Ստեփան Թումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Լևոնի Թումանյան (մարտի 26, 1921[1], Բերդ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ[1] - հոկտեմբերի 1, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական աշխատող։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)[2], ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1965)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966)։
Ստեփան Թումանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1921[1] |
Ծննդավայր | Բերդ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 1, 1984 (63 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Կրթություն | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու (1969) |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Աշխատատու | ՀԿԿ[1] և ԽՍՀՄ պետպլան |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (1943)։ Եղել է Երևանի Ս. Կիրովի անվան քիմկոմբինատի տնօրեն (1954-1957, 1961-1971), ՀԽՍՀ Ժողտնտխորհի նախագահի առաջին տեղակալ (1957-1959), ՀԿԿ Կենտկոմի քարտուղար և բյուրոյի անդամ (1959-1961), ՀԽՍՀ Պետպլանի նախագահի առաջին տեղակալ (1971-1973), ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ՀԽՍՀ Պետպլանի նախագահ։ 1977 թվականից ԽՍՀՄ Պետպլանի նախագահի տեղակալ։ Ընտրվել է ՀԽՍՀ 4-9 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։
Կենսագրություն
խմբագրելՍտեփան Լևոնի Թումանյանը ծնվել է 1921 թվականի մարտի 26-ին, Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ, Բերդ քաղաք), ծառայողի ընտանիքում[3][4]։ Ստեփանը դեռ նախադպրոցական է եղել, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան[5]։
Ստեփան Թումանյանն ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը[5], որից հետո ընդունվել և 1943 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետը՝ որպես ինժեներ-քիմիկոս[6]։ Դեռևս Պոլիտեխնիկական ինստիտուտի վերջին կուրսի ուսանող լինելով՝ 1942 թվականին Թումանյանն աշխատանքի է ուղարկվել ԽՍՀՄ Քիմիական արդյունաբերության նախարարության Երևանի Ս. Մ․ Կիրովի անվան քիմիական կոմբինատ[7]։ Հայրենական մեծ պատերազմի դժվարին ժամանակաշրջանում ընդհատվել է գործարանի նյութատեխնիկական մատակարարումը։ Թումանյանը կոմբինատի ինժեներների կոլեկտիվի հետ լուծել է կարբիդի արտադրության հարցը՝ բացակայող անտրացիտի փոխարեն օգտագործելով անորակ քարածուխ[8]։ Լավագույն կողմերով դրսևորելով իրեն՝ շուտով Թումանյանը նշանակվել է արտադրական բաժնի պետի տեղակալ, որից հետո՝ պետ, ապա՝ արտադրության պետ[9]։ 1945 թվականին ընդունվել է ՀամԿ(բ)Կ/ԽՄԿԿ շարքերը, որից հետո դարձել է կոմբինատի ՀամԿ(բ)Կ կուսակցական կազմակերպիչը[6][9]։
1952 թվականին Ստեփան Թումանյանը պետական աշխատանքի է անցել Երևանի խոշոր արդյունաբերական շրջանում՝ նշանակվելով ՀԿԿ Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար, որից հետո՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի պետ։ 1954 թվականին նշանակվել է Երևանի քիմիական կոմբինատի տնօրեն և պաշտոնավարել մինչև 1957 թվականը։ 1957 թվականին նշանակվել է ՀԽՍՀ ժողտնտխորհի նախագահի առաջին տեղակալ՝ ՀԽՍՀ նախարար, իսկ 1959 թվականի հուլիսից մինչև 1961 թվականի փետրվարը եղել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար՝ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ[3][4][6]։
1961 թվականին Ստեփան Թումանյանը կրկին նշանակվել է ԽՍՀՄ Քիմիական արդյունաբերության նախարարության Ս. Մ. Կիրովի անվան Երևանի քիմիական կոմբինատի տնօրենի պաշտոնում[4]։ Թումանյանի ղեկավարության տարիներին կոմբինատը ապահովվել է բնական գազով, որը ծառայել է ոչ միայն որպես վառելիք, այլև հումքի աղբյուր[10]։ Խորհրդային Միությունում առաջին անգամ կոմբինատում մշակվել է բնական գազից ացետիլենի արտադրության տեխնոլոգիա և 1965 թվականին թողարկվել է առաջին արտադրանքը։ 1966 թվականին Երևանի քիմիական կոմբինատը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[11]։ Նյութերի և տեխնոլոգիական գործընթացների զարգացման հարցերում նշանակալի է եղել գործարանի տնօրեն Ստեփան Թումանյանի գիտական ներդրումը։ Նրա առաջարկած մեթոդները նշվել են հեղինակային իրավունքի վկայականներով[12]։ 1969 թվականին Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան նուրբ քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտում Թումանյանը պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը «Քլորոպրենի հիման վրա նոր պոլիմերային նյութերի և նաիրիտի արտադրության որոշ գործընթացների կատարելագործումը» թեմայով[13]։ Արդյունաբերության մեջ բնական գազի բաղադրության կայունացման մեթոդի մշակման և ներդրման համար Թումանյանը որպես կոլեկտիվի անդամ արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի[14]։ Թումանյանի գլխավորությամբ Երևանի քիմիական կոմբինատը առաջատար դիրքեր է զբաղեցրել Խորհրդային Միության քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների շարքում և հանդիսացել քլորոպրենային կաուչուկի ամենամեծ մատակարարը։ Ութերորդ հնգամյա պլանի ընթացքում (1966-1970) գործարանի արտադրական հզորությունն ավելի քան կրկնապատկվել է և գործարանի կոլեկտիվը ժամանակից շուտ կատարել է հնգամյա պլանը[15]։ Թումանյանը մեծ ուշադրություն է դարձրել քիմիական կոմբինատի աշխատողների կուլտուր կենցաղային և սպասարկման հաստատությունների ստեղծմանը։ Նրա ջանքերով Արզական գյուղում կազմակերպվել է կոմբինատի առողջարանի (1958-1961, նախագծի հեղինակ՝ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան) և Երևանում կոմբինատի հիվանդանոցի նոր շենքի կառուցումը[16]։
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1971 թվականի ապրիլի 20-ի հրամանագրով հնգամյա պլանի առաջադրանքների կատարման գործում ակնառու հաջողության, աշխատանքի առաջադեմ մեթոդների ներդրման և տեխնիկական և արտադրական բարձր ցուցանիշներ ապահովելու համար Ստեփան Լևոնի Թումանյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և «Մուրճ ու մանգաղ» ոսկե մեդալ[17]։
1971 թվականից Թումանյանը կրկին անցել է պետական աշխատանքի։ Թումանյանը մինչև 1973 թվականի փետրվարը զբաղեցրել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի Պետպլանի կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ 1973 թվականի փետրվարից մինչև 1977 թվականի փետրվարը Թումանյանը եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի Պետպլանի կոմիտեի նախագահ, միաժամանակ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1977 թվականին Թումանյանը դարձել է ԽՍՀՄ պետպլանի կոմիտեի նախագահի տեղակալ և պաշտոնավարել մինչև 1979 թվականը։ 1979 թվականի հոկտեմբերից Թումանյանը կրկին եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ[6][18]։
Թումանյանն ընտրվել է ՀԽՍՀ IV-X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր նախ՝ Երևան քաղաքի Չեխովի թիվ 12 ընտրատարածքից, որից հետո՝ Մայակովսկու թիվ 114 և Լենինականի Շաումյանի թիվ 134 ընտրատարածքից[19][18]։ Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արդյունաբերության, տրանսպորտի և կապի հանձնաժողովի նախագահը[4]։ Թումանյանը եղել է ԽՄԿԿ XXIII համագումարի պատվիրակ։
Ստեփան Թումանյանը մահացել է 1984 թվականին, Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[20]։
Պարգևներ
խմբագրել- Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1971 թվականի ապրիլի 20-ի հրամանագիր, Լենինի շքանշան և «Մուրճ և մանգաղ» մեդալ)՝ հնգամյա պլանի առաջադրանքների կատարման գործում ակնառու հաջողությունների, աշխատանքի առաջադիմական մեթոդների ներդրման և բարձր տեխնիկական ու արտադրական ցուցանիշների ապահովման համար[17],
- Լենինի շքանշան (22.02.1966)[17],
- «Աշխատանքային արիության համար» մեդալ (5.11.1954)[17],
- ՀԽՍՀ Պետական մրցանակ (1972), արդյունաբերության մեջ բնական գազի բաղադրության կայունացման մեթոդի մշակման և ներդրման համար[14],
- ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ[19]։
Գրականություն
խմբագրել- Степан Левонович Туманян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 10-ый созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 10-րդ գումարում. — Ер.: изд-во Верховный Совет Армянской ССР, 1981. — С. 61. — 194 с.
- Туманян Степан Левонович // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1978. — Т. 4. — С. 237. — 720 с.
- Степан Левонович Туманян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 9-ый созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 9-րդ գումարում. — Ер.: изд-во Верховный Совет Армянской ССР, 1976. — С. 61. — 182 с.
- Степан Левонович Туманян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 8-ой созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 8-րդ գումարում. — Ер.: изд-во Верховный Совет Армянской ССР, 1972. — С. 52. — 178 с.
- Шаирян Э. Дорогой дерзаний = Խիզախումների ճանապարհով. — Ер.: Айастан, 1972. — 30 с. — (Наши Герои Социалистического Труда).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 667. — 688 с.
- ↑ 3,0 3,1 Армянская советская энциклопедия, 1978, էջ 237
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1972, էջ 52
- ↑ 5,0 5,1 Шаирян, 1972, էջ 8
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Туманян Степан Левонович». Справочник по истории Коммунистической партии и Советского Союза. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Шаирян, 1972, էջ 8—9
- ↑ Шаирян, 1972, էջ 9
- ↑ 9,0 9,1 Шаирян, 1972, էջ 10
- ↑ Шаирян, 1972, էջ 12
- ↑ Шаирян, 1972, էջ 13
- ↑ Шаирян, 1972, էջ 14
- ↑ Туманян С. Л. Создание новых полимерных материалов на основе хлоропрена и совершенствование некоторых процессов производства наирита: доклад по совокупности опубликованных работ, представленный на соискание учёной степени кандидата технических наук. № 351. — М.: Московский институт тонкой химической технологии имени М. В. Ломоносова, 1969. — 51 с.
- ↑ 14,0 14,1 Лауреаты Государственной премии Армянской ССР // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 677. — 688 с.
- ↑ Шаирян, 1972, էջ 17—18
- ↑ Шаирян, 1972, էջ 18—20
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 Ստեփան Թումանյան «Երկրի հերոսներ» կայքում
- ↑ 18,0 18,1 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1981, էջ 61
- ↑ 19,0 19,1 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1976, էջ 61
- ↑ «Степан Левонович Туманян». hush.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Թումանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 237)։ |