Սարգիս Սերթլյան

հայ բժիշկ

Սարգիս Սերթլյան (1880/1883, Կարին / Մուշ- 5 հուլիսի, 1915, Երզնկա), հայ բժիշկ։

Սարգիս Սերթլյան
Ծնվել է1880/1883
ԾննդավայրԿարին / Մուշ
Մահացել է5 հուլիսի, 1915
Մահվան վայրԵրզնկա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1880/1883 թվականին Կա­րի­նում՝ Մու­շում։ Նախնական կրթությունն ստացել է Կարինի թաղային վարժարանում։ 1902 թվականին ավարտել է Կարինի Սանասարյան վարժարանը։ 1902-1910 թվականներին սովորել և հուլիսի 21-ին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1905-1910 թվականներին, ուսմանը զուգահեռ, օգնական բժիշկ է աշխատել Փարիզի հիվանդանոցներում։ 1910-1912 թվականներին, որպես օգնական բժիշկ աշակերտելով ակնաբուժության պրոֆեսորներ Մոռաքսին և Քալթին, մասնագիտացել է ակնաբուժության գծով։

1912 թվականին ֆրանսերենով գրել է «Բնա­կան և ախ­տա­բա­նա­կան աչ­քի դե­րը դի­մագ­ծու­թյան մեջ» ավարտաճառը, որի մասին փիլիսոփայության նշանավոր պրոֆեսոր Դյուման դրվատանքով է խոսել Սորբոնի համալսարանում կարդացած իր դասախոսության ընթացքում։ Փարիզում անդամակցել է Հայ բժշկա­կան մի­ու­թյա­նը։

1912 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և հաստատվել Բերա թաղամասում։ 1912-1914 թվականներին Կ. Պոլսի սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության հրավերով ակնաբույժ է աշխատել այդ հիվանդանոցում։ 1912 թվականի օգոստոսին մասնագիտական հոդված է տպագրել Կ. Պոլսի «Gazette Medicale d’Orient» ֆրանսերեն բժշկական հանդեսում։ Կ. Պոլսում սեփական ակնաբուժարան է բացել։ Եղել է ՀՅԴ անդամ։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին, զորակոչվել է օսմանյան բանակ, ուղարկվել Երզնկա և զինվորական բժիշկ-ակնաբույժ ծառայել։ Երզնկայում եղել է անվանի ակնաբույժ։ 1915 թվականի հուլիսի 4-ին Երզնկայում դիմել է Գերմանական Կարկիր խաչի 3-4 գերմանացի բժիշկներից բաղկացած պատվիրակությանը և խնդրել նրանց միջամտությունն ու պաշտպանությունը թուրքերից՝ եթե նրանք ձեռնարկեն հայ բժիշկների սպանությունը։ Նրա խնդրանքին գերմանացի բժիշկները պատասխանել են լռությամբ. ավելին, նրան, իբրև դավաճանի, ներկայացրել են թուրքական իշխանություններին։ 1915 թվականի հուլիսի 5-ին Երզնկայի քաղաքային իշխանության ոստիկանները «դա­վա­ճան» բժշկին ձերբակալել են և նույն օրը սբ. Ստեփանոս եկեղեցու մեջ քարկոծելով սպանել, այլ տեղեկությամբ՝ սրախողխող արել։

Աշխատությունը

խմբագրել
  • Աչքի բուժման ատրոպինի երկու նոր կիրառումը, «Gazette Medicale d’Orient», 1912, օգոստոս։

Գրականություն

խմբագրել
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Ազգային հիւանդանոցի մէջ պաշտօնավարած բժիշկները, Ընդարձակ տարեգիրք Ազգային հիւանդանոցի, Իսթանպուլ, 1939։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առող­ջա­պա­հու­թյուն», Երևան, 1965, թ. 4։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, Զ. տարի, Կ. Պոլիս, 1912, Բ. հրատարակութիւն, Հալէպ, 2008։

Աղբյուր

խմբագրել

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։