Սթենլի Հոլլ
Գրենվիլ Սթենլի Հոլլ (անգլ.՝ Granville Stanley Hall, փետրվարի 1, 1846[1][2] կամ փետրվարի 1, 1844[3], Էշֆիլդ, Ֆրանկլին շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - ապրիլի 24, 1924[4][1][2], Վուսթեր, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկյան հոգեբանության ռահվիրա և մանկավարժ։ Նրա հետաքրքրությունները կենտրոնացած են երեխաների զարգացման[7] (մանկաբանություն) և էվոլյուցիոն տեսության վրա։ Հոլլը եղել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի և Քլարկի համալսարանի առաջին նախագահը։ Վիլյամ Ջեյմսի հետ հավասար նա միակն է, որ երկու անգամ դարձել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահը (կրկին 1924 թվականին)։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Մասաչուսեթս նահանգի Էշֆիլդ բնակավայրում։ 1867 թվականին ավարտել է Ուիլյամսի քոլեջը, այնուհետև ուսանել է միացյալ աստվածաբանական ճեմարանում։ Մի քանի տարի աշխատել է Լայպցիգում գտնվող Վունդտի լաբորատորիայում։ Ոգեշնչվելով Վիլհելմ Վունդտի «Principles Physiological Psychology» աշխատությամբ` նա, Ուիլյամ Ջեյմսի ղեկավարությամբ, Հարվարդի համալսարանում ստացել է հոգեբանության դոկտորի կոչում։ Լայպցիգում Հոլլն արդյունավետ կերպով զբաղվել է ընդհանուր հոգեբանության խնդիրներով՝ հետազոտելով պրոպրիորեցեպցիան։ Այն տարածության մեջ մկանային զգայունության ընկալումն է, որը բացահայտվել է Ի. Մ. Սեչենովի կողմից։ Թեև պրոպրիորեցեպցիայի հետազոտման համար Նոբելյան մրցանակ է ստացել Շերինգթոնը, նրա հետազոտությունը հիմնականում հիմնված է եղել Սեչենովի աշխատությունների վրա։ Հոլլը հայտնի է որպես մանկաբանության հիմնադիր։ Հոլլը նաև տարիքային հոգեբանության խնդիրներին նվիրված առաջին ամսագրերի հիմնադիրն էր։ 1891 թվականից սկսել է հրատարակվել նրա խմբագրած «Մանկավարժական սեմինար և գենետիկական հոգեբանության ամսագիրը», իսկ 1910 թվականից՝ «Մանկավարժական հոգեբանության ամսագիրը»։
Հոլլն իր գործունեությունը որպես անգլերենի ուսուցիչ սկսել է Օհայոյի «Yellow Springs» գյուղի «Antioch» քոլեջում։ 1882 թվականին (մինչև 1888 թվականը) Ջոն Հոփքինսի համալսարանում նշանակվել է հոգեբանության և մանկավարժության պրոֆեսոր և ստեղծել է Միացյալ Նահանգների առաջին հոգեբանական լաբորատորիան[8]։ Այնտեղ Հոլլը խիստ դեմ էր, որ ավագ դպրոցում հատուկ ուշադրություն դարձվի ավանդական առարկաների ուսուցմանը, ինչպիսիք են լատիներենը, մաթեմատիկան, գիտությունը և պատմությունը՝ ասելով, որ դպրոցները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն դեռահասների դաստիարակությանը, քան քոլեջի ուսանողների պատրաստմանը։
Հոլլը հանգել է այն եզրակացության, որ երեխայի հոգեկան զարգացման հիմքում բիոգենետիկական օրենքն է։ Հոլլը տարածել է կենսագենետիկական օրենքի ազդեցությունը սաղմի զարգացումից մինչև մարդու հոգեբանություն՝ ապացուցելով, որ երեխայի հոգեբանության զարգացումը համառոտ կրկնում է Homo Sapiens տեսակի հոգեկանի ֆիլոգենետիկական զարգացման բոլոր փուլերը։ Հոլլի վերակապիտուլյացիայի տեսությունը պնդում է, որ հաջորդականությունը և բովանդակությունը այդ փուլերում տրված են գենետիկորեն, այդ պատճառով երեխան իր զարգացման որևէ փուլից չի կարող ոչ խուսափել, ոչ էլ ազատվել[9]։
1887 թվականին հիմնադրել է «American Journal of Psychology»-ը և 1892 թվականին նշանակվել Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի առաջին նախագահ[8]։ 1889 թվականին նշանակվել է Քլարկի համալսարանի առաջին նախագահ, այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1920 թվականը։ Նախագահության 31 տարիների ընթացքում Հոլլն ինտելեկտուալ առումով մնացել է ակտիվ։ Նա կարևոր դեր է խաղացել մանկավարժական հոգեբանության զարգացման գործում, ինչպես նաև փորձել է պարզել կրթության ազդեցությունը դեռահասների վրա։ Նա նաև պատասխանել է Զիգմունդ Ֆրոյդի և Կարլ Յունգի հրավերին՝ այցելելու նրանց և կարդալու դասախոսությունների դասընթացը (1909)։
Հոլլը հոգեբանության պատմությունում մնացել է մարդ, որը մեծ ներդրում է ունեցել հոգեբանական գիտության և կիրառական հոգեբանության վրա։ Նրա ղեկավարությամբ հոգեբանության դոկտորի աստիճան են ստացել բազմաթիվ հայտնի հոգեբաններ, ինչպես նաև առաջին աֆրոամերիկացին, որը երբևէ ստացել է հոգեբանության դոկտորի աստիճան՝ Ֆրենսիս Սեսիլ Սամները (1920)[10]։
Գրական գործունեություն
խմբագրելԿարևոր ներդրում ունենալով ուսումնական գրականության մեջ, ինչպես նաև լինելով առաջատար հեղինակություն այս ոլորտում՝ նա հիմնադրել և եղել է «American Journal of Psychology»-ի խմբագիրը, ինչպես նաև խմբագրել է «Pedagogical Seminary»-y (1892 թվականից սկսած), «American Journal of Religious Psychology and Education»-ը (1904 թվականից սկսած), «Journal of Race Development» (1910 թվականից սկսած)։ Նրա գրքերի թվում են՝
- «Aspects of German Culture» (1881),
- «Hints toward a Select and Descriptive Bibliography of Education» (1886)՝ John M. Mansfield-ի հետ,
- «The Contents of Children's Minds on Entering School» (1894),
- «Adolescence» (երկու հատոր, 1904),
- «Youth: Its Education, Regimen, and Hygiene» (1906),
- «Educational Problems» (երկու հատոր, 1911)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Biographical memoirs. National Academy of Sciences (U.S.), Biographical memoirs — NAS, CUP. — ISSN 0077-2933
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 3,0 3,1 G. Stanley Hall // Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ Осорина М. В. Секретный мир детей в пространстве мира взрослых. 5-е изд. — СПб.: Питер, 2010. — С. 11.
- ↑ 8,0 8,1 «A Brief Biographical Sketch of G. Stanley Hall». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ [Марцинковская Т. История психологии. 4-е изд., стереотип. - М.: Академия, 2004 - 544 с. //Глава 8 РАЗВИТИЕ ОТРАСЛЕЙ ПСИХОЛОГИИ. Психология развития.]
- ↑ Benjamin, Ludy A Brief History of Modern Psychology. — Massachusetts, 2007. — С. 63—68. — ISBN 9781405132053
Գրականություն
խմբագրել- Холл С. История одной кучи песку // Холл С. Очерки по изучению ребенка. - Б. м.: Пучина, 1925. С. 125–141.
- G. Stanley Hallի գործերը Գուտենբերգ նախագծում
- Biography and bibliography в Виртуальной лаборатории Института истории науки Общества Макса Планка
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթենլի Հոլլ» հոդվածին։ |