Վալս
Վալս (գերմ.՝ Walzen), սահուն պտույտներով առաջընթաց զուգապար, որին հատուկ է 3/4 երաժշտական չափը։ Վալսը պարում են մեկ տակտում երեք հարված պարունակող երաժշտության ներքո։ Յուրաքանչյուր տակտ սկսվում է ընդգծված հարվածային հաշվից և ավարտվում ավելի քիչ շեշտված հարվածով։
Վալս | |
---|---|
Տակտի չափ | 3/4 |
Պատմություն
խմբագրելՎալսի նշանավոր և դասական տարատեսակը համարվում է հռչակավոր վիեննական վալսը։ Վիեննական վալսի ծագման տարեթիվը համարվում է 1775 թվականը, սակայն վալսի վերաբերյալ առաջին հիշատակումներն առնչվում են դեռևս XII-XIII դարերին, երբ Բավարիայում պարում էին «Nachtanz» պարը[2]։
Վալս պարի նախահայրերն են համարվում և՛ ավստրիական ժողովրդական պար լենդլերը, և՛ պրովանսական պար վոլտան։ Այդ երկու պարերն էլ զուգապարեր են, որոնք պարում էին 3/4 երաժշտական չափով։ Նման հաշվով առաջին պարերից մեկը համարվում է ֆրանսիական գյուղական պար Պրովանսից, որի ծագման տարեթիվը, ինչպես 1882 թվականին գրել է «La Patrie» («Հայրենիք») ամսագիրը, համարվում է 1559 թվականը։ Այն պարել են «Volta» անվանումը կրող ժողովրդական երաժշտության ներքո։ Վոլտա անվանումով այդ շրջանում գոյություն ուներ նաև իտալական առանձին պար։ Իտալերենից թարգմանաբար «volta» բառը նշանակում է «շրջադարձ»։ Պարի դեռ նախնական տարբերակներում էլ դրա հիմքը համարվում էր անդադար պտույտները։
XVI դարում վոլտան տարածում է գտնում Արևմտյան Եվրոպայի թագավորական պալատներում։ Այն բավականին նման էր գալյարդ պարին, որը կատարում էին 3/2 ռիթմով երաժշտության տակ, սակայն՝ ավելի արագ տեմպով։
Լենդլերի[3] հետ միախառնված վոլտան մեծ տարածում է գտնում Գերմանիայում, Չեխիայում և Ավստրիայում։ Պարի փոփոխվող բնույթի հետ, երբ քայլերը դառնում են ավելի լայն, շարժումներն՝ ավելի ճկուն ու սահուն, պարը ստանում է նոր անուն՝ գերմաներեն walzen բառից, որը նշանակում է պտտվել, ինչն էլ դառնում է վալսի գերմանական ծագման վարկածի հիմքը։
XIX դարասկզբին վալսը ձեռք է բերում իր առանձնահատուկ տարբերակիչ գիծը՝ շեշտված ռիթմը, որը դարձնում է պարն առավել էլեգանտ ու ռոմանտիկ։ Վիեննայում բնակվող կոմպոզիտորներ՝ Յոհան Շտրաուս հայրը և Յոհան Շտրաուս որդին[4], գրելով այնպիսի հանրահռչակ գլուխգործոցներ, ինչպիսիք են «Երկնագույն Դանուբն» ու «Վիեննական անտառի հեքիաթները», անմիջականորեն նպաստում են վիեննական վալսի կայացմանը։
Դառնալով պարահանդեսային պաշտոնական պար՝ այն առավել քան համահունչ էր տվյալ շրջանի նորաձևությանը. նեղ ու բարակ իրանին համապատասխան զգեստներ՝ լայն և ուռած փեշերով շրջազգեստներ, որոնք ընդգծում էին պարող տիկնոջ գեղեցկությունն ու նրբագեղությունը։
Ներկայումս էլ վիեննական վալսը պահպանել է XIX դարի պարահանդեսային պարերի ավանդույթները և կատարվում է երրորդ դիրքով, ինչը նշանակում է, որ կատարելու ընթացքում իրանը պետք է լինի խիստ ուղիղ ու ձգված, որտեղ արտահայտիչ շարժումները գրեթե բացակայում են։ Վիեննական վալսի գեղեցկությունը կայանում է փոփոխական տեմպի ու անընդհատ իրար հաջորդող աջ և ձախ շրջապտույտների մեջ։
Վիեննայում Յոհան Շտրաուսի բրոնզաձույլ արձանի շուրջը սփռված քաղաքային այգում ամառային երեկոները բոլոր ցանկացողները պարում են վալս՝ նվագախմբի հնչյունների ներքո։ Վալսին նվիրված ևս մեկ նշանավոր միջոցառում է Վիեննայի օպերային թատրոնում Ամանորի գիշերը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբի համերգը։
Իր գոյության տարիների ընթացքում ենթարկվել է բազում փոփոխությունների։ Գոյություն ունի վալսի դանդաղ տարատեսակը, որը վերջնականապես ձևավորվել է Անգլիայում, և չնայած նրան, որ դանդաղ վալսը դեռ անվանվում է բոստոնյան վալս, չկա դանդաղ վալսի իրական ծագման վերաբերյալ միասնական մոտեցում։
Անգլիայում վալսը պաշտոնականացվել է Ելիզավետա թագուհու միջնորդությամբ։ Իսկ այն բանից հետո, երբ արքայադուստր Վիկտորյան 1838 թվականի հունիսի 28-ին՝ իր թագադրման օրը, հրավիրում է Յոհան Շտրաուսի նվագախմբին, վալսը վերջնականապես հաստատվում է Անգլիայի թագավորական պալատում։
Պատկերասրահ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Վալսի պատմությունը Արխիվացված 2011-11-24 Wayback Machine
- Վալս փողային նվագախմբի համար
- Վալսի տեսադաս youtube.com -ում
- Վալս սկսնակների համար
- Վասլ տեսադաս
- Վալս
- The Waltz Dance Steps & Moves Արխիվացված 2013-05-31 Wayback Machine
- Music regarding: Waltz within traditional dances of the County of Nice (France)
- Scroll to "Five Step Waltz" for notes about probable 1847 origin and associated music published the same year.
- Thomas Wilson's 1816 Waltz Manual
- The Dance of Death Գուտենբերգ նախագծի կայքում (1877 Book critical of the Waltz)
- The Regency Waltz
- Waltzes under CreativeCommons licence on BalLibre.org Արխիվացված 2016-02-12 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Blatter, Alfred (2007). Revisiting music theory: a guide to the practice. էջ 28. ISBN 0-415-97440-2.
- ↑ A Dictionary of Music and Musicians (A.D. 1450–1880) By George Grove, Sir George Grove, John Alexander Fuller-Maitland, Adela Harriet Sophia (Bagot) Wodehouse. Published 1889. Macmillan
- ↑ The History of Lady Sophia Sternheim, trans. Christa Baguss Britt (State University of New York Press, 1991), p. 160.
- ↑ The Waltz Emperors. Wechsberg. 1973. C. Tinling & Company. pages 59–61
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալս» հոդվածին։ |