Ռազմական տակտիկա (հունարեն՝  τάΧτιχά - զորքերը ղեկավարելու, շարելու արվեստ, τάσσο— շարել), ռազմական արվեստի բաղկացուցիչ մաս, ներառում է ցամաքում, օդում և ծովում զորամիավորումները, զորամասերը (նավերը) և զինված ուժերի տարբեր տեսակները, զորատեսակները, հատուկ զորքերը մարտի նախապատրաստելու և այն վարելու տեսությունն ու պրակտիկան, ռազմատեսական գիտակարգ։ Ռազմական տակտիկան ընդգրկում է բոլոր տեսակի մարտական գործողությունների (հարձակում, պաշտպանություն, հանդիպակաց մարտ, տակտիկական վերախմբավորում և այլն) ուսումնասիրումը, մշակումը, նախապատրաստումը և վարումը։ Խորհրդային զինված ուժերում ռազմական տակտիկան ստորադաս դիրք ունի ստրատեգիայի և օպերատիվ արվեստի համեմատությամբ։ Օպերատիվ արվեստը որոշում է ռազմական տակտիկայի զարգացման խնդիրներն ու ուղղվածությունը՝ հաշվի առնելով զորամիավորումների, զորամասերի տակտիկական հնարավորություններն ու նրանց գործողությունների առանձնահատկությունները և բնույթը։ Զինված ուժերի բոլոր տեսակները, զորատեսակները ևս ունեն իրենց ռազմական տակտիկան։ Բուրժուական պետությունների ռազմական տեսության մեջ ռազմական տակտիկան ընդգրկում է հարցերի առավել լայն շրջանակ, քանի որ նրանում չկա «օպերատիվ արվեստ» հասկացությունը, որի փոխարեն օգտագործվում են «մեծ տակտիկա» կամ «փոքր ստրատեգիա» հասկացությունները։ Ռազմական տակտիկայի փոփոխությունը և զարգացումը կապված է արտադրության զարգացման մակարդակի և զենքի ու մարտական տեխնիկայի նոր տեսակների ստեղծման հետ։

Ռազմական տակտիկա


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 551