Պրիտի Զինտա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պրիտի Զինտա (հինդի` प्रीति ज़िंटा, հունվարի 31, 1975, Շիմլա, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և հասարակական գործիչ։ Բոլիվուդի առաջատար դերասանուհիներից մեկն է, ով նկարահանվել է հինդի, տելուգու, փանջաբի և անգլերեն լեզուներով նկարահանված ֆիլմերում։ Filmfare Awards-ի մրցանակակիր, պարգևատրվել է նաև Չիկագոյի միջազգային կինոփառատոնի մրցանակով և արժանացել կանադական ազգային «Ջինի» կինոմրցանակին։ Հիմնադրել է PZNZ Media պրոդյուսերական կենտրոնը և հանդիսանում է կրիկետի Kings XI Punjab թիմի սեփականատերը։
Պրիտի Զինտա անգլ.՝ Preity Zinta և հինդի՝ प्रीति ज़िंटा | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Շիմլա, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, մոդել, սյունակագիր, պրոդյուսեր, գրող և դերասանուհի |
Ամուսին | Ջին Գուդինաֆ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Preity Zinta Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊրիտի Զինտան ծնվել է Շիմլայում ` հնդկական բանակի սպայի ընտանիքում և ունի երկու եղբայր։ Ավագ եղբայրը հետևելով հոր օրինակին, ծառայում է հնդկական բանակում, իսկ կրտսերը ապրում է Լոս-Անջելեսում։ Երբ Պրիտին 13 տարեկան էր, նրա հայրը զոհվել է ավտովթարից։ Պրիտին սովորել է Շիմլայում գտնվող Հիսուսի և Մարիամի վանական համալիրին կից գիշերօթիկ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է St. Bede's College-ը և գերազանց ավարտել անգլիական գրականության բաժինը, որից հետո լրացուցիչ ավարտել հոգեբան-կրիմինալիստի մասնագիտական կուրսերը։
1996 թվականին իր ընկերոջ տարեդարձի օրը պատահաբար հանդիպել է գովազդային հոլովակների ռեժիսորի, համաձայնվել է վերջինիս առաջարկին` նկարահանվել գովազդային հոլովակում։ 1997 թվականին ուղեկցելով ընկերոջը նկարահանման փորձերի, հանդիպել է ռեժիսոր Շեքհար Կապուրին, ով համոզել է նրան՝ նույնպես փորձել իր ուժերը կինոյում։ Կինոդեբյուտը կայացել է 1998 թվականին, ռեժիսոր Մանի Ռատնամի «Սեր առաջին հայացքից» կինոնկարում, որի գլխավոր դերակատարները Շահրուխ Խանն ու Մանիշա Կոիրալան էին։ Նրա հաջորդ ֆիլմը «Բարի անուն» (1998 թ.) կինոնկարն էր։ Այս երկու ֆիլմերի համար Պրիտի Զինտան արժանացավ Filmfare Award մրցանակի՝ կանացի լավագույն դեբյուտային դերերի համար։ Նույն թվականին նա նկարահանվել է տելուգու լեզվով «Փեսացուն Բոմբեյից», իսկ 1999 թվականին «Արքայազն №1» կինոնկարներում։ Նրա հաջորդ ֆիլմը «Կրիմինալ սիրավեպ» կինոնկարն էր՝ Ակշայ Կումարի հետ միասին։
1999 թվականին թողարկվեց «Թեթևամիտ աղջնակը» կինոնկարը, որը շոշափում էր Հնդկաստանում ապօրինի ծնված երեխաների թեման։ Ֆիլմը դարձավ հիթ և նա ներկայացվեց Filmfare Award մրցանակի։ India Today ամսագրի համաձայն, Պրիտի Զինտան պատկանում է նոր սերնդի այն դերասանուհիների թվին, ովքեր չեն վախենում կոտրել հնդկական կինոյում ստեղծված հերոսուհիների կարծրատիպերը։ 2000 թվականին նա նկարահանվել է «Առաքելություն «Քաշմիր»» կինոնկարում ` Սանջայ Դատի և Հրիթիկ Ռոշանի հետ միասին։ Ֆիլմի թեման ահաբեկչությունն ու հանցավորությունն է, իսկ Պրիտին խաղում էր լրագրողուհու և գլխավոր հերոսի մանկության ընկերուհու դերը։ Կինոնկարը հաջողված էր և գրավել էր շահութաբեր ֆիլմերի մեջ երրորդ տեղը։ Քննադատների կողմից դրական գնահատական ստացավ նաև 2001 թվականին նկարահանված «Սիրող սրտեր» ֆիլմում նրա կերտած ժամանակակից հնդկուհու կերպարը։ Նրա խաղընկերը Աամիր Խանն էր։
2001 թվականին Պրիտի Զինտան նկարահանվել է նաև «Ուրիշի երեխան» կինոնկարում, որտեղ նրա հերոսուհին մարմնավաճառուհի էր և համաձայնվել էր դառնալ սուրոգատ մայր։ Այդ դերին պատրաստվելու համար Պրիտի Զինտան հաճախում էր գիշերային ակումբներ՝ Մումբայի կարմիր լապտերների թաղամասերում, սովորում տեղի բարքերը, շարժուձևն ու ժարգոնը։ Այդ դերը նրան բերեց Filmfare Award-ի մրցանակ՝ կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։ 2002 թվականին նա կատարել է «Ինձ պետք է միայն սեր» ընտանեկան դրամայի գլխավոր դերը, որտեղ հանդես են եկել նաև Ռեքհան, Արջուն Ռամպալը և Մահիմա Չաուդհրին։ Չնայած ֆիլմը հաջողություն չունեցավ, այնուամենայնիվ Պրիտի Զինտայի խաղը գնահատվեց քննադատների կողմից։
Պրիտի Զինտան նկարահանվել է նաև 2003 թվականի ամենաշահութաբեր ֆիլմերում ` «Հիշողություններից», «Դու մենակ չես» և «Կգա վաղը թե ոչ»։ Անհաջողության մատնվեց «Հույս» (2003 թ.) կինոնկարը, չնայած, որ նրա խաղընկերներն էին այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Ամիթաբհ Բաչչանը և Անիլ Կապուրը։ «Դու մենակ չես» ֆիլմում նրա խաղընկերներն էին Հրիթիկ Ռոշանը և Ռեքհան։ Նյու-Յորքում նկարահանաված «Կգա վաղը թե ոչ» կինոնկարում նկարահանվել էին Շահրուխ Խանը, Սաիֆ Ալի Խանը և Ջայա Բհադուրին։ Այդ ֆիլմի համար Պրիտի Զինտան արժանացավ Filmfare Award մրցանակի՝ կանացի լավագույն դերի համար։
2004 թվականին նա նկարահանվել է «Կյանքի նպատակը» կինոնկարում, որի հիմքում 1999 թվականի Կարգիլյան պատերազմի դեպքերն էին։ Նույն թվականին ռեժիսոր Յաշ Չոպրան նրան նկարահանեց «Վիրն ու Զառան» կինոնկարում, որն արժանացել է մի շարք մրցանակների։ Ֆիլմը Պրիտի Զինտայի երրորդ լուրջ հաջողությունն էր, որին նա հասել էր երկու տարի անընդմեջ։
2005 թվականին Գովինդայի հետ նա նկարահանվել է «Մենք կսիրենք» կատակերգությունում։ Ֆիլմը մատնվեց անհաջողության։ Նույն թվականին Սաիֆ Ալի Խանի հետ նա նկարահանվել է «Սալամ Նամաստե» կինոնկարում, որը ամբողջովին նկարահանվել էր Ավստրալիայում։ 2006 թվականին Պրիտի Զինտան նկարահանվել է Կարան Ջոհարի «Երբեք մի ասա` «Մնաս բարով»» կինոնկարում, որտեղ հանդես էին եկել Շահրուխ Խանը, Ռանի Մուքհերջին, Աբհիշեկ Բաչչանը, Ամիթաբհ Բաչչանը և Կիրոն Կհերը։ Ֆիլմի շահույթը կազմել է մեկ միլիարդ ռուփի։ Այնուհետև նա նկարահանվել է «Իմ սիրելին» (2006 թ.) ֆիլմում ` Սալման Խանի և Ակշայ Կումարի հետ միասին։
Պրիտի Զինտայի ֆիլմերից արժե հիշատակել նաև «Վերջին Լիրը» («Սնափառության զոհը» 2007 թ.), «Հերոսները» (2008 թ.) և կանադական արտադրության «Երկինքներ երկրի վրա» (2008 թ.) կինոնկարները։
Անձնական կյանքը
խմբագրելՊրիտի Զինտային վերագրում են սիրավեպեր բոլիվուդյան մոդել Մարկ Ռոբինսոնի և գործարար Նես Վադիայի հետ։ 2016 թվականի մարտի 1-ին Պրիտի Զինտան ամուսնացել է լոսանջելեսցի ֆինանսական խորհրդատու Ջին Գուդենաֆի հետ։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1998 | Սեր` առաջին հայացքից | Dil Se | Պրիտի Նաիր |
1998 | Բարի անուն | Soldier | Պրիտի Սինգհ |
1998 | Փեսացուն Բոմբեյից | Premante Idera | Շայլաջա, Շայլու |
1999 | Արքայազն № 1 | Raja Kumarudu | Ռանի |
1999 | Կրիմինալ սիրավեպ | Sangharsh | սպա Ռիտա Օբերոյ |
1999 | Հմայված եմ քեզնով | Dillagi | Ռանի |
2000 | Թեթևամիտ աղջնակը | Kya Kehna | Պրիյա Բաքսի |
2000 | Յուրաքանչյուր սիրող սիրտ | Har Dil Jo Pyar Karega | Ջահնվի |
2000 | Առաքելություն` «Քաշմիր» | Mission Kashmir | Սուֆիյա Փարվեզ |
2001 | Անզուսպը | Farz | Կաջալ Սինգհ |
2001 | Ուրիշի երեխան | Chori Chori Chupke Chupke | Մադհուբալա |
2001 | Սիրող սրտեր | Dil Chahta Hai | Շալինի |
2001 | Ճակատագրի շրջապտույտները | Yeh Raaste Hain Pyaar Ke | Շակշի |
2002 | Ինձ պետք է միայն սեր | Dil Hai Tumhaara | Շալու |
2003 | Հիշողություններից | The Hero: Love Story of a Spy | Ռեշմա, Ռուկսար |
2003 | Հույս | Armaan | Սոնիա Կապուր |
2003 | Դու մենակ չես | Koi... Mil Gaya | Նիշա |
2003 | Կգա վաղը թե ոչ | Kal Ho Naa Ho | Նեյնա Քեթրին Կապուր |
2004 | Կյանքի նպատակը | Lakshya | Ռոմիլա Դատա |
2004 | Սիրտը, որը չէր դադարում զարկել | Dil Ne Jise Apna Kaha | դոկ. Պարինիտա |
2004 | Վիրն ու Զառան | Veer-Zaara | Զառա Հայաթ Խան |
2005 | Մենք կսիրենք | Khullam Khulla Pyaar Karen | Պրիտի Դամանի |
2005 | Սալամ Նամաստե | Salaam Namaste | Ամբար Մալհոտրա |
2006 | Երբեք մի ասա` «Մնաս բարով» | Kabhi Alvida Naa Kehna | Ռիյա Սարան |
2006 | Իմ սիրելին | Jaan-E-Mann: Let's Fall in Love | Պիյա Գոյալ |
2007 | Սեր նվիրած հանդիպում | Jhoom Barabar Jhoom | Ալվիրա Խան |
2007 | Վերջին Լիրը (Սնափառության զոհը) | The Last Lear | Շաբնամ |
2008 | Երկինքներ երկրի վրա | Heaven on Earth | Չանդ Կաուր Դհիլոն |
2008 | Հերոսները | Heroes | Կուլջիտ Կաուր |
2009 | Միսթր և միսիս Կհաննա | Main Aurr Mrs Khanna | Հասինա Ջագմագիա |
2013 | Սերը Փարիզում | Ishkq in Paris | Իշք Մարիա Էլիզա |
2014 | Երջանիկ ավարտ | Happy Ending | Դիվյա |
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիտի Զինտա» հոդվածին։ |