Սողանքներ
Սողանքներ, ծանրության ուժի ազդեցությամբ լեռնալանջերով կամ թեք տեղանքով ապարների զանգվածային սահաշարժեր, որոնք, լվացման հետևանքով, ապարների հավասարակշռության խախտման արդյունք են։ Սողանքային շարժընթացներն ուղղակիորեն կախված են տեղանքի կառուցվածքից, ապարների շերտերի տեղաբաշխումից, ստորերկրյա ջրերի ակտիվությունից, անտառածածկույթի կամ խոտածածկույթի խտությունից, գերխոնավացումից, ստորերկրյա ցնցումներից, մարդու անզգույշ տնտեսական գործունեության, երկրաբանական և երկրաձևաբանական պայմանների առանձնահատկությունների անտեսումից, որոնք հանգեցնում են ապարների ամրության նվազմանը և սողանքի առաջացմանը։
Խոշոր սողանքներ
խմբագրելՀայաստանի տարածքը բնորոշվում է ուժեղ զարգացած սողանքային շարժընթացներով։ Հայաստանի տարածքում գոյություն ունեն 2000-ից ավելի խոշոր սողանքներ (մոտ 500 կմ² տարածք), որոնցից շատերը գտնվում են բնակավայրերի (Դիլիջան, Իջևան, Կապան, Վանաձոր և այլն) սահմաններում, միջին բարձրության լեռնային գոտում՝ Ախուրյանի հովտում (Գյումրուց հյուսիս-արևմուտք), Դեբեդի, Աղստևի, Վեդիի, Գետիկի, Որոտանի ավազաններում, Նուբարաշենի, Ջերմուկի սարավանդներում և այլն։ Սողանքային վտանգը սպառնում է նաև տրանսպորտային (շուրջ 8 000 կմ ընդհանուր երկարության ուղիներից ավելի քան 1500 կմ-ը սողանքային ազդեցության գոտում է) և էներգետիկ մայրուղիներին, արոտավայրերին և մշակովի հողերին, պատմամշակութային հուշահամալիրներին (Մակարավանք, Գոշավանք, Ջուխտակվանք և այլն)։ Սողանքները շատ հաճախ ավերիչ են․ օրինակ՝ Մարմաշեն (Շիրակի մարզ), Մարտիրոս (Վայոց ձորի մարզ) գյուղերն ավերվել, բնակիչները տեղափոխվել են։ Նույն պատկերն է Դիլիջանում։ Սողանքային փլվածքները տարածված են հանրապետության շուրջ 125 բնակավայրում։
Քանի որ մակերևութային և ստորերկրյա ջրհոսքերն ակտիվացնում են սողանքները, սողանքավտանգ տարածքներում չի թույլատրվում ջրագծեր (ջրմուղկոյուղու), առավել ևս բաց ջրանցքներ կառուցել։ Ջրագծերից ու ջրանցքներից ներծծվող անխուսափելի կորուստների հետևանքով սողանքներն ակտիվացել են Գառնի-Հացավան-Ողջաբերդ, Արզնի-Գետամեջ-Պտղնի և այլ տեղամասերում։
Սողանքային բլոկներ
խմբագրելՀայաստանում առկա են նաև բլոկային տեղաշարժեր (սողանքային բլոկներ), որոնք հիմնական զանգվածից պոկված, բայց իրենց միաձուլությունն ու ներքին կառուցվածքը պահպանած մայր ապարների խոշոր հատվածներ են (Իջևանի լեռնաշղթայում, Որոտանի կիրճում և այլն)։ Կան նաև քայքայված նյութի նվազագույն տեղաշարժով փլվածքային գոյացություններ՝ փլվածքային սողանքներ, և բավականին յուրահատուկ ձև ունեցող հոսքային սողանքներ, որոնք բնորոշվում են մածուցիկ և պլաստիկ հոսքերով, ամբողջապես քայքայված ներքին կառուցվածքով և սողանքային զանգվածների տեղաշարժման առավելագույն չափերով (Մարտիրոս, Արևիս, Հովք և այլ գյուղեր)։
Սողանքային շարժընթացներ
խմբագրելՀայաստանի տարածքի սողանքային տեղաշարժերի տեսակները շատ հաճախ տարանցման ընթացքում փոխակերպվում են փլվածք-սահք-հոսք սխեմայով (օրինակ՝ Ջերմուկի սողանքային խումբը)։ Նշված շարժընթացները վտանգավոր ու քայքայիչ են արոտավայրերի և վարելահողերի համար։
Ժամանակակից և անցյալի ակտիվությամբ սողանքային շարժընթացների մեծամասնությունը կապված է ակտիվ խզումնային գոտիների հետ, որոնց միջոցով տեղի են ունենում դանդաղ և երկրաշարժածին տեղաշարժեր։
Երկրաշարժածին սողանքներին բնորոշ է որոշակի գոտիականություն՝ պայմանավորված խզումնային գոտիների սեյսմիկ ռեժիմի տարբերություններով, լանջերի առավելագույն ձևախախտումներով և դրանց կայունության խախտմամբ։ Ողջաբերդի (Կոտայքի մարզ), Վեդիի (Արարատի մարզ) սողանքային խմբերը գենետիկորեն կապված են Գառնիի խզումնային երկրաշարժային ակտիվության հետ և ունեն շատ բարձր ակտիվություն, մշտապես վնասում են Երևան-Գառնի ավտոճանապարհը և հարակից գյուղերը։
Սողանքների դեմ պայքարելու համար կառուցվում են գետափերն ամրացնող ու ցամաքուրդային կառույցներ, կատարվում ծառատնկումներ և այլ միջոցառումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |