Սիմետրիա (ֆիզիկա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմետրիա (այլ կիրառումներ)
Սիմետրիա, ֆիզիկայում ֆիզիկական համակարգի հատկություն, որը պահպանվում է կամ անփոփոխ է մնում որոշակի ձևափոխությունների նկատմամբ։ Սիմետրիան ժամանակակից ֆիզիկայի հիմնարար հասկացություններից է, որը կարևորագույն դեր ունի ֆիզիկական տեսությունների ձևակերպման մեջ։ Ֆիզիկայում քննարկվող սիմետրիաները բազմազան են, սկսած սովորական եռաչափ ֆիզիկական տարածության սիմետրիայից (ինչպես, օրինակ, հայելային սիմետրիան), վերջացրած ավելի աբստրակտ և պակաս ակնհայտ սիմետրիաներով (օրինակ՝ տրամաչափային ինվարիանտությունը)։
Ժամանակակից ֆիզիկայում որոշ սիմետրիաներ ճշգրիտ են համարվում, մյուսները՝ մոտավոր։ Կարևորագույն դեր ունի սիմետրիայի ինքնակամ խախտման հասկացությունը։
Պատմականորեն սիմետրիայի կիրառումը ֆիզիկայում գալիս է հին ժամանակներից, սակայն ֆիզիկայի համար առավելապես հեղաափոխական էր սիմետրիայի այնպիսի սկզբունքի կիրառությունը, ինչպես հարաբերականության սկզբունքը (թե Գալիլեյի, թե Պուանկարե-Լորենց-Այնշտայնի), որն այնուհետև ներմուծման և կիրառման օրինակ դարձավ տեսական ֆիզիկայում սիմետրիայի այլ սկզբունքների կիրառության համար (որոնցից առաջինը՝ ընդհանուր կովարիանտության սկզբունքը, հարաբերականության սկզբունքի ուղղակի ընդլայնումն է և հանգում է հարաբերականության ընդհանուր տեսությանը)։
Նյոթերի թեորեմ
խմբագրել1918 թվականին գերմանացի մաթեմատիկոս Էմմի Նյոթերն ապացուցեց թեորեմ, ըստ որի՝ ֆիզիկական համակարգի յուրաքանչյուր անընդհատ սիմետրիային համապատասխանում է որոշակի պահպանման օրենք։ Այս թեորեմը թույլ է տալիս ֆիզիկական համակարգի ունեցած սիմետրիաների վերաբերյալ եղած տվյալների հիման վրա վերլուծել այդ համակարգը։ Դրանից, օրինակ, բխում է, որ ժամանակի ընթացքում մարմնի շարժման հավասարումների ինվարիանտությունը հանգում է էներգիայի պահպանման օրենքին, տարածության մեջ տեղափոխության նկատմամբ համասեռությունը՝ իմպուլսի պահպանման օրենքին, պտույտների նկատմամբ ինվարիանտությունը՝ իմպուլսի մոմենտի պահպանման օրենքին։