Պրոգրեսիվող պարալիզ
Պրոգրեսիվող պարալիզ, նաև՝ հարաճող լուծանք, հոգեկան ծանր խրոնիկական հիվանդություն՝ պայմանավորված կենտրոնական նյարդային համակարգի սիֆիլիսով։
Պրոգրեսիվող պարալիզ | |
---|---|
Տեսակ | սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 090.40 և 094.1 |
ՀՄԴ-10 | A52.1 |
Paralytic dementia Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՆկարագրել է ֆրանսիացի հոգեբույժ Ա․ Բեյլը, 1822 թ., իսկ սիֆիլիսային ծագումն ապացուցել է ճապոնացի գիտնական Հ․ Նոգուչին, 1913 թ., որը պրոգրեսիվ պարալիչով տառապող հիվանդների գլխուղեղում հայտնաբերել է սիֆիլիսի հարուցիչներ՝ դժգույն սպիրոխետներ։ Պրոգրեսիվ պարալիչով հիվանդանում են սիֆիլիսով վարակվածների 2-5 տոկոսը առավել հաճախ տղամարդիկ՝ 35-50 տարեկանում։
Հիվանդությունը զարգանում
խմբագրելՀիվանդությունը զարգանում է սիֆիլիսով վարակվելուց 10-15, երբեմն նույնիսկ 20 տարի անց։ Հիվանդության ընթացքը բաժանվում է 3 շրջանի՝
- սկզբնական նևրասթենիկ կամ նախապարալիզային,
- ծաղկման (պարալիզային թուլամտություն)
- վախճանի (մարազմ)։
Սկզբնական նևրասթենիկ շրջան
խմբագրելՍկզբնական նևրասթենիկ շրջանը բնորոշվում է գլխացավով, ընդհանուր թուլությամբ, արագ հոգնածությամբ, ակտիվության իջեցմամբ, քնի խանգարմամբ։ Սակայն, ի տարբերություն նյարդաթոելության, ի հայտ են գալիս նաև հոգեկան խանգարումներ՝ ինքնավերահսկողության թուլացում կամ կորուստ, որի հետևանքով հիվանդները դառնում են կոպիտ, անտակտ, կորցնում են ամոթի զգացումը, թույլ տալիս զանազան արարքներ։ Հաճախ նկատվում են խոսքի խանգարումներ։
Ծաղկման շրջան
խմբագրելԾաղկման շրջանը բնորոշվում է զարգացող թուլամտությամբ՝ հիշողության խանգարումներն ավելի են ուժեղանում, դատողությունը մթագնում է, դադարում են հասկանալ իրենց հիվանդագին վիճակը։ Վարքը դառնում է անհեթեթ, զգացմունքներն ու հակումներն աղավաղվում են, ինտելեկտն ավելի է իջնում (պարալիտիկ թուլամտություն), որը բնորոշվում է անձի ու հոգեկան գործունեության բոլոր ոլորտների լրիվ քայքայմամբ։ Առաջանում են զառանցանքներ, էյֆորիա, ընկճվածություն, գրգռվածություն և այլն։ Խանգարվում է նյութափոխանակությունը հիվանդները գիրանում են կամ հյուծվում, առաջանում են պառկելախոցեր։
Վախճանի շրջան
խմբագրելՎախճանի շրջանում հիվանդները կորցնում են շրջապատի հետ հաղորդակցվելու ունակությունը, դադարում են ճանաչել անգամ հարազատներին, տարբերել ուտելի և ոչ ուտելի սննդամթերքները, ինքնուրույն հոգալ բնական պահանջները։ Խիստ հյուծվում են, որն ուղեկցվում է ոսկրերի ակամա կոտրվածքներով, գլխուղեղի արյունազեղումներով (կաթվածներ), էպիլեպսիանման նոպաներով են։ Մահն առաջանում է կաթվածից, էպիլեպսիայից կամ լրացուցիչ որևէ վարակից։
Ախտորոշում
խմբագրելԱխտորոշումը արյան և ողնուղեղային հեղուկի լաբորատոր քննության սիֆիլիսին բնորոշ տվյալներով։ Գոյություն ունեն պրոգրեսիվ պարալիչի կլինիկական տարբեր ձևեր, առավել հաճախ հանդիպում է կլասիկ կամ էքսպանսիվ (մանիակալ) ձևը, որի դեպքում տրամադրության էյֆորիկ ֆոնի վրա հանդես են գալիս անմիտ բնույթի մեծամոլական զառանցական մտքեր։
Հանդիպում են նաև դեպրեսիվ, զառանցանքային և այլ ձևեր, ինչպես նաև տաբոպարալիզ։ Երբեմն հանդիպում է պատանեկան պրոգրեսիվ պարալիչ, որն առաջանում է ժառանգական սիֆիլիսի հետևանքով և կարող է ի հայտ գալ համեմպատաբար ավելի ուշ՝ 5-6, առանձին դեպքերում՝ 15-20 տարեկանում։ Այս ձևի ժամանակ սովորաբար մի քանի տարուց հետո հիվանդները մահանում են։
Բուժում
խմբագրելԲուժումը արհեստական ջերմություն առաջացնելու (պիրոթերապիա) մեթոդով և հակասիֆիլիսային պատրաստուկներով։ Կանխարգելումը հիմնականում պայքար սիֆիլիսի դեմ, հիվանդների ժամանակին հայտնաբերում և բուժում։
Գրականություն
խմբագրել- Christina M. Marra։ Neurosyphilis. In։ Current Neurology and Neuroscience Reports. Bd. 4, Nr. 6, 2004, ISSN 1528-4042, S. 435–440,
- Christina M. Marra։ Update on Neurosyphilis. In։ Current Neurology and Neuroscience Reports. Bd. 11, Nr. 62, 2009, S. 127–134,
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 434)։ |