական ակտ։ Բաղկացած է նախաբանից և 8 գլխից։
Չեխոսլովակիայի դաշնայնացում
խմբագրելՉեխոսլովակիայի սոցիալիստական հանրապետության Ազգային ժողովի 28-րդ գումարման ընթացքում՝ 1968 թվականի հոկտեմբերի 27-ին, Չեխիայի ու Սլովակիայի Ազգային խորհուրդների ու Չեխոսլովական կաբինետի հետ համատեղ ներկայացվեց Չեխոսլովակիայի դաշնության Սահմանադրական ակտը։ 1969 թվականի հունվարի 1-ից օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն ստեղծեց Չեխիայի ու Սլովակիայի սոցիալիստական հանրապետությունները, որոնք դաշնության կազմում հավասարազոր էին։ Դաշնային սահմանադրության նոր անհրաժեշտությունն առաջին անգամ ներկայացվեց 1986 թվականի գարնանը՝ Չեխոսլովակիայի Կոմունիստական կուսակցության 17-րդ համագումարի ընթացքում։
Դաշնության լուծարմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ
խմբագրել1992 թվականի հունիսի 5-ին և 6-ին կայացան Չեխիայի ու Սլովակիայի դաշնային հանրապետության (խորհրդարանի), Չեխիայի Ազգային խորհրդի ու Սլովակիայի Ազգային խորհրդի ընտրությունները։ Չեխիայում հաղթանակ տարավ Քաղաքացիա-ժողովրդավարական կուսակցությունը, իսկ Սլովակիայում՝ Ժողովրդական Սլովակիա շարժում կուսակցությունը։ 1992 թվականի հոկտեմբերի 19-ից 24-ը Կառլովի Վարիում մեկնարկեցին աշխատանքները սահմանադրության վերջնական նախագծի ուղղությամբ[1]։
Սահմանադրության առաջին գլխում ներկայացված են հիմնարար դրույթներ կառավարության, դատական ու քաղաքական համակարգերի, բնապահպանության, տարածքային ինքնակառավարման, սահմանադրական փոփոխությունների, միջազգային պայմանագրերի, տարածքային ամբողջականության, Չեխիայի քաղաքացիության ձեռբերման, մայրաքաղաքի ու պետության խորհրդանիշների մասին։
Երկրորդ գլխում ներկայացված է օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը, իր պալատներով ու անդամներով։ Խորհրդարանը բաղկացած է Պատգամավորների պալատից ու Սենատից։ Առաջինն ունի 200 անդամ, ովքեր ընտրվում են 4-ամյա ժամկետով՝ համամասնական ընտրակարգով։ Երկրորդն ունի 81 անդամ, ովքեր ընտրվում են 6-ամյա ժամկետով՝ մեծամասնական ընտրակարգով։
Երրորդ գլխում ներկայացված է գործադիր իշխանությունը, որն իրականացնում են հանրապետության նախագահն ու կառավարությունը։ Չորրորդ գլուխը կարգավորում է դատական իշխանությանը վերաբերող սահմանադրական նորմերը։ Ըստ այդմ՝ Չեխիայի տարածքում գործում է հետևյալ դատական համակարգը՝ Չեխիայի հանրապետության բարձրագույն դատարան, Բարձրագույն ադմինիստրատիվ դատարան, բարձր դատարաններ, տարածաշրջանային ու շրջանային դատարաններ։
Հինգերորդ գլխով հիմնադրվեց Բարձրագույն կառավարման գրասենյակը։ Վեցերորդ գլխով հիմնադրվեց Չեխիայի Ազգային բանկն իր իրավասություններով։ Յոթերորդ գլուխը վերաբերում է տեղական ինքնակառավարման հիմունքներին։
Ութերորդ գլուխը վերաբերում է հանրապետության ձևավորման առաջին ժամանակահատվածում ծառացած տարատեսակ խնդիրների իրավական կարգավորմանը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
- ↑ http://eur-lex.europa.eu/n-lex/info/info-cz/index_en