Սևանի բեղաձուկ

ձկների տեսակ
(Վերահղված է Սևանի բեղլուից)
Սևանի բեղլու
Սևանի բեղլու
Սևանի բեղլու
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Actinopteri
Կարգ Ծածանակերպեր (Cypriniformes)
Ընտանիք Ծածանազգիներ (Cyprinidae)
Ցեղ Բեղլուներ (Barbus)
Տեսակ Սևանի բեղլու (B. goktschaicus)
Միջազգային անվանում
Barbus goktschaicus

Սևանի բեղաձուկ կամ սևանի բեղլու (լատին․՝ Barbus goctschaicus), ծածանաձկների ընտանիքին պատկանող միջին չափի ձուկ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում տարածված է միայն Սևանա լճում և նրա մեջ թափվող գետերում։ Առաջացնում է լճային, լճագետային և գետային պոպուլացիաներ, որոնք իրարից հիմնականում տարբերվում են իրենց բնակվելու և բազմանալու վայրով։ Տեսակը Սևանա լճի ավազանից դուրս չի հանդիպում։

Նկարագրություն

խմբագրել

Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 15-18 (երբեմն մինչև 30) սմ, զանգվածը՝ 500 գ։ Կիսալուսնաձև կտրվածքով ստորին բերանի անկյուններում և վերին շրթունքի վրա կան մեկական զույգ կարճ բեղիկներ։ Խռիկային առէջները կարճ են՝ բահանման ծայրով։ Պոչային լողակը մկրատաձև է։ Թեփուկները կողագծում 54-72 հատ են։ Մեջքային լողակում կա 12 ճառագայթ, հետնալողակում՝ 8։ Մեջքային լողակի վերջին չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում է համեմատաբար թույլ զարգացած մանր ատամիկներ։ Ալանային ատամները եռաշարք են, երբեմն՝ երկշարք։ Ընդհանուր գունավորումը դեղնամոխրավուն է։ Մեջքը մոխրագույն է կամ մոխրականաչ, կողքերը՝ մոխրադեղնականաչավուն՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը սպիտակ է, դեղնավուն կամ մոխրասպիտակավուն։ Մարմնի վրա ցրված են բազմաթիվ մանր պտեր, որոնք խոշոր առանձնյակների մոտ կարող են ի հայտ չգալ։ Մեջքային և պոչային լողակները մոխրագույն կամ գորշանարնջագույն են, կրծքայինները՝ նարնջագույն կամ նարնջամոխրագույն, իսկ փորային լողակները և հետնալողակը՝ մարմնագույն։ Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղնավուն։

Բազմացում

խմբագրել

Սեռահասուն է դառնում 3-4 տարեկանում, երբեմն՝ ավելի ուշ։ Բազմանում է հունիս-օգոստոսին՝ ջրի 14-18 °C ջերմաստիճանային պայմաններում։ Ձվադրում է բաժիններով՝ 1 տարվա ընթացքում 2-3 անգամ։ Բեղունությունը կարող է հասնել մինչև 26,5 հազար նարնջագույն է կամ դեղնավուն ձկնկիթի։ Հանդիպում է վտառներով։ Վարում է մերձհատակային կենսակերպ։

Սննդառություն

խմբագրել

Սնվում է միջատներով ու նրանց թրթուրներով, խեցգետնակերպներով, փափկամարմիններով, ձկնկիթով, երբեմն՝ բույսերով։ Ունեցել է արդյունաբերական նշանակություն, այժմ որսն արգելված է։

Պահպանություն

խմբագրել

Խոցելի, տեղային տարածվածությամբ և կրճատվող թվաքանակով էնդեմիկ տեսակ է, որը գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Նախկինում բազմաքանակ տեսակ էր, որն ուներ արդյունագործական նշանակություն։ Տարեկան որսը չէր գերազանցում 20-25 տոննայից։ Ներկայումս պոպուլյացիայի և հատկապես լճային բիոտիպի թվաքանակը խիստ կրճատվել է։

Վտանգման հիմնական գործոններն են լճային բիոտիպի հիմնական ապրելավայրերի և ձվադրավայրերի չորացումը, լճի մակարդակի իջեցումը, հիմնական ձվադրային գետերի ջրի աղտոտումը, ձվադրման ժամանակ ոռոգման նպատակով ջրերի օգտագործումը, ինչպես նաև լճում, ձվադրային գետերում և գետային ձևի բնակեցման վայրերում որսագողությունը։

Արհեստական բազմացում չի կատարվել, իսկ արհեստական վերարտադրության մեթոդները մշակված չեն։ 1981 թվականից որսը Սևանա լճում արգելված է։ Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևանի բեղաձուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։