Սանկտ Գալլեն
Սանկտ Գալլեն (գերմ.՝ St. Gallen, ալեմանյան բարբառ՝ Sanggale [saŋ.ˈg̊ːalə], ֆր.՝ Saint-Gall, իտալ.՝ San Gallo), քաղաք Շվեյցարիայի արևելյան հատվածում, Սանկտ Գալլեն կանտոնի մայրաքաղաքը։ Տեղակայված է Բոդենի լճից ոչ հեռու՝ ծովի մակարդակից շուրջ 700 մետր բարձրության վրա, և համարվում է Շվեյցարիայի ամենաբարձրադիր քաղաքներից մեկը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Սանկտ Գալլեն | |||||
գերմ.՝ St. Gallen | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | St. Gallen Constituency? | ||||
Հիմնադրված է | 720 թ. | ||||
Մակերես | 39,41 կմ², 39,38 կմ² | ||||
ԲԾՄ | 675 մետր | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Բնակչություն | ▲75 833 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 071 | ||||
Փոստային դասիչ | 9000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SG | ||||
Պաշտոնական կայք | stadt.sg.ch(գերմ.)(անգլ.) | ||||
| |||||
Անվանումն ստացել է ի պատիվ սուրբ Գալլի։ Քաղաքը կառուցվել է բենեդիկտյան սուրբ Գալլի տաճարի շրջակայքում։ Տաճարի կառույցները՝ բարոկկո ոճով կառուցված գրադարանով հանդերձ, ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Քաղաքը հիմնադրվել է 7-րդ դարում և համարվում է արևելյան Շվեյցարիայի մշակութային և տնտեսական կենտրոնը։ Ժամանակակից քաղաքն ներառում է հին քաղաքային թաղամասը (մինչև 1798 թվականը՝ կայսերական քաղաք և Սանկտ-Գալլենի Հանրապետություն) և մերձակա գյուղերը (Հաֆներսբերգ, Ռոտմոնտեն, Բրուգեն, Լահեն, Սանկտ-Ֆիդեն և այլն), որոնք նախկինում պատկանում էին Շտրաուբենցել և Տաբլատ համայնքներին և քաղաքի կազմի մեջ են մտել 1918 թվականին։
Քաղաքի զինանշանի վրա պատկերված է հետևի ոտքերի վրա կանգնած արջ՝ ոսկյա մանյակով։ 1475 թվականին Ֆրիդրիխ 3-րդ կայսրը քաղաքին թույլ տվեց զինանշանի վրայի արջը զարդարել ոսկյա մանյակով՝ ի նշան Բուրգունդիայի հետ պատերազմում օգնելու համար շնորհակալության[2]։
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը տեղակայված է Բոդենի լիճ թափվող Շտայնախ գետի հովտում՝ երկու զուգահեռ բարձունքների՝ հյուսիսում Ռոզենբերգի և հարավում Ֆրոյդենբերգի միջև։ Բարենպաստ եղանակի պայմաններում Ֆրոյդենբուրգի ժայռերից, որտեղ գտնվում է քաղաքամերձ հանգստյան գոտին, բացվում է տեսարան դեպի Բոդենի լիճը և Գերմանիայի հարավը։
Յուրահատուկ ռելիեֆի շնորհիվ Սանկտ-Գալլենն անվանում են «հազար աստիճանների քաղաք», քանի որ բազմաթիվ աստիճաններ քաղաքի կենտրոնից տանում են դեպի Ռոզենբերգ և Ֆրոյդենբերգ։
Քաղաքի մեծ մասը կառուցված է անկայուն տորֆային հիմքի վրա՝ գրունտային ջրերի հարևանությամբ։ Այդ իսկ պատճառով քաղաքի կենտրոնի շատ կառույցներ (այդ թվում՝ գլխավոր կայարանը և փոստատունը) կառուցվել են փայտյա գերանների վրա։
Կլիմա
խմբագրելՍանկտ Գալլենը գտնվում է բարեխառն կլիմայական գոտում՝ եղանակի փոփոխական գրաֆիկով՝ պայմանավորված քամու ուղղությամբ։ Հյուսիսային կամ հյուսիս-արևելյան քամու դեպքում (հատկապես աշուն-ձմեռ շրջանում) եղանակը ցուրտ է, հիմնականում առաջանում է խիտ մառախուղ, որի ձևավորմանը նպաստում է Բոդենի լճին մոտ լինելը։ Ձմռանը քաղաքում նկատվում են տեղումներ ձյան տեսքով, որը ստվերոտ տեղերում կարող է պահպանվել մինչև ապրիլ։
Ամռանը քաղաքում հաճախակի են անձրևի տեսքով տեղումները, այդ թվում՝ երեկոյան ամպրոպները։ Հարավային քամին քաղաք է բերում արևոտ և տաք եղանակ, որի դեպքում օդի ջերմաստիճանը մի քանի ժամով կարող է 10 և ավելի աստիճանով բարձրանալ։
Քաղաքում օդի միջին ջերմաստիճանը 7,4 °C է, հուլիսին միջին ջերմաստիճանը 16 °C է, իսկ հունվարին՝ −1,8 °С: Տեղումների միջին քանակը կազմում է 1250 մմ, ընդ որում՝ տեղումների մեծ մասը թափվում է ամռանը[3]։
Տնտեսություն և տրանսպորտ
խմբագրելՍանկտ Գալլենը համարվում է արևելյան Շվեյցարիայի տնտեսական կենտրոնը։ Այստեղ են տեղակայված մի քանի խոշոր ապահովագրական ընկերություն և բանկեր (Սանկտ Գալլեն կանտոնի բանկ, Ռայֆայզեն բանկ, Ֆադիան բանկ)։ Քաղաքի տնտեսագիտական համալսարանը կադրեր է պատրաստում ֆինանսական ոլորտի համար։ 2005 թվականին քաղաքի տարածքում գրանցված էր 4 738 առևտրային ընկերություն։ Ձեռնարկությունների ավելի քան 85 %-ը զբաղվում է կենցաղային մատակարարմամբ, առևտրով և տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Զարգացած է նաև տեքստիլ արդյունաբերությունը։ Մեծ նշանակություն ունի մշակութային և գործնական տուրիզմը։ Զբոսաշրջիկների 41 %-ը (2006 թվականի տվյալներ) գալիս է արտասահմանից՝ հիմնականում Գերմանիայից և ԱՄՆ-ից։
Քաղաքը կարևոր տրանսպորտային հանգույց է, որն իրար է միացնում Մյունխեն-Լինդաու-Սանկտ Գալլեն-Ցյուրիխ տրանսպորտային ուղու արևելյան և արևմտյան ուղղությունները։ Լաստանավային տրանսպորտը Սանկտ Գալլենը միացնում է Ֆրիդրիխսհաֆենին և Լյուցեռնին։
1987 թվականին բացված Ռոզենբերգի և Ստեֆանշորնի թունելները հնարավորություն տվեցին քաղաքի ավտոմոբիլային շարժումը բեռնաթափել տրանզիտային տրանսպորտից՝ ուղղելով այն դեպի շրջանցիկ ճանապարհը։ Երկաթուղին բացվել է 1856 թվականին։ Քաղաքի գլխավոր կայարանը կառուցել է ճարտարապետ Ալեքսանդր ֆոն Զենգերը։ Դրանից բացի քաղաքում կա Շվեյցարական դաշնային երկաթգծի ևս 3 երկաթուղային կայարան։ Երկաթգծերը քաղաքը միացնում են Հռենոսի հովտի, Բոդենի լճի և Կենտրոնական Շվեյցարիայի հետ։ Քաղաքային շրջակայքի հետ Սանկտ Գալլենը կապվում է նաև գնացքի միջոցով։ Քաղաքից մեկ ժամ հեռավորության վրա է գտնվում Ցյուրիխի օդանավակայանը։ Հաջորդ մոտակա օդանավակայանը Սանկտ-Գալլեն-Ալտենրայն է, որն իրականացնում է կանոնավոր օդային չվերթներ դեպի Վիեննա։
Սանկտ Գալլենն ունի քաղաքային ավտոբուսների և ֆունիկուլյորների լայն ցանց, որը քաղաքը միացնում է քաղաքամերձ հանգստյան գոտու հետ։ Ֆունիկուլյորային ճանապարհը բացվել է 1893 թվականին։ Մինչև 1957 թվականը քաղաքում գործում էր նաև տրամվայ։
Մշակույթ և տուրիզմ
խմբագրելՍանկտ Գալլենի կենտրոնից դեպի արևելք մի քանի րոպե քայլելու դեպքում կարելի է գտնել մշակույթի կենտրոնը (քաղաքային թատրոն և համերգային սրահ) և քաղաքային այգին։ Քաղաքային թատրոնում հնարավոր է դիտել ժամանակակից և դասական ներկայացումներ, օպերա, բալետ, օպերետ, մյուզիքլ։ Համերգասրահում անցկացվում են Սանկտ Գալլենի սիմֆոնիկ նվագախմբի և հյուրախաղով եկած խմբերի համերգները։ Քաղաքն ունի նաև տիկնիկային թատրոն, որտեղ բեմադրվում են ներկայացումներ երեխաների և մեծահասակների համար։
Թատրոնի և համերգասրահի մոտակայքում են գտնվում երեք թանգարանները՝ Պատմության և ազգագրության թանգարանը, որտեղ ներկայացված են քաղաքի և կանտոնի պատմության և մշակույթի ցուցանմուշները, Արտահայտչական արվեստի թանգարանը, որտեղ կարելի է ծանոթանալ 19-20-րդ դարերի գեղանկարչության և քանդակագործության հավաքածուներին, և Բնագիտության թանգարանը։ Պատմության թանգարանը Շվեյցարիայի ամենահին թանգարաններից մեկն է. հիմնադրել է Յոհան Քրիստոֆ Կունկլերը 1873-1877 թվականներին։ Դրան զուգահեռ քաղաքում կա նաև ժամանակակից արվեստի գեղանկարչական թանգարան և Մանածագործական թանգարան, որտեղ ներկայացված են քաղաքի տեքստիլ արդյունաբերության զարգացման մասին ցուցանմուշներ, տարբեր գործվածքներ և ասեղնագործ նմուշներ։
Մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Սանկտ Գալլեն՝ տեսնելու պատմական և մշակութային այնպիսի հուշարձաններ, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ 18-րդ դարի վանքը բարոկկո ոճով, Սուրբ Գալլի վանքի գրադարանը, որտեղ պահպանվում են հնագույն ձեռագրեր՝ սկսած 8-րդ դարից (այդ թվում՝ «Նիբելունգների երգը»)։ Վանքից հարավ գտնվող ֆունիկուլյորային ճանապարհը տանում է դեպի քաղաքամերձ հանգստյան գոտին, որտեղից պարզ եղանակին բացվում է տեսարան դեպի քաղաք, Բոդենի լիճ և գերմանական ափ։
Զբոսաշրջիկների համար հետաքրքրություն են ներկայացնում նաև քաղաքի պատմական հատվածի կառույցները, Շվեյցարիայի հնագույն բանկի շենքը՝ հիմնադրված 1741 թվականին, ինչպես նաև փակ լողավազանը, որը կառուցվել է 1906 թվականին ֆրանսիացի շինարար-ճարտարագետ Ֆրանսուա Էննեբիկի նախագծով։
Քաղաքում է գտնվում նշանավոր Institut auf dem Rosenberg մասնավոր գիշերօթիկ-դպրոցը և Սանկտ Գալլենի համալսարանը։
Թանգարաններ
խմբագրել- Օդագնացության թանգարան (Fliegermuseum)
- Պատմության թանգարան (Historisches Museum Prestegg)
- Թանգարան Ամդեն (Museum Amden)
- Թանգարան Ortsmuseum Andwil
- Թանգարան Heimatmuseum Balgach
- Դարբնության թանգարան (Toggenburger Schmiede-und Werkzeugmuseum)
- Տուն «Տորգգել» (Haus zum Torggel)
- Թանգարան Ortsmuseum Bϋtschwil
- Թանգարան Heimatmuseum der Albert Edelmann-Stiftung
- Ortsmuseum Lindengut
Նշանավոր բնակիչներ
խմբագրել- Տուոտիլո - միջնադարյան նշանավոր կոմպոզիտոր, պոետ և նկարիչ (մոտ 850 - մոտ 915), Կարլ Մեծի ժամանակակիցը
- Ռաֆայել Դ’Ալեսանդրո - շվեյցարացի կոմպոզիտոր
- Պարացելս - բժիշկ, ալքիմիկոս
- Գուստավ IV Ադոլֆ - Շվեդիայի արքա
- Իոահիմ Վադիան - շվեյցարացի հումանիստ և հեղափոխական
- Քրիստոֆոր Շապելեր - 16-րդ դարի գերմանացի կրոնական գործիչ
- Կառլ ֆոն Մյուլլեր-Ֆրիդբերգ - (1755-1836), շվեյցարացի քաղաքական և պետական գործիչ, փաստաբան
Պատկերասրահ
խմբագրել-
Տեսարան Սանկտ Գալլենից, 1900
-
Սանկտ Գալլենի գրադարան
-
Հին տուն Սանկտ Գալլենում
-
Սանկտ Գալլեն
-
Կարլ ֆոն Մյուլլեր-Ֆրիդբերգի կիսանդրին Սանկտ Գալլենում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px/table/tableViewLayout2/?rxid=c5985c8d-66cd-446c-9a07-d8cc07276160
- ↑ «background-color». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.