Պայթյուն գազալցակայանում (Երևան-Սևան ճանապարհ)

Պայթյուն գազալցակայանում, ուժեղ պայթյուն Հայաստանի Կոտայքի մարզում, Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում գտնվող գազալցակայանում, որը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 6-ին, ժամը 23։ 14-ին[1][2][3]։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է Երևան-Սևան մայրուղու 6/1 հասցեում գտնվող «Գազօիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում գտնվող հեղուկ գազի ցիստեռնը (37 տ), որից հետո առաջացել է հրդեհ[3]։ Տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 7 քաղաքացի, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 4-ի վիճակը՝ կայուն ծանր, տուժածներից մեկն էլ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել[3]։ Տեղում աշխատում է 30-ից ավել մարտական հաշվարկ, իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ[2]։ Պայթյունից վնասվել են ավտոճանապարհով անցնող մեքենաներ[3]։

Հրդեհված գազալցակայանի տեսքը, հունիսի 17, 2024 թվական։
Տեսակպայթյուն և աղետ
ՎայրԿոտայքի մարզ
ՏեղադրանքԱրզնի
Երկիր Հայաստան
Տարեթիվհունիսի 6, 2024
Վիրավորներ7
Քարտեզ
Քարտեզ

Իրադարձությունների ընթացք

խմբագրել

Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում գտնվող գազալցակայաններից մեկում պայթյուն է հնչել, ինչի հետևանքով բռնկվել էր հրդեհ[1][2][3]։ Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Փրկարարական ուժերի և Բժշկական ապահովման վարչությունների մեկական օպերատիվ և հերթապահ խմբեր[1][2][3]։ Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել է հրդեհի «Թիվ 3» կանչ[3]։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 13 մարտական հաշվարկ, 4 օպերատիվ խումբ, 1 փրկարարական ջոկատ և համայնքային 12 ջրատար, որոնցից 5-ը՝ Երևանի քաղաքապետարանից, 3-ը՝ Աբովյան համայնքից, 1-ական՝ Նոր Հաճն և Ակունք համայնքներից, և Բալահովիտ համայնքի բնակչի 2 ջրատար[3]։ Հրդեհաշիջման ղեկավարումը ստանձել է Փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Արմեն Գևորգյանը[3]։

Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան մայրուղու 6/1 հասցեում գտնվող «Գազօիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում տեղի է ունեցել հեղուկ գազի ցիստեռնի (37 տ) պայթյուն՝ հրդեհի բռնկումով[3]։ Գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) և 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով[3]։ Այրվել են «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, ջերմահարվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը[3]։ Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քառ/մ), պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի տանիքը (մոտ 150 քառ/մ), վնասվել է գույքը, հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ կուտակված թափոններ[3]։

Առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի[2], որոնցից 1-ը «Աբովյան» բժշկական կենտրոնում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել[2], իսկ 6-ը գտնվում են «Այվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում[3]։ Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ չորս տուժածինը գնահատվում է կայուն ծանր[2]։

Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ հատվածը ժամանակավորապես երկկողմանի փակվել է[3]։

Ընդհանուր աշխատանքների ղեկավարումն իրականացրել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը[2][3]։ Դեպքի վայրում են եղել նաև Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պաշտոնատար այլ անձինք[3]։

ՆԳՆ խոսնակը հայտարարել է, որ «մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում» ու կոչ է արել չտարածել չճշտված լուրեր և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

ՆԳՆ-ից հաղորդել են, որ նախնական տվյալներով՝ պայթել է գազի ցիստեռնը և այդ պահին էլ կա պայթյունի վտանգ։ Տեղում աշխատել է 30-ից ավելի մարտական հաշվարկ, իրականացվել են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ տարաներում առկա վառելիքի մնացորդի այրման եղանակով սպառման, ինչպես նաև հրդեհի տարածումը և հետագա պայթյունը կանխելու համար[2]։

Հունիսի 7-ի ժամը 08։ 51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը[3]։ Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության երեք մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ[3]։

Ժամը 10։ 00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Ուժգին պայթյուն Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցկայանում (ֆոտո)». news.am. 2024 թ․ հունիսի 6. Վերցված է 2024 թ․ հունիսի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 7-ի. ԱՆ». hetq.am. 2024 թ․ հունիսի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 7-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 «Հունիսի 6-ին Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ տեղեկատվություն». mia.gov.am. 2024 թ․ հունիսի 7. Վերցված է 2024 թ․ հունիսի 8-ին.