Սմբատ Տեր-Ավետիսյան
Սմբատ Վարդանի Տեր-Ավետիսյան (հոկտեմբերի 8, 1875, Բարանա, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 27, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային պատմաբան, հնագետ, մանկավարժ։ Պատմական գիտությունների դոկտոր (1936)։
Սմբատ Տեր-Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1875 |
Ծննդավայր | Բարանա, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 27, 1943 (67 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Գևորգյան հոգևոր ճեմարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Կենսագրություն
խմբագրել1894-1898 թվականներին սովորել է Գևորգյան ճեմարանում, 1901-1904 թվականներին՝ Պետերբուրգի համալսարանում։ 1902 թվականին, դեռևս ուսանող, գործուղվել է Պարսկաստան՝ Նոր Ջուղայի հայկական ձեռագրերն ուսումնասիրելու, նկարագրել է մոտ 600 գրչագիր և կազմել Նոր Ջուղայի հայկական ձեռագրերի («Ցուցակ հայերեն ձեռագրաց Նոր-Ջուղայի Ամենափրկիչ վանքի»), հետագայում՝ նաև Նախավկայի վանքի 300 ձեռագրերի ցուցակները։ Հավաքել է Հայաստանի ու հայկական գաղթավայրերի արձանագրությունները և կազմել հայկական վիմագիր արձանագրությունների ժողովածու։ 1904 թվականին մասնակցել է Նիկողայոս Մառի ղեկավարությամբ Անիում կատարված հնագիտական աշխատանքներին։ Հետագայում պեղումներ է կատարել Ղազախի շրջանում, Ղարաբաղում, Գիլանում, Նախիջևանում, Արմավիրում, Կարսում, Դվինում և այլուր։ 1915-1917 թվականներին, Կայսերական գիտությունների ակադեմիայի գործուղմամբ, Վանի, Բիթլիսի ու Էրզրումի վիլայեթներում հավաքել է ավելի քան հազար ձեռագիր, պատմական վավերագիր և ազգագրական նյութեր։ 1925-1931 թվականներին Թիֆլիսում եղել է Կովկասի հնագիտական ինստիտուտի տնօրենի տեղակալը, 1931-1934 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ Անդրկովկասյան բաժանմունքի գիտությունների քարտուղարը։ 1937 թվականներին, տեղափոխվելով Երևան, գլխավորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի հնագիտության սեկտորը, միաժամանակ դասախոսել է Երևանի համալսարանում, եղել այդ հաստատության հնագիտության ամբիոնի վարիչը։ Տեր-Ավետիսյանի աշխատությունները վերաբերում են հիմնականում Նոր Ջուղայի վաճառականների առևտրական հարաբերություններին, պարսից Նադիր շահի՝ Հայաստան կատարած արշավանքներին, աղբյուրագիտական նշանակության այլ խնդիրների։ Հնագիտական ուսումնասիրություններն ամփովում են գլխավորապես իր պեղումների արդյունքները։
Երկեր
խմբագրել- Նադիր Շահի արշավանքները (ըստ Հակոբ Շամախեցու), Երևան, 1940։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 663)։ |