Ստեփան Պողոսյան (մանկավարժ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Պողոսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Հակոբի Պողոսյան (1912, Անգեղակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1996), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ։
Ստեփան Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | 1912 |
Ծննդավայր | Անգեղակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1996 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՍտեփան Պողոսյանը ծնվել է 1912 թվականին, Սիսիանի շրջանի Անգեղակոթ գյուղում։ 1931 թվականին ավարտել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը և 1931-1932 թվականներին աշխատանքի է անցել Անգեղակոթի միջնակարգ դպրոցում, որպես ուսմասվար և քիմիայի ու կենսաբանության ուսուցիչ։ 1930-1940 թվականներին աշխատել է նույն շրջանի Շաղաթի միջնակարգ դպրոցում, սկզբում՝ ուսմասվար, իսկ հետո՝ տնօրեն։ Սովորել և ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի քիմիայի և կենսաբանության ֆակուլտետը[1]։
1939 թվականին Պողոսյանը զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել Միջինասիական զինվորական օկրուգում, հրետանային զորամասում։ 1940 թվականին սովորել է քաղաշխատողների դասընթացներում։ Ավարտելուց հետո նշանակվել է 83-րդ լեռնային թուրքմենական հրաձգային դիվիզիայի 67-րդ գնդի 2-րդ մարտկոցի քաղղեկ։ Եղել է գնդի առաջին դիվիզիոնի կուսակցական կազմակերպության քարտուղարը։ 1942 թվականի հոկտեմբերին Պողոսյանը մասնակցել է Հյուսիսային Կովկասի Թամանի թերակղզու, Կերչի ազատագրման մարտերին, կռվել է 1-ին և 4-րդ Ուկրաինական ռազմաճակատներում, մասնակցել Կարպատներում մղված մարտերին։ Ուժգորոդ և Մուկաչով քաղաքների ազատագրման ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է զորամաս և մասնակցել Լեհաստանի, Չեխոսլովակիայի ազատագրմանը։ 1945 թվականին Չեխոսլովակիայի Բռնո քաղաքի ազատագրման ժամանակ վիրավորվել է, ապաքինվելուց հետո ընտրվել 174-րդ առանձին գումարտակի կուսակցական կազմակերպության քարտուղար[1]։
Մարտական ծառայությունների համար Պողոսյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով, «Կովկասի պաշտպանության համար» և «1941-1942 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[1]։
1946 թվականին բանակից զորացրվելուց հետո աշխատել է Սիսիանի շրջանի Բազարչայի միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1954 թվականին Պողոսյանը տեղափոխվել է Երևան և երկար տարիներ քիմիա դասավանդել երկաթգծի համամիութենական հեռակա ինստիտուտի Երևանի մասնաճյուղում, մայրաքաղաքի Նալբանդյանի և № 70 միջնակարգ դպրոցներում։ Բազմիցս արժանացել է մեդալների և պատվոգրերի։ 1979 թվականին անցել է կենսաթոշակի[1]։
Մահ
խմբագրելՍտեփան Պողոսյանը մահացել է 1996 թվականին։ Թաղված է Չարբախի գերեզմանոցում[2]։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
- ↑ «The memorial of Poghosyan Stepan (Ստեփան Պողոսյան Հակոբի) buried at Yerevan's Charbakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.