Սևաբերդ (Կոտայքի մարզ)
Սևաբերդ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 53 կմ հարավ-արևելք, Գեղամա լեռների լանջին։
Գյուղ | ||
---|---|---|
Սևաբերդ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայքի | |
Համայնք | Կոտայքի մարզ | |
ԲԾՄ | 2058 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 270 մարդ (2012[1]) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Տեղադրություն
խմբագրելՍևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամանակով միացած է եղել Զառ համայնքին։ Համաձայն ՀՀ վարչապետի 20.10. 1997 թ․ թիվ 493 որոշման՝ Սևաբերդը ներառվել է ՀՀ բարձր լեռնային բնակավայրերի շարքում[2]։ 2017 թ․ համայնքների խոշորացման ծրագրով գյուղը մտել է Ակունք համայնքի մեջ։ Գյուղից ոչ հեռու` 1,5 կմ հարավ, գտնվել է եզդիական բնակավայր՝ Մուսաքենդ, որը այսօր անմարդաբնակ է։ Գյուղի մակերեսը կազմում է 15.92 կմ2։
Բնակչություն
խմբագրելԳյուղը զուտ հայաբնակ է եղել մինչև 1604 թվականը։ Որոշ ժամանակ անց խանական իշխանությունների հովանավորությամբ հայաթափ գյուղատեղիում հաստատվել են թյուրքական ծագմամբ իսլամադավան խաշնարած ցեղեր։ Նախնիների մի մասը 1915-1918 թթ.-ին և 1922-1925 թթ.-ին գաղթել են Մուշի, Վանի, Բասենի գավառների գյուղերից։ 1949 թ․ 29 ադրբեջանցի ընտանիք հեռացել են գյուղից։ Գյուղի բնակչությունը կազմված է հայերից և եզդիներից։ 1952 թվականին գյուղից 35 հայ ընտանիք տեղափոխվել է գյուղ Հաղթանակ, իսկ 11 ընտանիք տեղափոխվել է Սիլիկյան թաղամաս։ 2020 թ․ տվյալներով բնակչության թիվը կազմում է 220 մարդ։
Սևաբերդի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 403 | 599 | 343 | 720 | 503 | 655 | 393 | 305 | 361 | 211[4] |
Գյուղի հայկական անվանում
խմբագրել1604 թ․ տեղի ունեցած բնիկների անվերադարձ բռնագաղթի հետևանքով ցավոք մոռացության է մատնվել գյուղի հնագույն անվանումը, որը և չի փոխանցվել նաև եկվոր այլազգիներին։ Նրանք, տպավորված գյուղամերձ ամրոցի՝ հատկապես գյուղահայաց հյուսիսային որմի մռայլ գույներից (բերդի այս որմը տարվա ընթացքում ամենաքիչն է լուսավորվում), գյուղը կոչել են Ղարաղալա (թրգմ.՝ սև բերդ), որն էլ 1948 թ. պաշտոնապես վերանվանվել է Սևաբերդ[5]։
Պատմություն
խմբագրելԳյուղում գտնվող պատմական հուշարձանները փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել ոչ թե դարեր, այլ նույնիսկ հազարամյակներ առաջ։ Գյուղին հարավ-արևմուտքից կից պաշտպանական հզոր համակարգը նախաուրարտական ժամանակաշրջանից ավանդված եզակի հուշարձան է, իսկ եկեղեցու և գերեզմանոցի մնացորդներն էլ վկայում են միջնադարում զարգացած գյուղի ծաղկուն վիճակի մասին։ Գյուղի տարածքում պահպանվել են 3 դամբարանադաշտ՝ Ք. ա. 3-1 հազարամյակների։ Սևաբերդը առաջին անգամ գրականության մեջ հիշատակվել է 1862 թ․ Մեսրոպ Սմբատյանցի «Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ Նոր-Նայազետ գավառ ասի» գրքում։ Մեսրոպ Սմբատյանցը եղել է Էջմիածնի միաբան-արքեպիսկոպոս, իսկ գիրքը լույս է տեսել 1895 թ․։ Գրքում նկարագրված է գյուղի դիրքը։ Այդ ժամանակ գյուղում հայեր չեն բնակվել, բայց արքեպիսկոպոսը տեսել է մի մատուռ, խաչքարեր, որոնք ունեցել են հետևյալ արձանագրությունները․ «ԹՎՉԾ (1301թ.) կամաւքն Աստոայծ մենք Ճայճնայս (անունը է, որը գուցե Սմբատյանցը սխալ է կարդացել), և Սարգիսը կանգնեցանք զխաչս ի Քրիստոս, ամեն» (Մենք՝ Ճայճնայս և Սարգիսը, այս Խաչը կանգնեցրինք Քրիստոսի համար։ Թող այսպես լինի)։ Մյուս խաչի վրա գրված է Թ․+ՉԼԷ (1286թ.) «Ես Մամքոս զխզչս, յիշեցեք»։ Ըստ արքեպիսկոպոս Սմբատյանցի` զառեցիները այդ խաչքարերը տարել են իրենց գերեզմանոց։
Եկեղեցաշինություն
խմբագրելԵկեղեցին գտնվելիս է եղել գյուղի հյուսիս-արևելյան կողմի բլրի վրա՝ շրջապատված միջնադարյան գերեզմանոցով։ Արդեն կիսավեր եկեղեցին հիմնահատակ քանդում են 1920-1930-ական թթ., իսկ քարերի հիմնական մասը յուրացնում որպես շինանյութ։ Եկեղեցին կառուցված է եղել համակ սրբատաշ քարով, կրաշաղախով։ Երեսապատի քարերին ունեցել է նվիրատվական բնույթի բազմաթիվ խաչաքանդակներ։ Բոլոր խաչաքանդակները կրում են XIII դարին բնորոշ ոճական և գեղարվեստական առանձնահատկություններ։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են 17 խաչքարեր՝ XI-XVII դարերի, 2 խաչքանդակներ՝ V-VII դարերի։ Գյուղի տարածքում պահպանվել են VII դարի 2 եկեղեցիների և XIV-XV դարերի մատուռի ավերակներ։
Գերեզմանոց
խմբագրելԱյն տարածված է նույն բլրի բարձրության վրա, որտեղ գտնվում են անհետացված եկեղեցու մի քանի բեկորներ՝ վկայելով ավելի քան 150 թաղումների մասին։ Պահպանված գերեզմանական հուշարձանների թվում առկա են ինչպես մի քանի տասնյակ անմշակ սալատապաններ, այնպես էլ շուրջ երկու տասնյակ մեծ մասամբ գեղաքանդակ, սակայն անարձանագիր ու նաև անխտիր և միտումնավոր տեղահան արված, XIII-XVI դարերին բնորոշ ոճական և գեղարվեստական առանձնահատկություններով խաչքարեր։
Տնտեսություն
խմբագրելԳյուղը շրջապատված է հյութալի արոտավայրերով, որը նպաստում է անասնապահության զարգացմանը։ Հողի տիպը` լեռնաշագանակագույն։ Գյուղի միջով անցնող փոքր գետակը թափվում է արհեստական ջրամբարը։ Գետակը ամռան վերջին և աշնանը ցամաքում է։ 2010 մ բարձրության վրա է գտնվում Սևաբերդի ջրամբարը, որի մակերեսը կազմում է 50 հա, խորությունը` 37 մ, տարողությունը՝ 6 մլն3։ 1960 թվականից խմելու սառնորակ ջուրը 8 կմ հեռավորությունից գյուղ է հասնում Բարձրադիրից (Բեզաքլու)։ Սևաբերդ էլեկտրաէներգիան հասել է 1952 թ․։ 2019 թ․ գյուղի համար անցկացվել է նոր վերգետնյա գազատար։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Պահում են խոշոր (կով, ձի) և մանր (ոչխար, այծ) եղջերավոր կենդանիներ, իսկ թռչուններից՝ հավ։
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ցանքատարածքներում աճում է ցորեն, գարի, հաճար։
ՏՈՒՐԻԶՄ
խմբագրելՍևաբերդ գյուղն ունի զբոսաշրջային մեծ ներուժ։ «Black Castle» հյուրատունը տեղակայված է Գեղամա լեռների արևմտյան փեշերին, Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղում` Երևանից 35 կմ հեռավորության, իսկ ծովի մակարդակից 2050մ բարձրության վրա։ Հյուրատունը հիմնադրվել է 2020թ.-ին։ Այն բաղկացած է 2 հարկից։ 1-ին հարկում գործում է «Red Valley» արկածային տուրիզմի այցելուների կենտրոնը և «Black Castle» ռեստորանը։ Ռեստորանն առաջարկում է ինչպես հայկական ավանդական խոհանոց, այնպես էլ` եվրոպական և ռուսական մենյու։ Տրամադրում ենք նաև ճամփորդական լանչ բոքսեր՝ քայլարշավային խմբերի, անհատ զբոսաշրջիկների և բնության գրկում ակտիվ հանգիստ նախընտրող ընտանիքների համար։ 2-րդ հարկում՝ ձեղնահարկում է տեղակայված հյուրատունը, որտեղ առկա է 8 ննջասենյակ. 32 մահճակալ և 2 սանհանգույց։ 2-րդ հարկից հրաշալի տեսարան է բացվում. մի կողմից դեպի՝ Արագած և Հատիս լեռնազանգվածներ, իսկ մյուս կողմից՝ Գեղամա լեռների ալպիական գոտիներ։ Հյուրատունն ունի հողամաս, որի տարածքում է գտնվում 20-րդ դարասկզբին կառուցված և իրենից գյուղական մշակութային ժառանգության մաս ներկայացնող երդիկով օդա`հողե ծածկով և հսկա գերաններով։ Առաջարկում ենք մինչև 32 հոգու համար գիշերակաց նոր վերանորոգված հարմարավետ 8 ննջասենյակներում, էկոլոգիապես մաքուր գյուղական մթերքներից պատրաստված նախաճաշ։ Ճաշն ու ընթրիքը` ըստ ռեստորանի մենյուի կամ տուրիստական փաթեթների։ Դուք կարող եք ներկա գտնվել մեր մոտ ավանդական թոնրի լավաշի, կաթնահունցի և գաթայի թխման արարողությանը, այցելեք մեղվանոց և մասնակցեք մեղրաքամի պրոցեսին, ներգրավվեք գյուղական ֆերմերային կյանքի ընթացիկ աշխատանքներին։ Առաջարկում ենք նաև հյուրերի համար ակտիվ հանգիստ`քայլարշավներ, հեծանվաարշավներ, դահուկարշավներ Կոտայքի մարզում, ինչպես նաև այցելություններ մոտակա տեսարժան վայրեր`«Սևաբերդ» կիկլոպյան ամրոց, Ակնալիճ (3030մ), Պողոս-Պետրոս մատուռ, յոթաղբյուր, Կապույտ Խաչ, «Մեղուների» թանգարան, ինչպես նաև լեռնագնացություն դեպի Գեղամա լեռների ամենաբարձր գագաթ` Աժդահակ լեռ (3597մ), Սեղանասար (3219մ), Ակնասար, Հատիս լեռ (2529մ)։
Նորահայտ խաչքար
խմբագրել2013 թ. գյուղի հյուսիսարևմտյան եզրին սևաբերդցի Դավիթ Աբրահամյանը հայտնաբերել է մի խաչքար, որը, ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների, վերաբերում է XIV-XV դարերին։
Սևաբերդ (Ղարաղալա) ամրոց
խմբագրելԱմրոցը գտնվում է գյուղի հարավարևմտյան եզրին։ Հատակագծում բերդն անկանոն քառանկյուն է, թվագրվում է մ.թ.ա․ 3-2 հազարամյակից մինչև վաղ միջնադարի։ Ունի 4 մ լայնություն, առանց շաղախի և անմշակ քարով հզոր շրջապարիսպ, որի կենտրոնում տեղադրված է միջնաբերդը։ Բերդը կրկնապարիսպ է։ Ինչպես գլխավոր շրջապարսպի, այնպես էլ միջնաբերդի դարպասները բացված են արևելյան որմերից։ Ներքին պարիսպը շինված է խոշոր քարերով։ Ունի երեք մուտք, խիստ հաջող դիրք։ 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին մի բերդ է հիշատակում, որ կոչվում է Գեղայոյ բերդ։ Ենթադրվում է, որ Սևաբերդը հենց այդ Գեղայոյ բերդն է։ Բերդն Աշոտ Երկաթի անվան հետ այնքան կապ ունի, որ 921 թ․, երբ արաբական զորավար Բեշիրը հալածում էր Աշոտ Երկաթին, թագավորը ամրանում է Գեղայոյ բերդում, որը շատ հավանական է՝ հենց Սևաբերդն է։
Դպրոց
խմբագրելՍևաբերդի միջնակարգ դպրոցի նոր շենքը կառուցվել է 1956 թ․։ Դպրոցի տնօրեններ են եղել Վլադիկ Զաքարյանը, Արտավազդ Մեսրոպյանը, Կարապետ Աբրահամյանը, Սուրեն Ղազարյանը, Պետրոս Հայրապետյանը, Յակուբով Շալիկոն (վրացի), Անդրանիկ Ջանգոյանը, Վահան Մուրադյանը։ Դպրոցի աշակերտների թիվ անցել է 150-ից, սակայն գնալով նվազել է։ 2019-2020 ուստարում դպրոցում սովորում է 19 աշակերտ։ Տարբեր տարիների դպրոցի շուրջ 30 շրջանավարտներ ստացել են բարձրագույն կրթություն։
Հուշարձան
խմբագրել1985 թ․ մայիսի 4-ին գյուղի հարավ-արևմտյան եզրին կառուցվել է Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձան։ Հուշարձանի քանդակագործն է Օնիկ Հովհաննիսյանը, իսկ մակետի հեղինակը սևաբերդցի Գոռիշխան Ղազարյանը։ Շինարարությանը մասնակցել է գրեթե ողջ համայնքը։ Հուշարձանը ներկայացնում է զենքը ձեռքին մարտի գնացող զինվորին։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է մոտ 300 սևաբերդցի, որից 45 մարտիկ զոհվել է մարտի դաշտում կամ համարվում է անհետ կորածներ։
Արցախյան գոյամարտ
խմբագրելԱևաբերդցիները անմասն չեն մնացել Արցախյան պատերազմին։ Արցախյան ազատամարտին մասնակցել է 5 սևաբերդցի։ Ազատամարտին մասնակից սևաբերդցի Աբգար Սիմոնյանը զոհվել է 1994 թ․ մայիսի 8-ին Մատաղիսի պաշտպանության ժամանակ՝ զինադադարից մի քանի օր առաջ։ Սևաբերդի դպրոցի ռազմագիտության դասասենյակը անվանակոչվել է Աբգար Սիմոնյանի անունով։ Ապրիլյան պատերազմին մասնակցել է ժամկետային զինծառայող Գևորգ Հակոբյանը և նախկին ազատամարտիկ Հակոբ Մարտիրոսյանը։
Համայնք
խմբագրելԽորհրդային ժամանակաշրջանում` մինչև 1929-1972 թ․, գյուղում եղել է կոլեկտիվ տնտեսություն (կոլխոզ), որի ղեկավարներ են եղել Արբակ Ղազարյանը, Մամիկոն Մամիկոնյանը, Միհրան Նազարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Հաբետ Մկրտչյանը, Հովակիմ Աբրահամյանը, Մուշեղ Աբրահամյանը։ 1972 թ․ սովետական տնտեսության (սովխոզ) ղեկավարներ են եղել Հայաստան Հարությունյանը, Մարտին Թովմասյանը, Սուրիկ Ախոյանը, Նորիկ Սարգսյանը։ 1990-ական թթ․ համայնքի ղեկավարներ են եղել Լևոն Ղազարյանը, Մանվել Մելքոնյան, Մխիթար Մարտիրոսյանը, Մուշեղ Խաչատրյանը, Հակոբ Բաբայանը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
- ↑ «Ակունք համայնքի Սևաբերդ գյուղ». Կոտայքի մարզպետարան. Վերցված է 2020 մարտի 23-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 178» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 16-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Սևաբերդ գյուղը 1831-1931 թվականներին». Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն. Վերցված է 2020 մարտի 23-ին.