Վանական Վարդապետ, Վանական Վարդապետ Տավուշեցի (1181 - 1251), հայ աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, մանկավարժ, պատմագիր և տոմարագետ[1]։

Վանական Վարդապետ
Ծնվել է1181
Մահացել է1251
Մասնագիտությունպատմաբան և հոգևորական
ԱշխատավայրԽորանաշատ վանք

Կենսագրություն

խմբագրել

Ուսանել է Նոր Գետիկի դպրոցում, 1201 թվականին ձեռնադրվել է քահանա, դարձել Մխիթար Գոշի աշակերտն ու օգնականը։ Մասնակցել է Լոռեի (1204 թ.) և Անիի (1207 թ.) եկեղեցական ժողովներին։ 1207–1208 թթ. ստացել է վարդապետի աստիճան, այնուհետև վերադարձել Տավուշ, ուր Վահրամյան իշխանների դրամական հովանավորությամբ հիմնադրել է Խորանաշատի վանքը։ 1235–1236 թթ. մոնղոլական արշավանքի ժամանակ գերեվարվում է, իսկ մի քանի ամիս անց 80 դահեկան փրկագնով ազատ արձակվում՝ շարունակելով իր ուսումնա-մանկավարժական գործունեությունը Խորանաշատի վանքը վերականգնելուց հետո։ 1240 թվականին Ներքին Խաչենի իշխան Հասան Ջալալ Դոլայի հրավերով մասնակցել է Գանձասարի վանքի օծմանը։

Վանական Վարդապետը գործուն մասնակցություն է ունեցել իր ժամանակի դավանաբանական կնճռոտ հարցերի քննմանը։ Այսպես, 1250 թվականին բանադրել է Դավիթ Ծարեցու 13-րդ դարի 40–50-ական թթ. գլխավորած աղանդավորական շարժման մասնակիցներին։

Իր կտակի համաձայն թաղվել է Խորանաշատի մերձակայքում գտնվող աղքատների գերեզմանոցում։

Գործունեություն ու գրական ժառանգություն

խմբագրել

Վանական Վարդապետի աշակերտներից են Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Գրիգոր Ակներցին, Սոսթենեսը և այլ գործիչներ։ Հեղինակ է հարուստ ու բազմաբովանդակ գրական ժառանգության, այդ թվում՝ «Պատմության» (Հայաստանի պատմության շարադրությունը սկզբից մինչև հեղինակի ապրած օրերը), որը մեզ չի հասել։

Վանական Վարդապետի աստվածաբանական երկերից արժանահիշատակ են Հոբի գրքի մեկնությունը («Մեկնութիւն Յոբայ»), «Բացատրութիւն աղօթից Ամբակումայ մարգարէի» («Ճռաքաղ», 1858 թ.), «Համեմատութիւն Հին Կտակարանայ ի Նորս», «Տեսութիւն շարականին Ուրախացիր պսակ կուսից», «Մեկնութիւն սաղմոսին Այսծով Մեծ», «Խրատ դաւանութեան» (գրվել է Ս. Հոգու բխման հարցի վերաբերյալ հռոմեա-բյուզանդական դավանաբանական վեճի առթիվ), «Պատճառք վասն առաջաւորաց պահոց», «Յաղագս տարեմտին» ճառը և այլն։

Գրել է աստղաբաշխությանը և տոմարագիտությանը վերաբերող երկեր՝ օգտվելով Անանիա Շիրակացու աշխատություններից, որոնք հավելել է իր դիտարկումներով։

Վանական Վարդապետի գրչին է պատկանում նաև «Հարցմունք և պատասխանիք» ծավալուն երկը, որն ըստ էության ուսումնական ձեռնարկ է, պարունակում է բոլոր այն գիտելիքները, որոնք պարտավոր էին սերտել ուսման սկզբում նրա վարդապետարանի աշակերտները։ «Հարցմունք և պատասխանիք»-ն ամփոփում է 13-րդ դարի հայ իրականության պատկերացումներն ու իմացությունը պատմության, ազգագրության, հավատալիքների, իմաստասիրության, մատենագրության, մատենագիտության, կենսաբանության, բուսաբանության, բժշկագիտության, աստղաբաշխության, երաժշտագիտության, բառագիտության, քերականագիտության, դավանաբանության, աստվածաբանության և այլնի վերաբերյալ[2]։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. Խաչատրյան, Հայկ (2003). Հայոց Հնօրյա Զվարճախոսները. Երևան: «Ամարաս». էջ 119.
  2. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 958