Պիեռ Կոռնեյլ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոռնել (այլ կիրառումներ)
Պիեռ Կոռնեյլ (ֆր.՝ Pierre Corneille, հունիսի 6, 1606[1][2][3][…], Ռուան[4][5] - հոկտեմբերի 1, 1684[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի դրամատուրգ, համարվում է «ֆրանսիական ողբերգության հայր»։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1647)։
Պիեռ Կոռնեյլ ֆր.՝ Pierre Corneille | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1606[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռուան[4][5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 1, 1684[1][2][3][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Գերեզման | Eglise de Monceaux-l'Abbaye |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ, գրող և բանաստեղծ-փաստաբան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Կրթություն | Պիեռ Կոռնելի դպրոց |
Ժանրեր | տրագիկոմեդիա, ողբերգություն և կատակերգություն |
Գրական ուղղություններ | նեոդասականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Սիդ |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[6] |
Ամուսին | épouse de Corneille? |
Զավակներ | Pierre Corneille? |
Pierre Corneille Վիքիպահեստում |
Կենսագրություն և ստեղծագործություններ
խմբագրելՊիեռ Կոռնեյլը ծնվել է 1606 թվականին Ռուան քաղաքում՝ դատական պաշտոնյայի ընտանիքում։ Ավարտելով ճիզվիտական քոլեջը, ուսումնասիրելով իրավագիտություն և ստանալով փաստաբանի պաշտոն՝ Կոռնեյլը վարել է այն ոչ ուրախությամբ և հաջողությամբ։ Սկսել է գրել կատակերգություններ՝ «Մելիտե» (1629 թվական), 1631-1369 թվականներին՝ «Կլիտանդր», «Դատական սրահ», «Թագավորական հրապարակ», որոնք այժմ մոռացված են, բայց ժամանակին ջերմորեն են ընդունվել հանդիսականների կողմից։ Սկսում է իր ուժերը փորձել նաև ողբերգության մեջ՝ Սենեկայի համանուն պիեսի մոտիվներով գրելով «Մեդեա» պիեսը։
1636 թվականին Կոռնեյլը ստեղծում է «Սիդ» ողբերգությունը (որպես աղբյուր օգտագործել է իսպանացի դրամատուրգ Գիլյեն դե Կաստրոյի պիեսը՝ Էլ Սիդի պատանեկության և սխրանքների մասին), որը մեծ հռչակ է բերում ֆրանսիացի դրամատուրգին՝ թարգմանվելով գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով։ Ֆրանսիայում տարածվում է մի թևավոր խոսք. «Գեղեցիկ, ինչպես Սիդը»։
Կոռնեյլի փառքը առաջացնում է կարդինալ Ռիշըլյոյի նախանձն ու զայրույթը։ Կարդինալի դրդումով Ֆրանսիական ակադեմիան սկսեց բացահայտել «Սիդ» ողբերգության սխալները և շեղումները «օրենքներից» և ապա խստագույնս դատապարտեց այն։ Դրամատուրգը միառժամանակ լռեց՝ քաշվելով իր ծննդավայր՝ Ռուան։ 1639-1640 թվականներին նա հանդես եկավ նոր հոյակապ ողբերգություններով՝ «Հորացիուս», և «Կիննա». 1643 թվականին գրեց «Պողիկտոսը»։ 1652 թվականին նրա «Պերտարիտ» ողբերգությունը սառը ընդունելության է արժանանում։ Ցնցված Կոռնեյլը յոթ տարով դադարում է նոր ստեղծագործություններ գրելուց և միայն 1659 թվականի հանդես է գալիս «Էդիպոս» ողբերգությամբ։ 1662 թվականին հաստատվում է Փարիզում, շարունակում է գրել, բայց նրա փառքը խամրում է, թուլանում է նրա կերպարների հմայքը, մարում են նրա ստեղծագործական ուժերը։ Նրան փոխարինելու է գալիս մի նոր տաղանդ՝ Ժան Ռասինը։ Կոռնեյլը դադարեց գրել 1674 թվականին և տաս տարի անց՝ 1684 թվականի սեպտեմբերի 30-ին վախճանվեց 78 տարեկան հասակում։
Կոռնեյլի ողբերգությունները տիպիկ կլասիցիստական ողբերգության օրինակ են։ Կոռնեյլը հետևում է կլասիցիստական թատրոնի նորմերին, հատկապես եռամիասնության՝ տեղի, ժամանակի և գործողության միասնության օրենքին, սակայն այն կիրառում է հարաբերականորեն. «Եթե ես շեղվում եմ դրանցից, ապա ամենևին ոչ այն պատճառով, թե չգիտեմ դրանք»։ Երբեմն նա նույնիսկ վիճարկում է այդ օրենքները՝ վկայակոչելով իր ժամանակակիցների համար անառարկելի հեղինակություններին. «Տեղի միասնության վերաբերյալ ես ոչ մի ցուցմունք չեմ գտնվում ոչ Արիստոտելի, ոչ Հորացիուսի մոտ» («Խոհեր եռամիասնության մասին»)։
Կոռնեյլի պիեսները (ամբողջական ցուցակ)
խմբագրել- «Մելիտե» (Mélite, 1629)
- «Քլիտանդր» (Clitandre (1631)
- «Այրի» (La Veuve, 1632)
- «Դղյակի պատշգամբասրահը» (La Galerie du Palais, 1633)
- «Ընկերակցուհին» (La Suivante, 1634)
- «Թագավորական հրապարակ» (La Place royale, 1634)
- «Մեդեա» (Médée, 1635)
- «Թյուիլրիի պարտեզում խաղացած կատակերգություն» (Comedie de Tuileries, համահեղինակ, 1635)
- «Կոմիկական պատրանք» (L’Illusion comique, 1636)
- «Սիդ» (Le Cid, 1636, թարգմանվել է հայերեն[7])
- «Հորացիոս» (Horace, 1640)
- «Կիննա» (Cinna, 1641)
- «Պողիկտոս» (Polyeucte, (1642, թարգմանվել է հայերեն[7])
- «Պոմպեոսի մահը» (La Mort de Pompée, 1644)
- «Ստախոսը» (Le Menteur, 1644)
- «Ռոդոգունե» (Rodogune, 1644)
- «Թեոդորա» (Théodore, 1646)
- «Հերակլիոս» (Héraclius, 1647)
- «Անդրոմեդե» (Andromède, 1650)
- «Դոն Սանչո Արագոնցի» (Don Sanche d’Aragon, 1650)
- «Նիկոմեդես» (Nicomède, 1651)
- «Պերտարիդե» (Pertharite, 1652)
- «Էդիպոս» (Œdipe, 1659)
- «Ոսկե գեղմ» (La Toison d’or, 1660)
- «Սերտորիոս» (Sertorius, 1662)
- «Սոփոնիսբե» (Sophonisbe, 1663)
- «Օթոն» (Othon, 1664)
- «Ագեսիլաոս» (Agésilas, 1666)
- «Աթթիլա» (Attila, 1667)
- «Տիտոս և Բերենիկե» (Tite et Bérénice, 1670)
- «Պսիքե» (Psyché) (Մոլիերի և Ֆիլիպ Կինոյի հետ համահեղինակությամբ, 1671)
- «Պուլքերիա» (Pulchérie, 1672)
- «Սուրենա» (Suréna, 1674)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nelson R. J. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Корнель Пьер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 188—189.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopédie Larousse en ligne (ֆր.)
- ↑ Académie française (ֆր.)
- ↑ 7,0 7,1 Ֆրանսիական կլասիցիզմ։ [Թատերգություն] / Կազմ., խմբ. և թարգմ.՝ Հ.Գ. Բախչինյան; Թարգմ.՝ Ն. Վարդանյան, Ա. Ղազինյան, Ալ. Թոփչյան; ԵՊՀ. - Երևան։ ԵՊՀ հրատ., 1982. - 464 էջ։ դիմանկ. ; 22 սմ. - (Ուսանողի գրադարան) - Սիդ - Պոլիկտոս - Դոն Ժուան կամ քարե հյուրը - Միզանտրոպ - Ֆեդրա - Քերթողական արվեստ Կենսագրականներ և ծանոթագր.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Կոռնեյլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 603)։ |