Սեպսիս
Սեպսիս, արյան վարակում, թարախարյունություն, ընդհանուր թարախային վարակ, ծանր վարակ, հիվանդություն, որն առաջանում է թարախային բորբոքման տեղային օջախից արյան հունի, ավշային ուղիների, այնտեղից հիվանդի բոլոր հյուսվածքների և օրգանների մեջ թարախածին մանրէների տարածման հետևանքով։ Սեպսիսի աղբյուր կարող է դառնալ վարակված վերքը կամ տարբեր տեղադրության, մեծության ու ծավալի թարախային օջախը։ Նորածինների սեպսիսի հաճախակի պատճառներից է պորտի թարախակալումը։ Հետծննդյան սեպսիսը այսպես կոչված ծննդաբերական տենդը, պայմանավորված է արգանդի խոռոչի թարախակալմամբ։ Սեպսիսի հարուցիչներն առավել հաճախ ստաֆիլոկոկերն են, ստրեպտոկոկերը, հազվադեպ՝ պնևմոկոկերը, աղիքային ցուպիկը և այլ մանրէներ։
Սեպսիս | |
---|---|
Արյան կուլտուրայով լցված տարա. նարնջագույնը անաէրոբների համար, կապույտը՝ աէրոբների և դեղինը երեխայի սեպսիս։ | |
Տեսակ | հիվանդություն, ախտանիշ և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | ընդհատվող տենդ, դող և intermittent fever? |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 995.92 |
ՀՄԴ-10 | R65.20 և R65.21 |
Sepsis Վիքիպահեստում |
Պատճառ
խմբագրելԱրյան վարակման առաջացմանը նպաստող պատճառ կարող են դառնալ տեղային թարախակալում առաջացնող մանրէների բարձր վարակունակությունը (հիվանդածնությունը), մյուս կողմից՝ կրած վնասվածքների կամ հիվանդությունների, հյուծման, վիտամինային անբավարարության և այլ ուղեկցող հիվանդությունների հետևանքով օրգանիզմի պաշտպանական ուժերի թուլացումը։
Ախտանիշներ
խմբագրելԱրյան վարակման առավել ծանր ձևի ժամանակ մանրէները բազմանում են արյան և այլ հյուսվածքների մեջ՝ դրանք հեղեղելով իրենց կենսագործունեության թունավոր նյութերով, քայքայում են արյան բջիջները։ Վարակումն ուղեկցվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, ընդհանուր թուլությամբ, դողով, առատ քրտնարտադրությամբ, երբեմն առաջանում են մաշկի դեղնախտային գունավորում և տարբեր ցաներ։ Աստիճանաբար առաջանում է հիվանդին մահ սպառնացող ինքնաթունավորում։ Արյան վարակման դեպքում մանրէները երբեմն չեն բազմանում արյան մեջ, այլ դրա հոսքով տարածվում են տարբեր օրգաններ և հյուսվածքներ, որտեղ նստում են և առաջացնում բազմաթիվ թարախային օջախներ։ Այդպիսի դեպքերում արյան վարակումն ընթանում է ավելի երկարատև՝ հերթական թարախակույտի առաջացման ժամանակ պարբերաբար վատացումներով, թարախակույտը պատռվելու և թարախը դուրս գալու կամ թարախակույտը վիրահատության միջոցով բացելու ժամանակ՝ լավացումներով։
Բուժում
խմբագրելԲուժում են միայն հիվանդանոցում և որքան շուտ սկսվի այն, այնքան հիվանդն արագ կապաքինվի։
Կանխարգելում
խմբագրելԱրյան վարակման կանխարգելումը կախված է ցանկացած թարախային գործընթացի (վերքի թարախակալում, ֆուրունկուլ, մատնաշունչ, ֆլեգմոն) դեպքում ժամանակին բժշկի դիմելուց։ Տեղային թարախային գործընթացի առկայության ժամանակ հատկապես պետք է զգույշ լինել նույնիսկ ընդհանուր վիճակի չնչին վատացումից (ջերմաստիճանի բարձրացում, դող)։ Կարևոր նշանակություն ունեն նաև կենցաղային վնասվածքների կանխումը, մանր վնասվածքների (քերծվածք, ճանկռվածք), հատկապես վերքերի ժամանակին մշակումը։
Արտաքին հղումներ
խմբագրել- Սեպսիս - Մեդեքս
- Սեպսիս հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեպսիս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |