Վիքիպեդիայում կան հոդվածներ Արարատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Շահնազարի Արարատյան (հոկտեմբերի 1, 1886(1886-10-01), Շաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1943, Բուխարեստ, Ռումինիա), հասարակական գործիչ և քիմիկոս, Հայաստանի առաջին հանրապետության ֆինանսների նախարար, հասարակական օգնության և ներքին գործերի նախարար։

Սարգիս Արարատյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1886(1886-10-01)
ԾննդավայրՇաքի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1943
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունԺնևի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և քիմիկոս
ԿուսակցությունՀՅԴ
 Sargis Araratyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Նուխիում (Կովկաս), 1884 թվականի հոկտեմբերի 1-ին։ Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական ծխական վարժարանում։ Նա միակն էր տեղի ծխական դպրոցից, որ հետագա կրթություն ստացավ ռուսական քաղաքային դպրոցում։ Թիֆլիսի պետական գիմնազիայում քննություն է տվել սպայական վարժարան ընդունվելու համար, ապա Ներսիսյան դպրոցում տվել է ավարտական քննությունը։ Գնացել է Ժնև և ավարտելով բնական գիտությունների համալսարանը՝ ստացել է գիտությունների դոկտորի աստիճան՝ մասնագիտանալով բժշկագիտության մեջ։

Որպես տնօրեն պաշտոնավարել է նավթային ընկերությունում և նավթի արդյունաբերական ընկերությունների խորհրդի կողմից նշանակվել է ներկայացուցիչ պետական տեխնիկական ընկերությունում որպես քիմիկոս։

1903 թվականին անդամակցել է Հ. Յ. Դաշնակցությանը[փա՞ստ] և եկեղեցական կալվածքների բռնագրավման ժամանակ անդամակցել է Նուխիի շրջանի բողոք կազմակերպող հանձնախմբին։ Հայ-թաթարական կռիվների ժամանակ կազմակերպված ժողովրդական ինքնապաշտպանության գործում ստանձնել է ղեկավարի դերը։

Պատերազմի ընթացքում մասնակցել է կամավորական շարժման ղեկավարմանը, նախ որպես Կենտրոնական հանձնաժողովի ներկայացուցիչ՝ Քեռու բանակում, իսկ Վան արշավող բանակում՝ կենտրոնական շտաբի անդամ։ Այդ բանակի հետ մտել է Վան։ Վանի նահանջից հետո ռուսական կառավարության կողմից իբրև մասնագետ հրավիրվել է Բաքվի Ռազմա-արդյունաբերական կոմիտեի բացած պատերազմին՝ Քիմիական արտադրությունների գործարանի փոխտնօրեն և քիմիական բաժնի տնօրեն։ Այդ գործարանը Հարավային Կովկասում առաջին տեղն էր զբաղեցնում։

1917 թվականի ռուսական հեղափոխության ընթացքում և դրանից հետո ակտիվ գործունեություն է ծավալել Բաքվի շրջանում Հ. Յ. Դաշնակցության կազմակերպած գործում։ Բաքվի հերոսամարտում Ռոստոմի և Ա. Գյումխանդանյանի հետ ղեկավարել է ինքնապաշտպանական շարժումը։ Համաձայն մի աղբյուրի՝ 1917 թվականի վերջերին № 4 ցանկով ընտրվել է Ռուսաստանի Սահմանադիր ժողովում Դաշնակցության կողմից[1], սակայն այլ աղբյուրներում նրա անունը բացակայում է ընտրված պատգամավորների ցանկում[2]։

Բաքվի ճակատագրական օրերին իբր Բաքվի Ազգային խորհրդի անդամ վարել է անգլիական բանակը Բաքու հրավիրելու գործը և Պարսկաստան գնալով կարողացել է զորքը Բաքու բերել 1918 թվականի օգոստոսի 3-ին, որի շնորհիվ Բաքուն կարողացավ իր ինքնապաշտպանությունը շարունակել մինչև սեպտեմբերի 15-ը։ 1918 թվականին եկել է Երևան։

Եղել է Բաքվի Ազգային խորհրդի լիազոր ներկայացուցիչը Թեհրանում՝ պարսիկ կառավարության և Դաշնակից կառավարությունների դեսպանատներում։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 1919 թվականին նշանակվել է Պարսկաստանի առաջին հայ դեսպանը, սակայն մերժելով վերադարձել է Հայաստան։ 1919 թվականի մայիսի 5-ին ընտրվել է Ազգային խորհրդի փոխնախագահ։

1919 թվականի օգոստոսի 5-ից մինչև 1920 թվականի մայիսի 5-ը եղել է Հայաստանի առաջին հանրապետության ֆինանսների նախարար Ալեքսանդր Խատիսյանի ղեկավարությամբ։ 1920 թվականի մայիսի 5-իս նշանակվել է պարենավորման, հասարակական օգնության նախարար Համազասպ Օհանջանյանի նախագահության օրոք, մնացել է այդ պաշտոնում մինչև 1920 թվականի նոյեմբերի 23-24-ը։ 1920 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբերը եղել է ներքին գործերի նախարար։

Հայաստանի խորհրդայնացումից հետո մեկնել է Պոլիս, Փարիզ, Լոնդոն, կրկին Պոլիս և դրանից հետո Բուխարեստ[3][4], որտեղ զբաղվել է մասնագիտությամբ։ Այստեղ 1940-1941 թվականներին նրան այցելում էր Գարեգին Նժդեհը[5]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին տարիներին, չնայած ՀՅԴ որոշմանը՝ չօգնել նացիստական ուժերին Հայաստանի անկախության նվաճման հույսով, նա դարձել է հանձնախմբի անդամ, որտեղ ընդգրկված էին նաև Վահան Փափազյանը, Դավիթ Դավիթխանյանը, Եփրեմ Սարգսյանը և Դրաստամատ Կանայանը, որոնք պետք է հարթեցնեին հարաբերությունները Դաշնակցության Փարիզի կենտրոնական գրասենյակի և ֆաշիստական Իտալիայի միջև։ Հետագայում Սարգիս Արարատյանը լքել է հանձնախումբը[6]։

Արարատյանը հանրային գործերի մեջ մասնակցել է ազգային համագումարների և աչքի ընկնող ազգային ու կուսակցական բոլոր նախաձեռնություններին։ Ռումինիայի տարբեր բեմերում հասարակական և քաղաքական թեմաներով դասախոսություններ է ունեցած։

Արարատյանը աշխատակցել է «Ազատամարտ», «Հորիզոն» թերթերին, խմբագրել է Թավրիզի «Առավոտը», Եվրոպայի Հայ ուսանողական միության «Ուսանող» պարբերականը, Բաքվի «Արևը»։ Աշխատակցել է արտասահմանյան տարբեր պարբերականների։

Սարգիս Արարատյանը մահացել է 1943 թվականին Բուխարեստում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Под фамилией Шахназарян-Араратян, Саркис Шахназарянович: Всероссийское Учредительное собрание (1917 г. в документах и материалах). — М. – Л., 1930. [1] Արխիվացված 2018-10-27 Wayback Machine
  2. Члены Всероссийского Учредительного Собрания. Биографический справочник Ш, Щ и Биографический справочник А
  3. «Sargis Araratyan - Encyclopaedia Orientica». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Ministry of Finance». 2016 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
  5. Протокол допроса Тер-Арутюняна Гарегина Егишевича (Нжде), От 18-го октября 1944 г. Sargis Araratyan // Orientica Արխիվացված 2017-02-23 Wayback Machine
  6. Гарегин Нжде и КГБ Sargis Araratyan // Orientica Արխիվացված 2017-02-23 Wayback Machine

Աղբյուրներ

խմբագրել