Վայքի լեռներ, Դարալագյազի լեռնաշղթա, Հայոցձորի լեռնաշղթա, Հարավային Դարալագյազի լեռնաշղթա, Վայքի լեռնաշղթա, Վայոց ձորի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի հարավարևմտյան մասում, Զանգեզուրի լեռնաշղթայի արևմտյան լեռնաճյուղը։ Տ-աձև ձգվում է զուգահեռականին մոտ ուղղությամբ։ Ունի ծալքաբեկորավոր կառուցվածք։ Կազմված է կրաքարերից, կրաքարային մերգելներից, ավազաքարերից, կոնգլոմերատներից, հյուսիս-արևելքում՝ անդեզիտներից, դացիտլիպարիտներից։ Երկարությունը 64 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3120 մ (Գոգի լեռ)[1][2]։ Արևմտյան մասը աստիճանաբար ցածրանում, ճյուղավորվում և ձուլվում է Նախիջևանի հարթավայրին։ Կան մինչև 150 մ բարձրության էքստրուզիվ, կոնաձև գմբեթներ։

Վայքի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան և  Ադրբեջան
Վարչատարածքային միավորՎայոց Ձորի մարզ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռներ
Բարձրություն (ԲԾՄ)2503 մետր
Երկարություն70 կմ
Մեծագույն գագաթԳոգի
Քարտեզ
Քարտեզ

Հյուսիսային լանջը էրոզիոնդենուդացիոն աստիճաններով ցածրանում է դեպի Արփայի հովիտը։ Կան քարայրեր։ Հարավային և հարավարևմտյան լանջերը ավելի մասնատված են, ցածրանում են դեպի Միջինարաքսյան իջվածքը։ Լանջերի ստորին մասերում զարգացած է բեդլենդը։ Արփա և Նախիջևան գետերի վտակները լեռնաշղթայի լանջերին առաջացրել են ջրհավաք ձագարներ և էրոզիոն գոգավորություններ, որոնց մեջ աչքի է ընկնում հարավային լանջին զարգացած Զահուկի կրկեսաձև գոգավորությունը։ Արևելյան մասում կան սառցապատման հետքեր (կառեր, մորեններ

Բարձրալեռնային գոտում արտահայտված է սառնամանիքային հողմահարումը, 2200—2250 մ վրա շատ են քարացրոնները։ Կան ժայռային մնացուկներ, քարափներ ու դարափուլեր։ Լանջերը ծածկված են տափաստաններով, տեղ-տեղ՝ տրագանտային թփուտներով, գագաթային մասը՝ ենթալպյան և ալպյան մարգագետիններով։

Տեսարան Վայքի լեռնաշղթայից

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 117 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 747 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 261