Պերճ Բոշնաղյան
Պերճ Սերգեյի Բոշնաղյան (սեպտեմբերի 1, 1920, Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Հայաստան - հունվարի 5, 2004, Երևան, Հայաստան), հայ խորհրդային, ինժեներ-երկրաբան, գիտնական, քաղաքական գործիչ։ Երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։ ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1970)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ՀՀ ԱԺ պատգամավոր (1999-2003)։
Պերճ Բոշնաղյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1920 |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Հայաստան |
Մահացել է | հունվարի 5, 2004 (83 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1948) |
Գիտական աստիճան | երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու և պրոֆեսոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և երկրաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի կոմունիստական կուսակցության |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՊերճ Բոշնաղյանը ծնվել է 1920 թվականին Նոր Բայազետ (Գավառ) քաղաքում, մտավորականի ընտանիքում։ 1922 թվականին Բոշնաղյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1938 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1948 թվականին՝ Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։
Մասնակցություն Երկրորդ աշխարհամարտին
խմբագրելՊերճ Բոշնաղյանը Երևանի պետական համալսարանի չորրորդ կուրսի ուսանող էր, երբ սկսվեց Գերմանա-խորհրդային պատերազմը։ Բոշնաղյանն ավարտելով հետևակային ռազմական ուսումնարանի դասընթացները լեյտենանտի կոչմամբ՝ ծառայության է անցել 89-րդ Հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայում։ Կռվել է Թամանի թերակղզու, Կերչի, Սևաստոպոլի, Վարշավայի ազատագրման համար, աչքի ընկել 1-ին Բելոռուսական ռազմաճակատի, Ղրիմի դեսանտային ու Վիսլա-Օդերյան գործողությունների ընթացքում, մասնակցել Բեռլինի գրավմանը։ Վարշավայի մատույցներում մարտերի ժամանակ մարտադաշտից դուրս է բերել ծանր վիրավորված գնդի հրամանատարին և փոխարինելով նրան՝ անձամբ գրոհի տարել գումարտակը։ Պարգևատրվել է մարտական, կառավարական պարգևներով, այդ թվում՝ Կարմիր դրոշի, «Հայրենական պատերազմի» 1-ին աստիճանի (3), Կարմիր աստղի (2) շքանշաններով, ինչպես նաև Կովկասի պաշտպանության համար, Բեռլինի գրավման համար և այլ մեդալներով, արժանացել մայորի կոչման, աշխատել դիվիզիայի 526-րդ հրաձգային գնդի շտաբի պետ։ Պատերազմի ավարտից հետո Բոշնաղյանը շարունակել է ընդհատված ուսումը[1]։
Գործունեություն
խմբագրելՀամալսարանն ավարտելուց հետո Բոշնաղյանն աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ երկրաբանության ինստիտուտում, այնուհետև՝ Երևանի պետական համալսարանում, 1948-1999 թվականներին դասավանդել է ԵՊՀ-ում, եղել պրոռեկտոր, երկրաբանական ֆակուլտետի դեկան, կիրառական երկրաբանության ամբիոնի վարիչ։ Հրատարակել է ՀՀ երկրաբանական և բնապահպանական հիմնախնդիրներին նվիրված շուրջ ութսուն աշխատություն և հաշվետվություն[2]։
Բոշնաղյանը մասնակցել է Հայաստանի շրջաններում կատարվող ճարտարագիտաերկրաբանական հետախուզական և կառույցների նախագծերի հիմնավորման աշխատանքներին. Կապանի հանքային դաշտի ճարտարագիտաերկրաբանական պայմանների բազմակողմանի գնահատում և քարտեզագրում, Վանաձորի հեռանկարային Նոր գլխավոր հատակագծի հիմնավորում, երկրաշարժի գոտու երկրաշարժակայուն և այլ արդիական հիմնախնդիրների ուսումնասիրություն։ Որպես երկրաբան-փnրձագետ տվել է եզրակացnւթյnւն Ագարակի, Ազատի, Արթիկի և Մարմարիկի ջրամբարներից տեղի ունեցող ֆիլտրացման կորուստների պատճառների, ինչպես նաև Սևանա լճից ստորերկրյա արտահոսքի, նրա էկոլոգիական վիճակի վերաբերյալ[3]։
1999 թվականի մայիսի 30-ին ՀԿԿ համամասնական ընտրացուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[4]։ ՀԿԿ խմբակցության անդամ։ ՀԿԿ անդամ։
1999-2004 թվականներին եղել է Հայաստանի վետերանների միության նախագահը։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր դրոշի շքանշան (21.02.1945 թվական)
- Հայրենական պատերազմի առաջին աստիճանի երեք շքանշան (5.06.1944, 19.05.1945, 1985)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան (15.02.1944 թվական, 19.05.1944 թվական)
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ (13.10.1944 թվական)
- «Բեռլինի գրավման համար» մեդալ
- Հայկական ԽՍՀ պատվավոր երկրաբան (1970)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Պերճ Սերգեյի Բոշնաղյան, 01.09.1920-05.01.2004
- ↑ «ԲՈՇՆԱՂՅԱՆ ՊԵՐՃ ՍԵՐԳԵՅԻ». -= ԶԱՆԳԵԶՈՒՐ=- (ռուսերեն). 2010 թ․ ապրիլի 28. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «ՊԵՐՃ ՍԵՐԳԵՅԻ ԲՈՇՆԱՂՅԱՆ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.