Վահրամ Բալայան
Վահրամ Ռազմիկի Բալայան (օգոստոսի 22, 1962, Գիշի, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[1], Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ[2], քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր։
Վահրամ Բալայան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Գիշի, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պատմաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Արցախի պետական համալսարան |
Կուսակցություն | ՀՅԴ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՎահրամ Բալայանը ծնվել է 1962 թվականի օգոստոսի 22-ին Մարտունու շրջանի Գիշի գյուղում։ 1979 թվականին ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը և ուսումը շարունակել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է 1983 թվականին։
1983-1985 թվականներին որպես պատմության ուսուցիչ աշխատել է Գիշու միջնակարգ դպրոցում։
1985-1988 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում։
Մեկ տարի անց տեղափոխվել է Արցախ և որպես պատմության դասախոս աշխատանքի անցել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքում։
1991 թվականից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ է[3]։
1992-2009 թվականներին եղել է Արցախի պետական համալսարանի պատմության ամբիոնի վարիչ։ 1996-2013 թվականներին ղեկավարել է իր իսկ հիմնադրած Արցախի պետական համալսարանի Հայագիտական կենտրոնի աշխատանքները։ Արցախի պետական համալսարանի «Հայագիտական հանդեսի» գլխավոր խմբագիրն է։
2008-2013 թվականներին եղել է Արցախի պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր։
2000 թվականին ընտրվել է Արցախի Հանրապետության 3-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր և նշանակվել «Հայ Հեղափոխական Դաշնակցության» խմբակցության ղեկավար։
2010 թվականին ընտրվել է ընտրվել է Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։
2014-2015 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ[4]։
2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 4 ընտրատարածքից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» մեծամասնական ընտրացուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
2015-2020 թվականներին Վահրամ Բալայանը եղել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ։
2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։
Վահրամ Բալայանը 100-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Պարգևներ
խմբագրել- Եղիշեի անվան պետական մրցանակ («Արցախի պատմությունը հնադարից մինչև մեր օրերը» գրքի համար 2003 թ․)
- Եղիշեի անվան պետական մրցանակ («Արցախ. Պատմության քառուղիներում» գիտահանրամատչելի փաստավավերագրական եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ֆիլմի համար)
- «Երախտագիտություն» մեդալ (ԼՂՀ ատլասի պատրաստման և հրատարակման գործում ունեցած ավանդի համար, ԼՂՀ նախագահի 78-Ա հրամանագիր, 01.10.2009թ.)
- «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.):
- Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործչ (2021)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» (PDF).
- ↑ «Վահրամ Բալայանին շնորհվել է Արցախի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչում».
- ↑ «Բալայան Վահրամ Ռազմիկի». www.nankr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.