Վարդգես Աղաբաբյան
Վարդգես Կարապետի Աղաբաբյան (հոկտեմբերի 25, 1906, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - անհայտ), խորհրդային հայ գեղանկարիչ և քանդակագործ։
Վարդգես Աղաբաբյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1906 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1927) և Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՎարդգես Աղաբաբյանը ծնվել է 1906 թվականի հոկտեմբերի 25-ին, Վան քաղաքում (Թուրքիա)[1]։ 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան[2]։ 1921-1927 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում՝ Ստեփան Մելիքսեթի Աղաջանյանի և Սեդրակ Առաքելի Առաքելյանիմոտ[1]։
1930 թվականին մասնակցել է Խորհրդային Հայաստանի 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Կարո Հալաբյանի հրավերով կատարել է ակումբի նկարազարդման աշխատանքներ։ Աշխատել է թատրոնում[2]։
1931 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Զբաղվել է Մոսկվայի Գորկու անվան կենտրոնական զբոսայգու ձևավորման աշխատանքներով։ Սովորել է Հեղափոխական նկարիչների ասոցիացիայի կենտրոնական ստուդիայում՝ Իլյա Մաշկովի ղեկավարությամբ։ 1932 թվականին ընդունվել է Մոսկվայի խորհրդային նկարիչների միություն։ Նկարչությանը զուգահեռ ինքնուրույն զբաղվել է նաև քանդակագործությամբ[2]։
Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել է Երևան։ Նկարել է ռազմահայրենասիրական պաստառներ և կտավներ՝ նվիրված խորհրդային ժողովրդի սխրագործություններին՝ «Հաղթանակ Ստալինգրադում», «Հարձակում», «Ֆաշիզմի վայրագությունները», «Պարտիզաններ», «Լենինգրադ. 1941»։ Պարգևատրվել է «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալով[2]։
1945 թվականին վերադարձել է Մոսկվա, նկարել կտավներ՝ նվիրված խաղաղության և երկրի հետպատերազմյան վերածննդի թեմային։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, մոնումենտալ կոմպոզիցիաներ։ 1960-1970-ական թվականներին նկարել է քնարական բնույթի նկարներ։ 1970-1980-ական թվականներին նկարել է մեծ չափերի մոնումենտալ կտավներ։ 1980-ականներին աշխատել է խառը տեխնիկայով՝ յուղաներկի հետ միասին օգտագործելով տեմպերա և գունավոր մատիտներ[2]։
Պատերազմից հետո ակտիվորեն զբաղվել է քանդակագործությամբ։ Նկարել է մշակութային գործիչների դիմանկարներ և ինքնանկարներ, ինչպես նաև կերտել է տասից ավելի զբոսայգիների համար քանդակներ՝ նվիրված սպորտին և երիտասարդությանը[2]։
1985 թվականին Մոսկվայում տեղի է ունեցել Վարդգես Աղաբաբյանի նկարների և քանդակների անհատական ցուցահանդեսը[2]։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Агабабян Варткес Карапетович // Аавик — Бойко / сост.: О. Э. Вольценбург, Л. А. Беспалова, Т. Н. Горина … [и др.]. — М. : Искусство, 1970. — С. 46. — (Художники народов СССР : Биобиблиограф. слов. : в 6 т. [4 т., 5 кн.] / Акад. художеств СССР, НИИ теории и истории изобраз. искусств ; редкол.: Т. Н. Горина (отв. ред.), Т. К. Вагнер, Б. В. Веймарн … [и др.] ; 1970—, т. 1).
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Варткес Агабабян. Живопись, скульптура. Каталог выставки. — М.: Советский художник, 1985.
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.