Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Տող)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի հարավարևմտյան մասում, ընդարձակ գերեզմանոցի մոտ[1]։
Սուրբ Ստեփանոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | Մարտունու շրջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արցախի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1747 |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1747 |
Պատմություն
խմբագրելՍուրբ Ստեփանոս եկեղեցին գոյություն է ունեցել վաղուց, և մելիք Եգանն ու նրա որդին միայն նորոգել են եկեղեցու կտուրը։ Այս մասին վկայում է Մակար եպիսկոպոս Բարխուտարյանցը, ով եկեղեցու դռան ճակատակալ քարի վրա կարդացել է․
«Թվ․ ՌՃՂԶ (1747)։ Յիշատակ է սուրբ ըՍտեփանոս եկեղեցուս գլուխն, որ նորոգեց մելիք Եգան ր որդին մելիք Եսային։ Յիշատակ է հոգւոյ»[2] |
Ժամանակակից եկեղեցու տեղում գոյություն է ունեցել ավելի հին կառույց, ենթադրաբար դա եղել է հեթանոսական տաճար, որը լրիվ քանդվել է, իսկ քարերը մասամբ օգտագործել են նոր եկեղեցին կառուցելու ժամանակ[3]։ Նման շատ օրինակների կարելի է հանդիպել Արցախի 16–18–րդ դարերի հուշարձաններում, քանի որ 14—15–րդ դարերի արհավիրքներից վնասված եկեղեցիների տեղերում կառուցում էին նորերը։ Եկեղեցու պատերի մեջ տեղադրված են բազմապիսի զարդաքանդակներով զարդարված 51 խաչքար։
Գերեզմանոցի հյուսիսարևմտյան մասում, զառիվեր լանջին, գտնվում է Կուսանաց անապատ կոչվող եկեղեցին, որը գրեթե կիսով չափ ծածկված է հողով։ Պատերի մոտ նկատելի են վանական խցերի հետքերը։ Եկեղեցու միակ արձանագրությունը արված է մուտքի վերևում տեղադրված խաչքարի վրա. «Սուրբ Վարդանի Խաչ»։ Հավանաբար, եկեղեցին նույնպես կոչվել է Սուրբ Վարդանի անունով։ Ավարայրի ճակատամարտի հերոս՝ Վարդան զորավարի անունը սրբություն է եղել ժողովրդի համար և Հայաստանի տարբեր շրջաններում նրա պատվին կառուցվում էին եկեղեցիներ, մատուռներ և խաչքարներ։
Ճարտարապետություն
խմբագրելՀատակագիծը ներկայացնում է 12 մետր x 7,8 մետր չափի ուղղանկյուն դահլիճ, որը արևելյան կողմից պսակում են բեմև և խորանների խորշերը։ Բեմ-աբսիդն ունի շեշտված կիսագլանաձև տեսքը[4]։ Թաղածածկ շենքը կառուցված է ճեղքված, մաքուր տաշած և կոպտատաշ քարերով։ Ճակատային պատերը կառուցված են կոպտատաշ, իսկ թաղի կամարները, մուտքը և լուսամուտները՝ սրբատաշ մեծ քարերով։ Որմնամույթերը կառուցված են պատի շարվածքի սկզբունքով՝ արտաքին երեսները սրբատաշ քարերից, միջուկը՝ բուտաբետոնից, դրանք են հիմնականում կրում շենքի ծանրությունը։ Շարվածքում օգտագործված բեկորները կաթնագույն տուփ են (ատամնավոր քիվի և քանդակազարդ գոտու, խաչքարերի և տապանաքարերի բեկորներ)։
Տեղանքի թեքության պատճառով եկեղեցու դահլիճը ոչ մի տեղ չի բարձրանում բակի նիշից և մասամբ նույնիսկ խրված է գետնի մեջ՝ 1,5 մետր խորությամբ։ Այս հանգամանքը թելադրված է նաև նրանով, որ եկեղեցին ստորգետնյա գաղտնի անցուղիով կապված է եղել դրսի հետ։
Սուրբ Ստեփանոս եկեղեցու պատերի մեջ ագուցված են 51 խաչքար։ Դրանք ոչ միայն բազմազան են ու խայտաբղետ, այլև ժամանագրական առումով խաչքարերի մի ուշագրավ հավաքածու են կազմում։ Այստեղ կարելի է հանդիպել և պարզունակ հավասարաթև խաչքարերի և զարդաքանդակված խաչքարերի։ Խաչքարերի մեծ մասի վրա առկա են վիմագրական արձանագրություններ։
Եկեղեցու շրջապատում, բլրի գագաթին ու լանջերին կան հեծյալների, զինվորների, որսորդների, երաժիշտների, գինու մատուցման տեսարաններով պատկերաքանդված հարյուրավոր հին տապանաքարեր, որոնք թեմատիկային բազմազանությամբ ու արվեստով առանձնահատուկ տեղ են գրավում համանամ հուշարձանների շարքում։
Կասկածից վեր է, որ Սուրբ Ստեփանոսը ժամանակին վանական համալիր է եղել։ Այդ է հաստատում աղոթասրահի հարավային պատի փոփոխությունը։ Աբսիդների կառուցումը չի թաքցրել երբեմնի գմբեթավոր եկեղեցու հիմնապատերը։ Դրանց հետքերը տեսանելի են ինչպես կառույցի ներսում, այնպես էլ դրսում՝ եկեղեցու հարավային ճակատային պատի շարունակությունը կազմող տարածության վրա։ Այժմյան աղոթասրահն իր ծավալատարածական հորինվածքով բաղդատվում է Գտչավանքի գավթի հետ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.building.am/arm/buildings-index/surb-stepanos-church-togh-nkr-armenia/
- ↑ Մ․ Բարխուդարյանց, Արցախ, էջ 77
- ↑ Ակնարկ հայ ճարտարապետության պատմության, Երևան, 1964 թվական, էջ 94
- ↑ Շահեն Մ․ Մկրտչյան Արցախի Պատմա–Ճարտարապետական հուշարձանները, 1980 թ, էջ 93