«Ընձենավորը» (վրաց.՝ ვეფხისტყაოსანი, Վեփխիստկղաոսանի), Շոթա Ռուսթավելու էպիկական պոեմը։ Գրել է 12-րդ դարում, հավանաբար՝ 1189-1207 թվականների միջև։ Պոեմը համարվում է վրացական վերածննդի գրականության լավագույն նմուշներից մեկը։

Ընձենավորը
վրաց.՝ ვეფხისტყაოსანი
Ընձենավորի XVII դարի ձեռագիր
ՀեղինակՇոթա Ռուսթավելի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրէպոս
Բնօրինակ լեզուվրացերեն
ՆկարազարդողՄիխայի Զիչի
Հրատարակման տարեթիվ1180
OCLC28000852, 5711220, 975583898, 1003085718, 48502727, 932594394 և 34406691
Թվային տարբերակnplg.gov.ge/ebooks/authors/shota_rustaveli/vefxistyaosani.pdf(վրաց.)
ՎիքիքաղվածքԸնձենավորը
 The Knight in the Panther's Skin Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն

խմբագրել

«Ընձենավորը» գրել է 1189-1207 թվականներին և նվիրել է Թամար թագուհուն ու նրա ամուսնուն՝ ալանաց արքայորդի Դավիթ Սոսլանին։ Թեև նկարագրվող դեպքերն ու իրադարձությունները տեղի են ունենում Հնդկաստանում, Պարսկաստանում, նաև մտացածին երկրներում, այնուամենայնիվ, հեղինակը ճշմարտացիորեն արտացոլում է 12-րդ դարի Վրաստանի հասարակական-քաղաքական իրադրությունը։

Պոեմը կարծես ազատ և անկեղծ սիրո օրհներգություն լինի, որտեղ բանաստեղծը մերժում է գռեհիկ զգայական սերը՝ հնարավոր համարելով տղամարդու և կնոջ բարոյական և մտավոր հավասարությունը։ Իսկ այդ ամենը հյուսվում է եղբայրության, նվիրված ընկերության ու բարեկամության փառաբանությանը։

Այստեղ զուգորդվում են Ավթանդիլի ու Թինաթինի (արաբական) և Տարիելի ու Նեստան-Դարեջանի (հնդկական) սյուժետային գծերը։ Պոեմի հերոսները՝ անբաժան ընկերներ Ավթանդիլը, Տարիելը և Փրիդոնը, տարբեր ազգերի ներկայացուցիչներ են. նրանք խիզախ են, քաջ ու պատվախնդիր, պատրաստ են իրենց անձը զոհաբերելու հանուն հայրենիքի և ընկերոջ։

Պոեմի գլխավոր հերոսներից մեկն Ավթանդիլն է, որ Արաբիայի ամենազորեղ և նշանավոր ռազմիկներից է, արքայի մտերիմն ու արքայադուստր Թինաթինի սիրեցյալը։ Մեկ օր արքան ու Ավթանդիլն իրենց շքախմբով որսի են ելնում, երբ տեսնում են թիկնեղ, գեղեցիկ արտաքինով մի երիտասարդի՝ հագին ընձառյուծի մորթուց կարված զգեստ, որ նստել է մի քարի և դեմքն արտահայտում է ծայրահեղ խոր վիշտ և աչքերը խոնավ են։ Արքան իր շքախմբից մարդկանց է ուղարկում՝ իմանալու համար նրա ով լինելը և վշտի պատճառը, սակայն ընձենավորը նրանց կարծես չի նկատում, իսկ երբ փորձում են հրամայական տոնով պահանջել պատասխան տալ արքայի հարցմանը, անծանոթը սրի կտրուկ շարժումով սպանում է նրանց, ցատկում ձիու մեջքին և հեռու սլանում՝ շարունակելով արտասուք թափել։

 
«Ընձենավորը» պոմի պատկերազարդումներից. Վշտահար Տարիելը:

Դրանից հետո Արաբիայի արքայի հանգիստը խախտվում է, նա ցանկանում է ամեն գնով իմանալ, թե ով էր այդ զորեղ երիտասարդը և ինչ վիշտ էր նրա հոգին մաշում։ Եվ ավելի հարմար մարդ, քան Ավթանդիլն է, չի գտնում իր երկրում։ Նրան էլ հանձնարարում է փնտրել, գտնել անծանոթին և իմանալ վշտի պատճառը։ Իսկ Թինաթինը խոստանում է սպասել նրան, որքան էլ երկար ժամանակ պահանջվի։ Եվ այսպես, Ավթանդիլը, սիրելիից բաժանվելու ցավը սրտում, սկսում է որոնել։ Երկար դեգերումներից հետո, երբ հույսը կտրում է, հանկարծ անցորդներից տեղեկություն է իմանում ընձենավոր անծանոթի մասին և նոր հույսով լցված շարունակում փնտրել։ Ի վերջո գտնում է նրա ապաստանը՝ մի խուլ անտառային քարայրի մեջ։ Այստեղ նրան դիմավորում է մի կին, որը, պարզվում է, Հնդկաստանի արքայադուստր Նեստան-Դարեջանի աղախինն է։ Նրանից իմանում է, որ Նեստանը, իմանալով, որ հայրը՝ Հնդկաստանի Փարսադան թագավորը, որոշել է դիվանագիտական հարցեր լուծելու համար իրեն ամուսնացնել Պարսկաստանի թագաժառանգի հետ, ըմբոստանում է և խնդրում իր սիրեցյալին, որ իշխան Տարիելն է, կանխել այդ առևտուրը։ Սակայն հոր հրամանով Նեստանին նետում են մի ամրոց, որտեղից ինչ-որ կախարդանքով նրան փախցնում են անծանոթ մարդիկ։ Եվ այժմ Տարիելը, ընձենի զգեստը հագին, թափառում է երկրե-երկիր՝ մի լուր իմանալու իր սիրեցյալի մասին, սակայն դեռևս ոչ մի տեղ Նեստանի մասին ոչինչ չեն լսել։ Ավթանդիլը աղախնին ցանկություն է հայտնում՝ օգնելու Տարիելին, և նա պատրաստակամություն է հայտնում կազմակերպելու նրանց ծանոթությունը։ Այսպիսով, երկու հերոսները ծանոթանում են, մտերմանում և Ավթանդիլն իր հերթին անցնում է որոնումների։ Շուտով նա մի տեղ լուր է առնում Նեստանի մասին և շտապում ուրախացնել Տարիելին։ Վերջինս, տեսնելով, որ իր երկար տարիների անհույս որոնումներն ընկերոջ շնորհիվ պսակվեցին առաջին հաջողությամբ, առավել մեծ սիրով ու հարգանքով է լցվում Ավթանդիլիլ հանդեպ և սկսում է հուսալ, որ շուտով կգտնեն Նեստան-Դարեջանին։ Ընկերների որոնումներին է միանում նաև Ֆրիդոնը, որ այդ ընթացքում ծանոթացել էր Ավթանդիլի հետ, և ի վերջո գտնում են Նեստանին թաքցնելու վայրը, ազատում են նրան, Տարիելն ամուսնանում է նրա հետ, իսկ Ավթանդիլը շտապում է Արաբիա՝ ամուսնանալու Թինաթինի հետ։

Ռուսթավելին դատապարտել է ստրկամտությունը՝ ընթերցողին անհաշտ պայքարի կոչելով չարիքի ու բռնության դեմ։ Նրա քաղաքական իդեալը թագավորական՝ կենտրոնացված իշխանությունն է ու կառավարման միապետական ձևը։ Ըստ նրա՝ միապետը պետք է լինի հզոր, լուսավորյալ, օրինապաշտ ու արդարադատ, որպիսիք պոեմում նրա սիրելի արքաներն ու թագաժառանգներն են։ Բանաստեղծը դատապարտել է միջպետական երկպառակությունները, դավաճանությունը, շահամոլությունը, իսկ սիրո, բարեկամության, հայրենասիրության ու մարդասիրության գաղափարները վեր է դասել ամեն ինչից։ Սերը համարել է երկրային և ազնվազարմ պարգև, կարևորել է նաև անհատի հոգևոր ազատությունը։

«Ընձենավորի» գրչագրերը

 
«Շոթա Ռուսթավելի», Flerier, Փարիզ 1852 թ

«Ընձենավորը» պոեմը մեզ հասել է հարյուրից ավելի գրչագրերով։ Նման առատությունը բացատրվում է ստեղծագործության նկատմամբ եղած բացառիկ սիրով ու հետաքրքրությամբ։ Տարբեր ձեռագրերի հիշատակարան-հավելագրություններին ծանոթանալիս տեղեկանում ենք, որ Ռուսթավելու պոեմը նույնիսկ իբրև օժիտ է տրվել, մանավանդ հասարակության բարձր խավերում։ Դժբախտաբար 13-16-րդ դարերի որևէ ձեռագիր չի պահպանվել, իսկ առավել հնագույն ընդօրինակությունը կատարված է 1646 թվականին, որի հեղինակը Մամուկա ատենադպիր Թավքարաշվիլին է։ Այս ձեռագիրը չափազանց հարուստ է մանրանկարչական նկարազարդումներով։ Դրան նախորդող ժամանակներից հայտնաբերված են միայն մի քանի պատառիկներ, երբեմն՝ նույնիսկ տողեր՝ իբրև հավելագրություն։ Կա պահպանված նաև երկու քառատող՝ արձանագրության տեսքով։

Պահպանված ձեռագրերը բաժանվում են երկու խմբի՝ հին կամ նախավախթանգյան խմբագրություն և վախթանգյան կամ ետվախթանգյան խմբագրություն։ Բանը նրանում է, որ Թիֆլիսի 1712 թվականի հրատարակությունը, ինչպես ապացուցել են ակադեմիկոսներ Կ. Կեկելիձեն և Ա. Շանիձեն, ինքնատիպ քննական բնագրի տեսք ունի։ Պահպանված հավաստի տեղեկություններով, 18-րդ դարում, Անտոն Ա կաթողիկոսի և այլոց նախաձեռնությամբ, վախթանգյան հրատարակության շատ օրինակներ ոչնչացվել են՝ իբրև վտանգավոր տարածում ունեցող աշխարհիկ ստեղծագործություն։ Դեռևս 17-րդ դարում գիտեին, որ «Ընձենավորի» տեքստում կան ընդմիջարկություններ։ Եվ գիտնականների առաջ լուրջ դժվարություններ է հարուցում ընդմիջարկություններով քառատողերի ու ամբողջական հատվածների բացահայտումը, քանի որ գրված են բուն Ռուսթավելու հանգով, իսկապես նրա նմանողությամբ։ Նման պարագայում պոեմի նախնական տեսքի վերականգնումը խիստ դժվար է։

«Ընձենավորի» հայ գրիչները

խմբագրել

Վրաստանում բնակություն հաստատած հայերը դարեր շարունակ հաղորդակից են եղել վրաց մշակույթին, տիրապետում էին գրական և խոսակցական վրացերենին և, ինչպես սկզբնաղբյուրների ուսումնասիրությունն է ցույց տալիս, իրենց ազնիվ ծառայությունն էին բերում վրաց հոգևոր մշակույթի զարգացմանը։ Վրաց իրականության մեջ գրական վարպետության, գեղարվեստական խոսքի կատարելության և առհասարակ իմաստնության չափանիշ հռչակված Ռուսթավելին չէր կարող անհաղորդ կամ օտար մնալ իրենց ազգային դիմագիծը պահպանած, բայց և վրաց կյանքի համար ոչ օտար հայազգի մտավորականներին։ «Ընձենավորը» վրացերեն կարդացող յուրաքանչյուր անձնավորության համար, անկախ նրա դավանական պատկանելությունից, մանավանդ քրիստոնեական վարդապետության շրջանակներում, հավասարապես ընդունելի ստեղծագործություն է։ Իզուր չէ, որ նույնիսկ շատ անվանի գիտնականներ երբեմն դժվարացել են՝ Ռուսթավելու դավանաբանության հետ կապված հարցեր քննելիս։ Պարզ է, որ Ռուսթավելու ոչ դոգմատիկ մտածելակերպը նրա ստեղծագործությունը առավել դյուրամատչելի կդարձներ և Վրաստանում բնակվող հայոց համար։ Սա կարևոր է, քանի որ դավանաբանական նկրտումները, նույնիսկ հայ-վրացական քաղաքական-մշակութային մերձության պայմաններում, առաջնակարգ ու վճռական նշանակություն ունեին այս կամ այն ստեղծագործության թարգմանության կամ մեկնության հարցում։ Բացի դրանից, վիրահայ համայնքի մեկ մասն ընդունել էր այն դավանանքը, որը հատուկ է վրաց եկեղեցուն, և հետևաբար, վրացական մշակույթի ստեղծագործությունները նրանց համար առավել հետաքրքիր էին։ Այդ հայերը Ռուսթավելու դարաշրջանում արտակարգ բեղմնավոր թարգմանական գործունեություն էին ծավալում՝ հատկապես վրացերենից հայերեն։ Ռուսթավելին հայոց համար ընկալելի ու հարազատ է եղել հենց իր խորապես վրացական ոգով ու կերպարանքով, իրապես վրացական լինելով։ Գուցե այլազգի ուրիշ ոչ մի գործչի համար իրավունք չունենանք նույնը ասելու, որովհեըև խնդիրը միայն բարձրարվեստ գործ լինելը չէ, այլ նաև՝ նրան ծնող ժողովրդի հետ ընկալողի հոգեկցությունը, խառն բնակավայրերի գոյությունը, ընդհանուր պետական-քաղաքական և տնտեսական-մշակութային մտածելակերպը։ «Ընձենավորը», սկսած 17-18-րդ դարերում (ինչպես նաև մինչ այդ ու դրանից հետո էլ) բազմիցս ընդօրինակվել է հայ գրիչների կողմից, առավել տարածուն դարձել և՛ հայկական, և՛ վրացական շրջաններում։ Այդ ընդօրինակումները պայմանավորված էին պոեմի հանդեպ տածված սիրով, գնահատմամբ ու նվիրումով։ Անգամ եղել է հայ գրիչ, որ վրացերենին այնքան էլ լավ չտիրապետելով, կատարել է «Ընձենավորի» ընդօրինակություն՝ հենց միայն մի բարի գործ կատարելու համար։ Հայկական ընդօրինակումներից մեկը (H-757) կատարել է Աղմուրանց Բաղդասարի որդի Գասպարը 1671 թվականին։ Առ այսօր այն համարվում է «Ընձենավորի» ամենահին և լրիվ օրինակը՝ ներառելով 2126 տող, այսինքն պոեմն՝ իր բոլոր ընդմիջարկություններով ու շարունակում-հավելումներով։ Այս ձեռագիրը ռուսթավելագիտության մեջ համարվում է հիմք, և նրա են համեմատվում մյուս ձեռագրերը։ Աղմուրան Գասպարը ոչ միայն գեղագիր ընդօրինակող է, այլև տեքստն անաղարտ պահող և ճշգրտությանը հետամուտ ընթերցող։ Այս գրչի մասին տեղեկությունները շատ քիչ են, միայն գիտենք, որ ունեցել է գեղարվեստական ճաշակ, քանի որ «Ընձենավորից» բացի ընդօրինակել է նաև վրաց գրականության դասական շրջանի մյուս երկու լավագույն ստեղծագործությունները՝ «Վիսրամիանի»-ն և «Ամիրան Դարեջանիանի»-ն։ Նա ունեցել է նաև բանաստեղծական շնորհք, և թողել է չափածո հիշատակարաններ։

 
Թինաթինի թագադրման դրվագը՝ «Ընձենավորը» պոեմից

Մեկ այլ ձեռագրի (H-54) ընդօրինակողն է հայազգի Բեկթաբեկը։ Նրա մասին համեմատաբար շատ տեղեկություններ են հայտնի. իր իսկ հիշատակարանից հայտնի է, որ վրաց Գեորգի XI թագավորի արքունի բանաստեղծն ու ատենադպիրն է եղել։ 18-րդ դարի վրաց մի շարք հեղինակներ նրան հիշում են իբրև իր ժամանակի ճանաչված բանաստեղծներից մեկը։ Սակայն, ցավոք, Բեկթաբեկի ստեղծագործություններից միայն պատառիկներ են պահպանվել՝ «Ընձենավորի» իր ընդօրինակման հիշատակարանում։ Դրանցում նկատելի է, որ նա իսկապես բավականին օժտված բանաստեղծ է եղել։ Բեկթաբեկի հայրենական կալվածքը, դատելով նրանց տոհմական դամբարանի գոյության փաստից, Վաղա գյուղն է եղել՝ Գորիից ոչ հեռու։ Հայաբնակ այս գյուղում պահպանվել է հայկական եկեղեցի՝ վրացերեն արձանագրություններով։ Նրա տապանագրից իմանում ենք հոր անունը՝ Մարտիրոս։ Բեկթաբեկի ընդօրինակած «Ընձենավորը» բաղկացած է 2066 տողից և ստեղծվել է 1680 թվականին։ Գիտական հրատարակություններում այն, իր արժանիքներով, համարվում է երկրորդը՝ Գասպարի ընդօրինակությունից հետո։ «Ընձենավորի» հաջորդ ընդօրինակումը կատարել է Շամախեցի Ղազանց Բեզոյի աղջիկը 1702 թվականին։ Դժբախտաբար՝ ոչինչ հայտնի չէ՝ ո՞վ է եղել այդ աղջիկը, ի՞նչ զբաղմունքով ու անունով։ Հիշատակարանի լեզվական նկարագրից կարելի է կռահել, որ նախապես Քարթլի հայերից պետք է լինի, ինչ-ինչ առիթով Շամախի տեղափոխված։ Ղազանց Բեզոյի աղջիկը չի փայլում ոչ ընդօրինակման արտակարգ արվեստով, ոչ էլ վրացերենի փայլուն իմացությամբ։ Բայց դա հենց ինքնին առավել գնահատելի է դարձնում բուն երևույթը՝ «Ընձենավորի» ընդօրինակումը՝ նման պարագայում։ Որքան հայտնի է՝ սա Շամախի հայոց մեջ վրացական ձեռագիր ընդօրինակելու միակ դեպքն է։ Բացառված չէ, որ այստեղ կար վրացախոս հայ բնակչություն։ Եվ այսպիսով՝ ուշագրավ է Ռուսթավելու պոեմի մեծ տարածումը, այդ թվում՝ նաև բուն Վրաստանի սահմաններից դուրս։ Ղազանց Բեզոյի աղջկա երախտիքը մասնավոր գնահատության է արժանի այն պատճառով, որ նա էլ, իր հայազգի գրիչ-նախորդների ու հետնորդների նման, չի ընդմիջարկում տեքստը, չի խմբագրում, այլ անաղարտությամբ փոխանցում է պոեմը՝ ոչինչ չպակասեցնելով, և իր վրիպումներն այս դեպքում չեն խանգարում բնագրի վերականգնմանը, որովհետև միայն գրչական են՝ անվարժությունից բծող։ Այս ձեռագիրը (P-10) պահպանվում է Փարիզի ազգային մատենադարանում։

Թարգմանություններ և անդրադարձներ

խմբագրել

Ռուսթավելու գործերից թարգմանել են նաև Վահան Տերյանը, Հարություն Միրիմյանը, Գևորգ Ասատուրը[1], Հովհաննես Կարայանը[2] և ուրիշներ։ Ռուսթավելու կերպարին անդրադարձել է Հովհաննես Շիրազը «Ռուսթավցի Շոթան և Թամարը» (1957) պոեմում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ռուսթավելի, Շոթա, թարգմանություն՝ Գեորգ Ասատուրի. «Ընձենավորը». Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 1966 թ․. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Շոթա Ռուսթավելի, Ընձենավորը [Հերոսական պոեմ], թարգմանություն վրացերենից՝ Հովհանհհես Կարայան, խմբագիր՝ Գ. Էմին, առաջաբանի հեղինակ՝ Գ.Ա. Մադոյան, նկարներ՝ Լ. Ցուցկիրիձե, Թբիլիսի, «Մերանի» հրատ., 1983, 248 էջ։

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ընձենավորը հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընձենավորը» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընձենավորը» հոդվածին։