Պաուլ Վերհուվեն
Պաուլ Վերհուվեն (հոլանդ.` Paul Verhoeven, անգլոամերիկյան աղբյուրներում` Պոլ (Փոլ) Վերհովեն, ՄՀԱ. [ˈpʌu̯l vər'ɦuvə(n)], հուլիսի 18, 1938[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ), նիդերլանդական և ամերիկյան կինոռեժիսոր և սցենարիստ։
Պաուլ Վերհուվեն հոլ.՝ Paul Verhoeven | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1938[1][2][3][…] (86 տարեկան) |
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Կրթություն | Լեյդենի համալսարան, Gymnasium Haganum? և Netherlands Film Academy? |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստառեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000682 |
Կենսագրությունը
խմբագրելՊաուլ Վերհուվենը ծնվել է Ամստերդամում` դպրոցի ուսուցիչ Վիմ Վերհուվենի և գլխարկագործ Նել վան Շարդենբուրգի ընտանիքում։ 1943 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Հաագա։ 1960 թվականին ավարտել է Լեյդենի համալսարանը, որտեղ ուսանել է մաթեմատիկա և ֆիզիկա։ Սովորելու տարիներին հաճախել է Նիդերլանդների կինոակադեմիայի դասընթացներին։ Այդ տարիներին նկարահանել է Նիդերլանդների ծովային հետևակազորի մասին պատմող քարոզչական ֆիլմեր։ 1960-ական թվականներին, տեղափոխվելով հեռուստատեսություն, սկսել է նկարահանել վավերագրական և խաղարկային կարճամետրաժ կինոնկարներ։ 1969 թվականին ծանոթացել է դերասան Ռուտգեր Հաուերի հետ, ով հետագայում դարձավ նրա ֆիլմերի այցեքարտը։ Նրանք միասին ստեղծել են միջնադարյան ասպետ Ֆլորիսի արշավանքների մասին պատմող հեռուստասերիալը։
Առաջին լիամետրաժ կինոնկարը Պաուլ Վերհուվենը նկարահանել է 1971 թվականին։ Դա «Գործը գործ է» կինոնկարն էր, որը պատմում էր ամստերդամյան երկու մարմնավաճառուհիների մասին։ Երկրորդ ֆիլմը` 1973 թվականին նկարահանված «Թուրքական հաճույքներ» կինոնկարն էր, որի պատճառով ռեժիսորը ձեռք բերեց սկանդալիստի համբավ, ով մերկացնում էր ժամանակակից հասարակության արատները և նկարագրում ցնցող իրականությունը։ 1977 թվականին նկարահանել է Նիդերլանդներում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Նարնջագույն զինվորը» կինոնկարը, իսկ 1983 թվականին էկրանավորել է հոլանդացի գրող Գերարդ Ռևեի «Չորրորդ տղամարդը» վեպը։
Պաուլ Վերհուվենի առաջին անգլերեն լեզվով նկարահանված պատմական «Միս և արյուն» (1985 թ.) կինոնկարը պատմում էր 16-րդ դարում Ֆլանդրիայում ժանտախտի համաճարակի մասին։ Այդ կինոնկարը ռեժիսորի, այսպես կոչված, «նիդերլանդական շրջան»-ի վերջին ֆիլմն էր։
1980-ական թվականների կեսերին նա տեղափոխվել է ԱՄՆ և սկսել է նկարահանել կոմերցիոն բլոկբաստերներ։ Նրա «Ռոբոտ-ոստիկանը» (1987 թ.) և «Հիշել ամեն-ինչ» (1990 թ.) կինոնկարները ունեցել են կոմերցիոն մեծ հաջողություններ։ Այդ վերջին ֆիլմում նկարահանվել էր Առնոլդ Շվարցենեգերը։ 1992 թվականին էկրան է բարձրացել Պաուլ Վերհուվենի «Հիմնական բնազդ» էրոտիկ թրիլերը, որտեղ գլխավոր դերերով հանդես էին եկել Մայքլ Դուգլասը և Շերոն Սթոունը։
Պաուլ Վերհուվենը «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի առաջին թեկնածուն էր, ով ներկա է գտնվել մրցանակաբաշխությանը և անձամբ ստացել այն[5]։ Նա այդ հակամրցանակն ստացել էր որպես տարվա վատթարագույն ռեժիսոր` «Շոուգյոլզ» («Շոու-աղջիկներ») կինոնկարի համար։ Կինովարձույթում այդ ֆիլմի տապալումից հետո, նա կրկին վերադարձավ ֆանտաստիկայի ժանրին։ 1997 թվականին էկրանավորել է Ռոբերտ Հայնլայնի «Աստղային դեսանտ» վեպը, իսկ 2000 թվականին նկարահանել է «Անտեսանելին» կինոնկարը։ 2006 թվականին Նիդերլանդներում նկարահանել է «Սև գիրքը» կինոնկարը, որի գործողություններն ընթանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին։ Ֆիլմը հսկայական հաջողություն է ունեցել Նիդերլանդներում և ստացել «Ոսկե հորթ» ազգային երեք բարձրագույն կինոմրցանակներ, այդ թվում` «լավագույն ֆիլմ» և «լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։
Մեծ հաջողություն է ունեցել նաև 2016 թվականին նկարահանված «Նա» կինոնկարը, որտեղ գլխավոր դերով հանդես է եկել Իզաբել Հյուպպերը։ Կինոնկարը բարձր է գնահատվել քննադատների կողմից[6] և ներկայացվել «Օսկար», Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ», «Ոսկե գլոբուս» և այլ մրցանակների[7]։
Պաուլ Վերհուվենը ամուսնացած է և ունի երեք երեխա։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1968 | Անտոն Ադրիան Մյուսերտի դիմանկարը | Portret van Anton Adriaan Mussert |
1969 | Ֆլորիս | Floris |
1971 | Գործը գործ է | Wat zien ik |
1973 | Թուրքական հաճույքներ | Turks fruit |
1975 | Թեթևսոլիկ Կիտին | Keetje Tippel |
1977 | Նարնջագույն զինվորը | Soldaat van Oranje |
1983 | Չորրորդ տղամարդը | De vierde man |
1985 | Միս և արյուն | Flesh+Blood |
1987 | Ռոբոտ ոստիկանը | RoboCop |
1990 | Հիշել ամեն-ինչ | Total Recall |
1992 | Հիմնական բնազդ | Basic Instinct |
1995 | Շոուգյոլզ (Շոու-աղջիկներ) | Showgirls |
1997 | Աստղային դեսանտ | Starship Troopers |
2000 | Անտեսանելին | Hollow Man |
2006 | Սև գիրքը | Zwartboek |
2012 | Հիմարացածը | Steekspel |
2016 | Նա | Elle |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ https://le-carnet-et-les-instants.net/2022/10/08/prix-sade-2022-pour-charlotte-bourlard/
- ↑ Сделаем Америку снова. «Коммерсантъ-Weekend» № 40 от 25.11.2016, стр. 34
- ↑ http://www.imdb.com/title/tt3716530/criticreviews?ref_=tt_ov_rt
- ↑ http://www.imdb.com/title/tt3716530/awards?ref_=tt_awd
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Վերհուվեն» հոդվածին։ |