Սասունի լեռներ, Հայկական Տավրոսի արևելյան հատվածը։ Տարածվում են մերձզուգահեռականի ուղղությամբ Աչքաքար (Ակչակարա) լեռնաշղթայից մինչև Բաղեշ (Բիթլիս) գետը, երկարությունը մոտ 110 կմ է, լայնությունը՝ 30-50 կմ։

Սասունի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Բարձրություն (ԲԾՄ)2967 մետր
Երկարություն110 կմ
Մեծագույն գագաթՄարաթուկ

Առավելագույն բարձրությունը՝ 2967 մ (Մարութա լեռ)։ Սասունի լեռների հյուսիսային մասով ձգվող Կողբասար (30 կմ), Սիմսար (35 կմ) և Խաչառաջ (իյաչրեշ) առանցքային լեռնաշղթաները ջրբաժան են Արածանիի և Տիգրիսի միջև։ Արևելյան լեռնաշղթաների հյուսիսային լանջերը զառիթափ են և աստիճանաձև, կարճ (5-10 կմ) լեռնաբազուկներով իջնում են Մշո դաշտն ու Արածանիի հովիտը։

Սասունի լեռնեռի առանցքային լեռնաշարից Ասպական ու Դարզան գետերի վերնագավառում ձգվում են Ծովասար և Սուրբ Աստվածածին լեռնաշղթաները, իրենց մեջ առնելով Շատախի (արևմտյան) և Խութի (արևելյան) գոգհովիտները։

Դեպի հարավ-արևմուտքում անջատվում են Սալնասար (80 կմ), Սանասուր (50 կմ), Շատախի (60 կմ), Անդոկի (70 կմ) և Կասուսարի (50 կմ) լեռնաբազուկները, աստիճանաբար վերածվելով ցածրադիր լեռների ու բլրաշարերի։ Դրանց միջև տեղադրված են Սալնո ձորը, Սասնա ձորը, Ապակունյաց ձորը և Կողբա ձորը։ Ներքին և արտաքին հաղորդակցության համար կարևոր նշանակություն ունեն Զորապահակ, Կոպի, Խաչի և այլ լեռնանցքներ։

Լեռները ծալքաբեկորային են, մասնատված Տիգրիսի ու Արածանիի վտակներով։ Սասունի լեռները կազմված են պալեոզոյի և կավճի հասակի կրաքարերից, թերթաքարերից և նրանց միջև տեղադրված ներժայթուկներից։ Օգտակար հանածոներից հայտնի են բազմամետաղային, պղնձի ու երկաթի հանքավայրեր, նավթ։

Ջրագրական ցանցը խիտ է։ Այստեղ են սկիզբ առնում Տիգրիսի վտակներ Սալնո ջուրը, Մասնո ջուրը, Ասպականը, Կողբա ջուրը։ Սասունի լեռների կլիման ցամաքային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 20-25°С է, հունվարինը՝ -10 °C-ից մինչև -20°С, տարեկան տեղումները՝ 500-1500 մմ։ Հողաբուսական ծածկույթը բազմազան է։ Լավ է արտահայտված բարձունքային գոտիականությունը՝ չոր մերձարևադարձայինից մինչև ալպյան մարգագետինները։

Գետահովիտներում, լեռնաանտառային գորշ և շագանակագույն հողերի վրա տարածված են սաղարթավոր անտառները, կաղնու, հաճարենու, թխկու, կաղամախու գերակշռությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 203