Վասպուրական թատրոն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասպուրական (այլ կիրառումներ)
«Վասպուրական թատրոն», կազմակերպվել է 1861 թվականին, Վանանդեցու և Շահանյանի նախաձեռնությամբ, Զմյուռնիայում՝ Վասպուրական ընկերության հովանավորությամբ։ Խաղացանկը նախապես կազմված է եղել ազգային ֊հայրենասիրական պիեսներից՝ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ», Վանանդեցու «Մեծն Ներսես կամ Հայաստանի բարերարը», «Միհրդատ», ինչպես և թարգմանական գործերից, որոնցում հանդես են եկել Վանանդեցին (նաև ռեժիսոր), Շահանյանը, Թուղլաճյանը, Խրիմյանը, Վարժապետյանը, Պայծառ Փափազյանը (հետագայում՝ Ֆասուլաճյան, ամուսնու ազգանունով)։
1862-1863 թվականներին «Վասպուրական թատրոնը» համալրվել է նոր ուժերով («Արևելյան թատրոնից»)՝ Վարդովյան, Մնակյան, Լճեցի, Աճեմյան և ուրիշներ, որոնց գործունեությունը նպաստել է թատրոնի խաղացանկի հարստացմանը և դերասանական արվեստի զարգացմանը։ Թատրոնը առավել նշանակալի գործունեություն է ծավալել 1863-1864 թատերաշրջանում, որը ղեկավարել է էքշյանը։
Այդ շրջանում թատերախմբում էին նաև Արուսյակ Փափազյանը, Պենկլյանը, Թովմաս Ֆասուլաճյանը, Դավիթ Թրյանցը և ուրիշներ, որոնք էլ եղել են խմբի առաջատար ուժերը։
Բեմադրվել են՝ Թերզյանի «Սանդուխտ», Թղլյանի «էլեոնորա», Հեքիմյանի «Վահրամ», Տեր-Պողոսյանի (Լճեցի) «Մխիթար դյուցազն», Մոլիերի «Ակամա բժիշկ», «Բռնի ամուսնություն», «Երևակայական հիվանդ», «Ժորժ Դանդեն», «Պարոն դը Փուրսոնյակ», Հյուգոյի «Անջելո» և այլն։
Թատրոնը ստեղծագործական կապերի մեջ է եդել տեղի իտալական օպերային թատրոնի հետ, որը խրախուսել է հայկական օպերա ստեղծելու գործը։ Թատերախումբը խաղացել է ոչ միայն հայերեն, այլև ֆրանսերեն և թուրքերեն (հատկապես վոդևիլներ)։ «Վասպուրական թատրոնը» փակվել է 1864 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 296)։ |