Սուրբ Էգիդիոյի բազիլիկա
Սուրբ Էգիդիոյի բազիլիկա (սլովակ.՝ Bazilika svätého Egídia կամ լատին․՝ Ægidius, Սուբ Ժիլիացու բազիլիկ (ֆր.՝ Saint Gilles), կաթոլիկական ծխական եկեղեցի` հիմնականում նեոգոթական ոճով, որը հիմնադրվել է 13-րդ դարի սկզբին Բարդեյովում (Պրեսովի շրջան, Սլովակիա ) ցիստերցիանական վանքի հիմնադրման ժամանակ։ Այն գտնվում է Բարդեյովի քաղաքապետարանի հրապարակի հյուսիսային մասում։ 1970 թվականից ընդգրկված է Սլովակիայի ազգային մշակութային հուշարձանների ցանկում։ 2000 թվականի նոյեմբերի 23-ին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը տաճարին շնորհել է փոքր բազիլիկ կոչում։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին Սուրբ Էգիդիոյի բազիլիկան, որպես Բարդեյովի պատմական կենտրոնի մաս, դարձել է Սլովակիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ[2][3]։
Սուրբ Էգիդիոյի բազիլիկա սլովակ.՝ Bazilika svätého Egídia | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և փոքր բազիլիկ |
Երկիր | Սլովակիա |
Տեղագրություն | Բարդեյով[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Košice? |
Հիմնական ամսաթվերը | 1380[1] |
Ժառանգության կարգավիճակ | Cultural Heritage Monuments of Slovakia? և cultural heritage of Slovakia?[1] |
Նվիրված | Saint Giles? |
Անվանված | Saint Giles? |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն[1] |
Հիմնադրված | 1380[1] |
Basilica of St Giles, Bardejov Վիքիպահեստում | |
bardejov.rimkat.sk/bazilika-sv-egidia |
Պատմություն
խմբագրելՍուրբ Էգիդիայի (կամ սուրբ Ժիլիացու) անունը կրող վանական եկեղեցին հիմնադրվել է ցիստերցիական կարգի վանականների կողմից 12-13 -րդ դարերի վերջերին Բարդեյովում վանքի կառուցման ժամանակ։ Ըստ այլ աղբյուրների՝ Բարդեյովի ցիստերցիական վանքը հիմնադրվել է Հունգարիայի թագավոր Անդրաշ II-ի (1205-1235) նախաձեռնությամբ 13-րդ դարի սկզբին։ Միևնույն ժամանակ, այս վանքի կառուցման ոչ տարին, ոչ ճշգրիտ վայրը հավաստիորեն հայտնի չէ, բայց դրա գոյությունը մասամբ հաստատվում է Բարդեյովի տեղական տեղանուններով, ինչպիսին է «Վանականուհիների գետակ» ( սլովակ.՝ Mníchovský potok ), «Վանքի մարգագետիններ» ( սլովակ.՝ Kláštorné lúky ) և «Դրախտից այն կողմ» քաղաքային մասը ( սլովակ.՝ Za rajom )[4][5]:
Այսպիսով, բազիլիկան Կոշիցեի արքեպիսկոպոսության երկրորդ ամենահին եկեղեցին է։ Սուրբ Էգիդիոյի եկեղեցու գոյության առաջին գրավոր վկայությունը թվագրվում է 1247 թվականին, երբ Հունգարիայի թագավոր Բելա IV-ն իր կանոնադրության մեջ, որը Բարդեյովի ցիստերցիական վանքի հողատարածքները Պրեշովի վերաբնակեցված գերմանացիներին է շնորհում, նշել է եկեղեցին` որպես այս վանքի մաս (գրության մեջ ասվում է «fratres de Copryvnicza Cisterciensis ordinis apud Ecclesiam Sancti Egidii de Bardfa». Կոպրիվնիցայի Սբ. Էգիդիո եկեղեցու Բարդեյովի եկեղեցում գտնվող Ցիստերցիական միաբանության եղբայրների մասին)։ Բարդեյովի վանքի տարածքը և նրա ունեցվածքն այս փաստաթղթում կոչվում է «Terra Bardfa»: Հայտնի է, որ 1269 թվականին Բարդեյովում քաղաքական դրդապատճառներով ցիստերցիական վանականներ չեն եղել, և նրանց վանքի և եկեղեցու հետագա ճակատագրի մասին փաստագրական ապացույցներ չկան։ Terra Bardfa-ն վերածվել է Բարդեյով գյուղի[5][6][7]։
Ներկայիս բազիլիկ տիպի եկեղեցու կառուցումը, ամենայն հավանականությամբ, սկսվել է 14-րդ դարում։ 14-րդ դարի սկզբին Հունգարիայի թագավոր Շարոբերը (1312-1342) իր մերձավոր ասպետ Լաուրենտիուսին («Laurentius Filius Laurentii») ժառանգական սեփականություն է շնորհել Բարդեյով գյուղը, որն այդ ժամանակ արդեն բավական ընդարձակվել էր։ 1320 թվականին Շարոբեր թագավորն իր կանոնադրությամբ Սիլեզիայի վերաբնակեցված գերմանացիներին ազատել է հարկերից և նրանց տվել այլ արտոնություններ։ Այս փաստաթղթում, ի թիվս այլ բաների, նշվում է, որ Բարդեյով համայնքը («Civitas Bardpha») ունի իր տերը և ծխական քահանան, որին բնակիչները պարտավոր էին վճարել տասանորդի կեսը, ինչպես նաև իր եկեղեցին։ Հետազոտողները կարծում են, որ կանոնադրությունը վերաբերում է մասնավորապես Սուրբ Էգիդիոյի եկեղեցուն։ Բացի այդ, այն վկայում է տեղական ծխական համայնքի գոյության մասին։ Հունգարիայի հաջորդ թագավորը՝ Լայոշ I Մեծը, 1352 թվականին, իր կանոնադրությամբ, Բարդեյովին իրավունք է շնորհել ամեն տարի անցկացնելու ութօրյա քաղաքային տոնավաճառ՝ սկսած սեպտեմբերի 1- ից՝ սուրբ Էգիդիոյի՝ քաղաքի եկեղեցու և հենց քաղաքի հովանավոր սրբի պաշտամունքի օրը։ Հետազոտողները նաև կապում են 1376 թվականին Լայոս I թագավորի կողմից Բարդեյովին ազատ թագավորական քաղաքի կարգավիճակի և արտոնությունների շնորհումը նրանում կաթոլիկ ծխի և ծխական եկեղեցու գոյության հետ[4][5][6][8]:
Բազիլիկան իր ժամանակակից տեսքը ստացել է 15-րդ դարի 2-րդ կեսին Մաթիաս Հունյադի թագավորի օրոք։ Պարզ կամարաշարով եռանավ բազիլիկի տեսքով տաճարը հիշատակվել է արդեն 1427 թվականից առաջ։ 1448 - 1454 թվականներին Բարդեյովոյի որմնադիր Միկուլաս Լապիցիդայի ղեկավարությամբ ավարտվել են առաջնորդասրահը ( presbyterium ) և ավանդատունը, ինչպես նաև նրա վերևում գտնվող տաճարի մատուռը։ Տաճարի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է 1464 թվականին։ Քանի որ շինարարության ընթացքում տաճարի հավասարակշռությունը խախտվել է, եկեղեցու կամարը շուտով փլուզվել է, որից հետո նոր վերակառուցում է իրականացվել, որի ընթացքում կառուցվել է միջին նավը։ 1482 - 1486 թվականներին Բարդեյով վարպետ Ուրբանը ավելացրել է Մարիամ Աստվածածնի մատուռը, մատուռը գլխավոր մուտքի վերևում և Սուրբ Անդրեասի մատուռը տաճարի հարավային կողմում։ Մարիամ Աստվածածնի մատուռը կառուցվել է 1483 թվականին Բարդեյովոյի վաճառական Պիտեր Մագերի այրու՝ Վերոնիկայի հաշվին, ով տաճարին նվիրաբերել է 3000 ֆլորին, ինչի պատճառով այն երբեմն անվանում են Վերոնիկա Մագերի կապելլա` կաթոլիկ մատուռ։ 1486 - 1487 թվականներին Անսբախցի վարպետ Յան Ստեմասեկը կառուցել է տաճարի աշտարակի վերին հարկերը և դրանք զարդարել քարե երեսպատմամբ։ 10 տարի անց ավարտվել է աշտարակի բրգաձև տանիքի կառուցումը` պսակված ոսկե գնդով և խաչով[9][10][7]։
1525 թվականին Բարդեյովը հարել է ռեֆորմացիային։ 1527 թվականին տեղի կաթոլիկ ծխական հովիվ Քրիշտոֆը հեռացվել է իր պաշտոնից և վտարվել քաղաքից (դրանից հետո նաև ավգուստինական (Օգոստինոս Երանելիի հետևորդները) միաբանության վանականներն են վտարվել Բարդեյովից) և այդ ժամանակվանից ի վեր Սուրբ Էգիդիոյի եկեղեցին հիմնականում ծառայել է քաղաքի գերմանացի բնակիչների հոգևոր կարիքներին (գերմանական բնակչությունն էր ռեֆորմացիայի գաղափարների գլխավոր նախաձեռնողը)։
Այս շրջանում եկեղեցու հարավային կողմում եղել է գերեզմանոց՝ շրջապատված քարե պարիսպով։ 1557 թվականին Բարդեյովում տեղի է ունեցել արևելյան Սլովակիայի հինգ քաղաքների եկեղեցական համագումար, որի նպատակն էր «վերացնել եկեղեցու ավանդական սնահավատությունը», ի թիվս այլնի, մասնավորապես, ջրի օրհնության ծեսը։ Կրիպտոկալվինիզմի կողմնակիցները փորձել են տաճարը զրկել իր հիասքանչ ներքին հարդարանքից (հեռացնել զոհասեղանները, պատկերները և քանդակները), ինչը կանխվել է միայն ավելի չափավոր բողոքականների ջանքերով, մասնավորապես՝ լյութերական հումանիստ և բարեփոխիչ Լեոնարդ Ստոցկելի և Բարդեյովի քաղաքային խորհրդի անդամների ջանքերով։ Տաճարի ինտերիերը պահպանվել է, սակայն Բարդեյովի չափավոր եկեղեցուն արմատական բողոքական միջավայրում տրվել են «հերետիկոս» և «կուռքերի պաշտպան» սահմանումները։ Տաճարը կրկին կաթոլիկացվել է 1671 թվականին[11][12][13][14]։
Նոր ժամանակներում տաճարը մի քանի անգամ վերանորոգվել է։ 1517 և 1519 թվականներին վերանորոգվել է կամարը և վերակառուցվել են հենասյուները, իսկ 1550 - 1551 թվականներին՝ աշտարակը։ Նույն դարում Լուգանոյից իտալացի վարպետ եղբայրներ Լյուդովիկո և Բերնարդո Պելոն միավորել են հարավային եկեղեցու մատուռների տանիքները՝ ստեղծելով եկեղեցու վերածննդյան ոճով հարավային սյունաշար գավիթը։ 1651-1655 թվականներին հին գոթական ոճի զոհասեղանը փոխարինվել է վաղ բարոկկո ոճով։ Նաև 1655 թվականին տաճարի գոթական դռները փոխարինվել են բարոկկո ոճով։ 1640 թվականին տաճարը խիստ տուժել է հրդեհից, ինչի հետևանքով տաճարի աշտարակի հավասարակշռությունը խախտվել է։ Այդ իսկ պատճառով 1669 թվականին տաճարի հարավային կողմի դիմաց կանգնեցվել է զանգակատուն, ուր տեղափոխվել են աշտարակի զանգերը։ Սակայն, չի հաջողվել փրկել աշտարակը. 1725 թվականի հունվարի 29-ին տեղի ունեցած երկրաշարժի և դրան հաջորդած ուժեղ փոթորկի հետևանքով այն վերջնականապես փլուզվել է։ Տաճարն առանց աշտարակի մնացել է մինչև 19-րդ դարի վերջին երրորդը[15][16][7][17][18]։
1705 թվականին Ֆերենց Ռակոցիի ապստամբության ժամանակ Բարդեյովը գրավվել է ապստամբների կողմից, և Սուրբ Էգիդիոյի ծխական եկեղեցին կրկին դարձել է բողոքական։ Դա շարունակվել է մինչև 1710 թվականը, երբ քաղաքը գրավել են կայսերական զորքերը, և տաճարը կրկին կաթոլիկացվել է[17]:
1878 թվականի ապրիլի 22-ին քաղաքում տեղի ունեցած ուժգին հրդեհը ավերել է եկեղեցու տանիքը և վնասել պահարանները, սակայն տաճարի ներսը չի տուժել։ 1879 - 1899 թվականներին տաճարը վերակառուցվել է նեոգոթական ոճով՝ հունգարացի ճարտարապետ Իմրե Շտեյնդլի նախագծով և ճարտարապետ Ֆրիդրիխ Շուլեկի հսկողության ներքո։ Վերակառուցման ընթացքում կրկին կանգնեցվել է տաճարի աշտարակը, վերացվել են 17-րդ դարի զանգակատունը և հարավային կողմի պարիսպները, վերականգնվել է մատուռների տանիքը և գլխավոր նավի տանիքը։ Սուրբ Էգիդիո եկեղեցու հետևում այգի է բացվել։ Հաջորդ անգամ տաճարի տանիքը ծածկվել է վերանորոգման աշխատանքների ժամանակ 1963-1964 թվականներին։ 20-րդ դարի 90-ական թվականներին աշխատանքներ են տարվել տաճարի և աշտարակի արտաքին քարե երեսպատման վերականգնման ուղղությամբ[7][6][6]։
1970 թվականին տաճարը ներառվել է Սլովակիայի ազգային մշակութային հուշարձանների ցանկում[19]։ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը, ընդառաջելով Կոշիցեի արքեպիսկոպոս Ալոյզա Տկաչի խնդրանքին, իր առաքելական պապական անփոփագրով (Papal brief) 2000 թվականի նոյեմբերի 23-ին Բարդեյովի Սուրբ Էգիդիո եկեղեցին օժտել է փոքր բազիլիկ տիտղոսով[20]։
Ներկայումս, բացի ծխական եկեղեցու իր հիմնական հոգևոր գործառույթը կատարելուց, Սուրբ Էգիդիոյի բազիլիկան ծառայում է որպես տարբեր մշակութային միջոցառումների անցկացման վայր, ինչպիսիք են, օրինակ, երգեհոնային երաժշտության փառատոները[21]։
Սուրբ Էգիդիոյի արձանը բազիլիկի հարավային մուտքի վերևում | Սուրբ Էգիդիոյի բազիլիկ և քաղաքապետարան Բարդեյովի քաղաքապետարանի հրապարակում[2] |
Բազիլիկի հարավային մուտքը | Բազիլիկի աշտարակ |
Նկարագրություն
խմբագրելՍուրբ Էգիդիոյի տաճարը գոթական ոճով եռանավ բազիլիկ է՝ բազմանկյուն պրիսբիտերով, ավանդատնով, երկու կապելլա` մատուռներով և արևմտյան կողմում կառուցված աշտարակով։ Բազիլիկի երկարությունը 50 մետր է, լայնությունը՝ 31 մետր։ Կենտրոնական նավի բարձրությունը 24 մետր է։ Բազիլիկայի վեց հարկանի աշտարակը, 76 մետր բարձրությամբ, Սլովակիայի ամենաբարձր տաճարային աշտարակներից մեկն է։ Աշտարակի չորրորդ հարկում կա զանգակատուն, իսկ վեցերորդ հարկում՝ դիտահարթակ։ Երկու զանգերը՝ «Յան»-ը և «Ուրբան»-ը, փոխարինվել են նորերով 1995 թվականին, երրորդը՝ «Սիգնում»-ը, պատրաստվել է 1625 թվականին։ Բազիլիկի դիմացի մայթի վրա կանգնած են հին «Յան» և «Ուրբան» զանգերը (պատրաստված 1584 թվականին)։ Բազիլիկի տարողությունը մոտ 3000 մարդ է՝ 500 նստատեղով[7][22]։
Մինչ օրս տաճարի աշտարակի առաջին հարկի հարավային պատերին պահպանվել են միայն որմնանկարների բեկորներ, որոնց վրա պատկերված են Հունգարիայի երեք թագավորները, ինչպես նաև Սուրբ Քրիստաֆորոսը (Χριστόφορος, 3-րդ դար - մոտ 251)։ Այս որմնանկարները ստեղծվել են 1521 թվականին վարպետ Յան Կրաուսի կողմից։ Մինչ օրս պահպանվել է նաև 15-րդ դարի 1-ին կեսի բրոնզից պատրաստված մրկրտության ավազան, որին 17-րդ դարում ավելացվել է պղնձյա թիթեղից պատրաստված ծածկ՝ վրան մակագրված աստվածաշնչյան մեջբերումներով, և 15-16 -րդ դարերի կողային զոհասեղաններ[22]:
Սուրբ Եկատերինա մատուռի կողքին գտնվող սրբարանի վերևի առանձին սենյակում եղել է տաճարային գրապահոց՝ ամենահին գրադարանը Բարդեյովում, որն առաջինն էր Հունգարիայի Թագավորությունում, որը վերափոխվել է հանրային քաղաքային գրադարանի մոտ 1540 թվականին։ 1915 թվականից Սուրբ Էգիդիոյի եկեղեցու գրքերի հավաքածուն պահվում է Բուդապեշտի Հունգարիայի ազգային թանգարանում[23]:
Բրոնզից պատրաստված մրկրտության ավազան 15-րդ դարի 1-ին կես |
Հին զանգեր «Յան» և «Ուրբան» | Բազիլիկի ինտերիեր | Բազիլիկի գլխավոր խորան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://data.gov.sk/dataset
- ↑ 2,0 2,1 Centre, UNESCO World Heritage. «Bardejov Town Conservation Reserve (973; iii, iv)». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ 3,0 3,1 Centre, UNESCO World Heritage. «Bardejov Town Conservation Reserve». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ 4,0 4,1 Marcell Jankovics, Méry Gábor, 2013
- ↑ 5,0 5,1 5,2 Bardejov — farnosť sv. Egídia
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Pamiatková rezervácia Bardejov, 2009
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Pamiatky mesta: Bazilika minor Sv. Egídia
- ↑ Gabriel Drobniak, Alexander Jiroušek, 2001
- ↑ Pamiatková rezervácia Bardejov, 2009, s. 23—24
- ↑ Pamiatková rezervácia Bardejov, 2009, s. 28
- ↑ «Бартфельд». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Pamiatková rezervácia Bardejov, 2009, s. 23
- ↑ František Gutek, 2010, s. 4—5
- ↑ Pamiatková rezervácia Bardejov, 2009, s. 25
- ↑ Pamiatková rezervácia Bardejov, 2009, s. 24
- ↑ Gabriel Drobniak, Alexander Jiroušek, 2001, s. 14
- ↑ 17,0 17,1 Pamiatková rezervácia Bardejov, 2009, s. 26
- ↑ Pamiatková rezervácia Bardejov, 2009, s. 29
- ↑ «Zoznam vybraných národných kultúrnych pamiatok». Pamiatkový úrad Slovenskej Republiky. 2014 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Apoštolské breve». Pápež Ján Pavol II. 2000 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Bazilika minor svätého Egídia v Bardejove ožila organovým festivalom». Tlačová kancelária Konferencie biskupov Slovenska. 2014 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ 22,0 22,1 František Gutek, 2010
- ↑ František Gutek, 2010, s. 5
Գրականություն
խմբագրել- Drobniak, Gabriel; Jiroušek, Alexander Bazilika minor sv. Egídia v Bardejove. — Kapušany: BENS, 2001.
- Jankovics, Marcell; Gábor, Méry Bazilika svätého Egídia v Bardejove. — Méry Ratio Kiadó, 2013.(չաշխատող հղում)
- Gutek, František Bardejov v 16. storoèí // Bardejovský Prameň : časopis/ամսագիր. —Bardejov, 2010. — В. 8. — № 2. — S. 3—5.
- Pamiatková rezervácia Bardejov – Zásady ochrany pamiatkového územia – aktualizácia / Mária Poláková. — Prešov: Krajský pamiatkový úrad Prešov, 2009. — S. 20—33.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Bardejov – farnosť sv. Egídia». Arcibiskupstvo Košice. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
- «Bazilika sv. Egídia». Rímskokatolícka farnosť sv. Egídia v Bardejove. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
- «Pamiatky mesta: Bazilika minor Sv. Egídia». Webstránka mesta Bardejov. Mesto Bardejov. 2010 թ․ փետրվարի 3. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Էգիդիոյի բազիլիկա» հոդվածին։ |