Ստեպան Վասիլևիչ Անիկին (կեղծանուններ՝ С. Чардымский; А — ъ; А.; А. С.; С. А-нъ; В., դեկտեմբերի 12 (24), 1868[1] կամ հունվարի 1 (13), 1868[1], Լոպատինսկի շրջան, Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ - մարտի 5, 1919(1919-03-05), Սարատով, Խորհրդային Ռուսաստան[2]), Ռուսական կայսրության 1-ին գումարման պետական ​​դումայի պատգամավոր Սարատովի նահանգից, արձակագիր, հրապարակախոս։

Ստեպան Անիկին
 
Կուսակցություն՝ Սոցիալ-հեղափոխական կուսակցություն
Մասնագիտություն՝ գրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 12 (24), 1868[1] կամ հունվարի 1 (13), 1868[1]
Ծննդավայր Լոպատինսկի շրջան, Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ
Վախճանի օր մարտի 5, 1919(1919-03-05)
Վախճանի վայր Սարատով, Խորհրդային Ռուսաստան
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Ամուսին Էմիլյա Անիկինա
Առաջին պետդումայի անդամներ, աշխատանքային խմբի ղեկավարներ՝ Ալեքսեյ Ալադին, Իվան Ժիլկին, Ստեպան Անիկին, 1906

Կենսագրություն

խմբագրել

Եղել է ուղղափառ կրոնադավանության գյուղացիներից։ Հայրը՝ Վասիլի Էլիսեևիչը, մորդվան-էրզյան էր, մայրը՝ Եվդոկիա Յակովլևնան, մորդովան-մոկշա։ Վասիլի Էլիսեևիչը զինվոր է դարձել իր ամուսնացած կրտսեր եղբոր փոխարեն, իսկ Ստեպանը գործնականում մեծացել է առանց հոր[2]։

Ավարտել է Զեմստվոյի գյուղական դպրոցը։ Երբ հայրը վերադարձել է 25 տարվա ծառայությունից, Ստեպանն արդեն տասներեք տարեկան է եղել, և ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Սարատով[3], որտեղ 1886 թվականին ավարտել է Սարատովի Ալեքսանդրովյան արհեստագործական ուսումնարանի երկամյա դասընթացը սանտեխնիկայի և ատաղձագործության բաժիններում, վերադարձել է Կամաևկա գյուղ, որտեղ մի քանի տարի զբաղվել է հողագործությամբ։ Այնուհետև աշխատել է որպես գրասենյակային ծառայող և գրագիր, հիմնականում զբաղվել է ինքնակրթությամբ, ինչը նրան հնարավորություն է տվել քննություններ հանձնել ազգային ուսուցչի կոչման համար։ 1892 թվականից աշխատել է որպես գյուղական ուսուցիչ, այնուհետև Սարատովի գավառի Նովիե Բուրասի գյուղի ուսումնարանի վարիչ, իսկ ավելի ուշ որպես «կրկնողական դասընթացների» ուսուցիչ՝ Սարատովի նահանգի Ատկարսկի և Պետրովսկի գավառների մեծահասակների երեկոյան հանրակրթական դասընթացներում։ Ղեկավարել է նոր քառադասարան տարրական դպրոցը, որը կառուցել է բարոն Ֆյոդոր Ռուդոլֆովիչ Շտինգելը գյուղացի երեխաների համար Վոլին նահանգի իր կալվածքում։ 1901 թվականին վերադարձել է Սարատովի նահանգ[3], մասնակցել Ուսուցիչների համառուսական միության կազմակերպմանը, 1902 թվականի դեկտեմբերի վերջին - 1903 թվականի հունվարի սկզբին, Մոսկվայում միության առաջին համագումարի ժամանակ[2] հանդես է եկել «Ռուսական ժողովրդական ուսուցչի նյութական և իրավական անապահովության մասին» զեկուցումով[3]։ Մասնակցել է նաև Ուսուցիչների համառուսական միության III և IV համագումարներին[2]։ Այն բանից հետո, երբ Անիկինին արգելել են աշխատել որպես ուսուցիչ, Պետրովսկի գավառում դասավանդել է երեկոյան հանրակրթական դասընթացներում[3]։

1900 թվականից եղել է Սոցիալիստական ​​հեղափոխական կուսակցության Սարատովի կազմակերպության անդամ, իսկ 1905 թվականին դարձել է Սարատովի բջիջի ղեկավարներից մեկը[3], եղել կուսակցության գյուղական «եղբայրության» կազմակերպիչներից։ 1900 թվականի սկզբին նա առաջին անգամ իրեն դրսևորել է որպես լրագրող և գրող։ Անիկինի հրապարակումները տպագրվել են «Սարատովյան թերթիկ» (1901) և «Սարատովյան զեմստվոյական շաբաթաթերթ» (1902) թերթերում։ Նրա առաջին պատմվածքները՝ «Ճանապարհազրկություն» և «Պետք է ապրել» տպագրվել են «Սարատովյան օրագիր» թերթում (1903 թվականի մարտի 5 - 14 և մայիսի 13)։ 1904 թվականի հունվարի 24-ին, 20 այլ մեղադրյալների հետ Անիկինը ձերբակալվել է թռուցիկներ տարածելու և գյուղացիական գաղտնի կազմակերպություն ստեղծելու կասկածանքով։ Նա բանտարկվել է Սարատովի նահանգային բանտում, որտեղ անցկացրել է 6 ամիս։ Գործը կարճվել է ապացույցների բացակայության պատճառով։

Անիկինն աշխատել է Սարատովի քաղաքապետարանի ժողովրդական կրթության բաժնում։ 1905 թվականի հունվար-մարտ ամիսներին եղել է գործադուլային կոմիտեի անդամ քաղաքապետարանի գործադուլի ժամանակ։ Այդ գործադուլը կազմակերպելու համար ազատվել է աշխատանքից և ձերբակալվել։ Բանտից դուրս գալուց իմացել է, որ կորցրել է իր աշխատատեղը քաղաքապետարանում։ Գումար վաստակել է գրական աշխատանքով 1905 թվականի մարտին և ապրիլին, Անիկինի հրատարակությունների ամենամեծ քանակությունը տպագրվել է «Սարատովյան թերթիկ»-ում։ 1905 թվականի ամռանը և աշնանը հայրենի գյուղում գտնվելու ժամանակ զբաղվել է գյուղացիների շրջանում քարոզչությամբ։ 1905 թվականի վերջին Սարատովի նահանգային Զեմստվոյի վարչության կողմից նշանակվել է Պետրովսկի գավառի ապահովագրական գործակալ, սակայն նահանգապետը թույլ չի տվել կատարել իր պարտականությունները։ 1905 թվականին Պովոլժիեում կազմակերպել է Համառուսական գյուղացիական միության մասնաճյուղեր։ 1905 թվականի դեկտեմբերի 18-ին Պոկրովսկոե գյուղում մասնակցել է Համառուսաստանյան գյուղացիական միության Սարատովի նահանգային համագումարի նախապատրաստմանն ու գումարմանը։ 1905 թվականին ընտրվել է Սարատովի նահանգի Գյուղացիական միության բյուրոյի անդամ։ 1905 թվականի դեկտեմբերյան իրադարձություններից հետո ստիպված է եղել թաքնվել մինչև Պետդումայի ընտրությունների սկիզբը։ Պետդումայի նախընտրական քարոզարշավի ժամանակ եղել է Սարատովի «Աշխատավորների միության» կազմակերպիչը։

1906 թվականի ապրիլի 14-ին ընտրվել է Պետական ​​դումայի առաջին գումարման պատգամավոր վոլոստերի ներկայացուցիչների համագումարի կողմից։ Եղել է Աշխատանքային խմբի առաջնորդներից, հասցեի կազմման հանձնաժողովի և ագրարային հանձնաժողովի անդամ, բազմիցս ելութներ է ունեցել, այդ թվում՝ ագրարային հարցի, համաներման, մահապատժի, պատգամավոր Գրիգորի Ուլյանովին դատարան կանչելու վերաբերյալ, Գյուղացիական միության հարցման, բնակչությանը պարենային օգնության համար 10 մլն ռուբլի հատկացնելու վերաբերյալ, ստորագրել է հայտարարություններ պաշտոնատար անձանց հանցագործությունները հետաքննող հանձնաժողով ստեղծելու, տեղական ագրարային կոմիտեների կազմակերպման վերաբերյալ։ Առաջին գումարման Պետդումայի ցրումից կարճ ժամանակ առաջ իբրև դելեգատ Աշխատանքային խմբի կողմից ուղարկվել է Լոնդոն՝ Միջխորհրդարանական միության սոցիալիստական ​​համաժողովին մասնակցելու համար։ Դումայի լուծարման ժամանակ բացակայել է Սանկտ Պետերբուրգից, հետևաբար չի մասնակցել «Վիբորգյան կոչի» կազմմանն ու ստորագրմանը։ Մասնակցել է 2-րդ գումարման Պետդումայի նախընտրական քարոզարշավին և եղել ընտրողների կազմում։ Սակայն Սարատովի ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել նրա ընտրությունը Սենատի որոշման հիման վրա, որով սահմանվել է, որ ըստ գյուղացիական ընտրախավի, ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն միայն այն գյուղացի տնատերերը, ովքեր ունեն իրենց սեփական տնտեսությունը։

1906-1907 թվականներին եղել է Առաջին պետդումայի աշխատանքային խմբի ժամանակավոր և մշտական ​​հանձնաժողովների անդամ։ 1906 թվականի հուլիսից հոկտեմբեր եղել է նրա Հեղկոմի անդամ։ 1907-1909 թվականներին եղել է Աշխատանքային խմբի Կենտկոմի անդամ։ 1908 թվականին Անիկինը դարձել է «Աշխույժ խոսք» ամսագրի ոչ պաշտոնական խմբագիրը, որտեղ հրատարակել է իր «Ռուսաստանի խորքերում» ակնարկների շարքը[3]։

1908 թվականին Անիկինի կողմից կազմակերպված Սանկտ Պետերբուրգի «Մայրենի աշխարհ» գրահրատարակչությունը հրատարակել է «Մորդովյան ժողովրդական հեքիաթներ» գիրքը, որը Մորդովական բանահյուսության հավաքագրման երկար աշխատանքի արդյունք էր։ 1909 թվականին նա ձերբակալվել է Համառուսաստանյան գյուղացիական միության Սարատովի կազմակերպության հետաքննության շրջանակներում, գրավի դիմաց ազատ է արձակվել, որից հետո հատել է լեհ-ավստրիական սահմանը։ Անցնելով Բելգիայով և Ֆրանսիայով հայտնվել է Շվեյցարիայում, որտեղ Ա. Ն. Բախի օգնությամբ տուն է վարձել Ժնևի մոտ գտնվող Օնէ քաղաքում[3]։

Համագործակցել է «Ռուսական հարստություն», «Եվրոպայի տեղեկագիր», «Աշխույժ խոսք» և այլ ամսագրերի հետ, հրատարակել է պատմվածքների մի քանի գրքեր, ակնարկներ և լրագրողական հոդվածներ։ 1914 թվականին վերադարձել է արտագաղթից, սահմանային անցակետում ձերբակալվել և տեղափոխվել Սարատով, որտեղ գրավի դիմաց ազատ է արձակվել։ 1915 թվականի մայիսին Սարատովի դատական ​​պալատը նրան արդարացրել է։ 1916 թվականի աշնանից նա ընտանիքի հետ բնակվել է Նովոչերկասկում[3]։

 
Ստեպան Անիկին, 1906

1915-1919 թվականներին Անիկինն եղել է կոոպերատիվ շարժման առաջնորդ, Մոսկվայի կոոպերատիվների միության շրջագայող դասախոս։ 1917 թվականի փետրվարից հետո տեղափոխվել է Սարատով և ընտրվել զեմստվոյի վարչության նախագահի տեղակալ։ 1917 թվականի մայիսին եղել է Գյուղացիական պատգամավորների համառուսաստանյան 1-ին համագումարի մասնակից, Պետրոգրադի բանվորների և զինվորների պատգամավորների խորհրդի անդամ, Սարատովի գավառական զեմստվոյի նախագահի և ժողովրդական կրթության բաժնի վարիչի ընկերը։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է իր կողմից կազմակերպված Ստորին Վոլգայի կոոպերատիվ միության վարչության նախագահը։ 1918 թվականին ընտրվել է Սարատովի բանվորների և զինվորների պատգամավորների խորհրդի անդամ։ 1918 թվականի գարնանը, հիվանդ լինելով, մեկնել է Կամաևկա, որտեղ կազմակերպել է գյուղատնտեսական դպրոց գյուղացի երիտասարդների համար։ 1918 թվականի հունիսին սկսել է հրատարակել «Կոոպերատիվ միտք» ամսագիրը։ 1919 թվականի մարտի 2-4-ը տեղի է ունեցել կոոպերատիվ միության համագումարը, որտեղ Անիկինը հանդես է եկել ծավալուն ելույթով։ Մարտի 4-ին, տուն վերադառնալով, իրեն վատ է զգացել և շուտով ստացել է երրորդ ինսուլտը (առաջին երկուսը ստացել է 1915 և 1917 թվականներին)[3]։

Ընտանիք

խմբագրել
  • Առաջին կին՝ Մարիա Ալեքսանդրովնա, ամուսնալուծությունից հետո նրա հետ է մնացել դուստրը։
    • Որդին՝ Բորիս (մինչև 1901 թվական - 1919 թվականից հետո), ապրել է հոր հետ աքսորում, մահացել է քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո (նա ընկերների հետ հիմնել է առաջին կոմունաներից մեկը։ Հակախորհրդային գյուղացիական ապստամբության ժամանակ կոմունայի բոլոր անդամները և կուսակցության անդամները, այդ թվում Բորիսը, ձերբակալվել և կախաղան են բարձրացվել)։
    • Դուստրը՝ Աննա (1901-1982), 19-րդ դարի ռուս գրականության մասնագետ, «Գրական ժառանգություն» հատորների հեղինակ, մատենագետ[4]։
  • Երկրորդ կինը՝ Էմիլիա Էդուարդովնա Բուդկևիչ (1886-1983)։
 
Անիկինի «Ովքե՞ր են հրեաները և ինչու սև հարյուրակայինները նրանց չեն սիրում» գրքի շապիկը, 1908
  • О социал-демократах и социалистах-революционерах. М., 1905;
  • Как смотрят социалисты-революционеры и социал-демократы на крестьянство и земельный вопрос. СПб., 1906;
  • Что такое Трудовая группа: К выборам во II Государственную думу. СПб., 1907;
  • Кто такие жиды и за что их чёрная сотня не любит. — СПб., 1908;
  • Мордовские народные сказки. СПб., 1909;
  • Деревенские рассказы. СПб., 1911;
  • Когда откроются райские двери: (Старинное сказание). М, 1912;
  • На Чардыме: Сборник рассказов. Саратов, 1969.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Русские писатели 1800—1917: Биографический словарь (русский) / P. NikolayevMoscow: The Great Russian Encyclopedia, 1989. — Vol. 1. — 672 p.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Библиотека мордовской литературы
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Вождаева М. Н. Творчество С. В. Аникина в контексте формирования дооктябрьской мордовской литературы. Дисс. на соиск. к. ф. н. Саранск 2004.
  4. «Литературное наследство». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.

Գրականություն

խմբագրել

Արխիվներ

խմբագրել
  • Российский государственный архив литературы и искусства. Фонд 2206 (С. В. Аникин);
  • Российский государственный исторический архив. Фонд 1278. Опись 1 (1-й созыв). Дело 40. Лист 18; Фонд 1327. Опись 1.1905 г. Дело 141. Лист 98 оборот — 99; Дело 143. Лист 120 оборот.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեպան Անիկին» հոդվածին։