Սրտի արատներ
Սրտի արատներ, սրտի կառուցվածքի կայուն անկանոնություն, որը հանգեցնում է նրա ֆունկցիայի խանգարման։ Տարբերում են բնածին և ձեռքբերովի Սրտի արատներ։
Բնածին արատների պատճառը
խմբագրելԲնածին սրտի արատների (անգլերեն՝ Congenital heart defect) պատճառը պտղի ներարգանդային զարգացման շրջանում սրտի և խոշոր անոթների ձևավորման խանգարումներն են, որին նպաստում են թունավորումները և հղիության առաջին կեսին մոր կրած որոշ հիվանդություններ (օրինակ, կարմրախտ), իոնացնող ճառագայթների ազդեցությունը, պտղի քրոնիկական հիպօքսիան են։ Բնածին սրտի արատների մի մասը դասվում են ժառանգական հիվանդությունների շարքը։ Բնածին են նաև երեխայի կյանքի առաջին տարիներին սիրտանոթային համակարգի վերջնական զարգացման կասեցման հետևանքով առաջացած սրտի արատը․։ Բնածին սրտի արատները արտահայտվում են բազմազան ձևերով, և ծանրության աստիճանը պայմանավորված է թոքային արյան շրջանառության փոփոխություններով։ Տարբերում են բնածին սրտի արատի 4 խումբ։
Բնածին սրտի արատի անատոմիական 4 խմբերը
խմբագրել1․ միջնապատի թերություններ՝ ա) միջնախասրտային միջնապատի վրա գտնվող ձվաձև անցքը չի փակվում, աջ և ձախ նախասրտերի արյունը խառնվում է իրար՝ առաջ բերելով կապտուկ, բ) միջփորոքային միջնապատի արատներ, երբ արյունը ձախ փորոքից հոսում է աջ փորոք, և վերջինս աստիճանաբար լայնանում է։ 2․ Բացվածքների նեղացումները լինում են նախասիրտ-փորոքային, աորտայի և թոքային զարկերակացողունի շրջանում։ Առանձնապես անբարենպաստ է թոքային ցողունի նեղացումը, որը դժվարացնում է արյան հոսքը դեպի թոքերը, հետևապես դժվարանում է արյան հարստացումը թթվածնով, առաջանում է կապտուկ։ 3․ Խոշոր անոթների անկանոնություններ, առավել հաճախ՝ չփակված բոտալյան ծորան (որի միջով աորտայից արյունն անցնում է թոքային զարկերակացողունի մեջ) և աորտայի աղեղի նեղացումներ (կոարկտացիա)։ 4․ Զուգորդված արատներ՝ բնածին արատները ոչ հազվադեպ լինում են բազմաթիվ տարբերակների զուգորդումներով (օրինակ, ֆալոյի եռանշան, քառանշան և հնգանշան զուգորդումներ)։ Մաշկածածկույթների կապտուկից և գունատությունից բացի սրտի արատին բնորոշ են նաև հևոցը, սրտի չափերի և դիրքի փոփոխությունները, սրտի աղմուկի առկայությունը, տոների փոփոխությունները, երեխաների ֆիզիկական թերզարգացումը։ Սրտի արատը ախտորոշում են աուսկուլտացիայի, էլեկտրասրտագրության, սրտանոթագրության, աորտագրության, սրտի ձողարկման և այլ մեթոդներով։ Բուժումը վիրաբուժական է։
Ձեռքբերովի արատներ
խմբագրելՁեռքբերովի արատները հետևանք են սրտի փականների (կափույրների) բորբոքման (վալվուլիտ), որը պայմանավորված է ռևմատիզմով, ավելի հազվադեպ՝ սուր կամ ենթասուր սեպտիկ էնդոկարդիտով, սիֆիլիսով և այլ ինֆեկցիաներով։ Պատճառ կարող են դառնալ նաև փականներում զարգացող աթերոսկլերոտիկ պրոցեսը, կրծքավանդակի վնասվածքը (կոնտուզիա), ֆիզիկական գերլարվածությունը։ Վերջինս պայմանավորված է սրտի պտկիկային մկաններում առաջացած արյունազեղմամբ, որի հետ կապված զարգանում են սպիական փոփոխություններ՝ հետագայում ընդգրկելով փականները։ Արատից առաջացող ֆունկցիոնալ խանգարումները փոխհատուցվում են սրտի համապատասխան խոռոչների աշխատանքի ավելացմամբ և նրանց պատերի գերաճմամբ։ Հետագայում զարգանում է խոռոչների լայնացում (դիլատացիա), սրտամկանի սնուցախանգարում, իսկ ավելի ուշ՝ արյան շրջանառության անբավարարություն։ Առանձին դեպքերում, կախված արատի բնույթից և արտահայտվածությունից, փոփոխությունները սրտամկանում և փականներում կարող են չառաջադիմել, և հիվանդը կարող է ապրել մինչև խոր ծերություն։
Սրտի ձեռքբերովի արատները կարելի է բաժանել 2 խմբի՝ ոչ ռևմատիկ և ռևմատիկ։ Ոչ ռևմատիկ բնույթի արատներից են երկփեղկ (միտրալ) փականի անբավարարությունը՝ պայմանավորված սրտի պտկիկային մկանների ֆունկցիայի խանգարումներով, այդ փականի կրակալմամբ և այլն։ Ընդ որում երկփեղկ փականի ոչ ռևմատիկ բնույթի անբավարարություն հանդիպում է ավելի հաճախ։ Ձախ նախասիրտ-փորոքային անցքի նեղացումը, աորտայի և եռփեղկ փականների ոչ ռևմատիկ բնույթի արատները շատ ավելի հազվադեպ են։ Աորտայի փականի անբավարարությունը հաճախ լինում է մեկուսացած, իսկ զուգորդումը հիմնականում լինում է երկփեղկ արատի հետ։ Սրտային անբավարարության երևույթներ երկար տարիներ չեն դիտվում։ Ի հայտ են գալիս համեմատաբար հանկարծակի և դժվար են բուժվում։ Աորտայի անցքի նեղացումը մեկուսացված ձևով հանդիպում է հազվադեպ և դասվում է բարվոք ընթացող արատների շարքը։ Հիվանդը երկար տարիներ, նույնիսկ մինչև կյանքի վերջը, կարող է պահպանել աշխատունակությունը։ Աորտայի համակցված արատը սովորաբար բնութագրվում է անբավարարության գերակշռությամբ և առաջ է բերում ավելի արտահայտված հեմոդինամիկ խանգարումներ։ Երկփեղկ փականի անբավարարությունը կազմում է սրտի բոլոր արատների մոտ 10%-ը։ Մեկուսացված ձևով այն լուրջ հեմոդինամիկ խանգարումներ չի առաջացնում, իսկ արյան շրջանառության խանգարման երևույթներ նկատվում են հազվադեպ։ Համակցված երկփեղկ արատը կամ երկփեղկ անցքի նեղացումը հանդիպում է սրտի բոլոր արատներից առավել հաճախ և գրավում է առանձնահատուկ տեղ, քանի որ մեծ մասամբ հանգեցնում է սրտային անբավարարության արտահայտված խանգարումների, ընդհուպ մինչև հաշմանդամության։ Սրտի եռփեղկ փականի և թոքային զարկերակի մեկուսացված արատները չափազանց հազվադեպ են։
Բուժումը
խմբագրելՍրտի ձեռքբերովի արատների և դրանց բարդությունների վիրաբուժական կամ դեղորայքային բուժման հարցերը որոշում են՝ ելնելով արատի բնույթից, փուլից, սրտի ռիթմից և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 173)։ |