Վեդանտա
Վեդանտա (սանսկրիտերեն वेदान्त, vedānta, վեդաների վերջ, վեդաների հիմնական իմաստ)[1], կամ ուտտարա միմանսա (սանսկրիտերեն उत्तरमीमांसा, uttara mīmāṃsā, երկրորդ, ուշ կամ բարձրագույն միմանսա), հնդկական վեց ուղղափառ փիլիսոփայական համակարգերից (դարշան), կրոնափիլիսոփայական ազդեցիկ և տարածված ուղղություն։ Կազմում է հինդուիզմի փիլիսոփայական հիմքը, հենվում է Վեդաներում արտահայտված բրահման–ատմանի գաղափարի վրա։
Հինդուիզմ |
Դհարմա · Արտհա · Կամա |
Վեդաներ · Ուպանիշադներ |
Համանման նյութեր
Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն |
Պատմություն
խմբագրելՎեդանտան որպես համակարգված ուսմունք, ենթադրվում է, որ ձևավորվել է հետբուդդայական շրջանում։ Ուսումնասիրությունների արդյունքում Վեդանտա–սուտրաների կազմման ստույգ թվագրում չկա։ Այն հիմնականում վերագրվում է մ․թ․ա․2–րդ դարից մինչև մ․թ․ 2–րդ դար ընկած ժամանակաշրջանում։ Որոշ գիտնականների կողմից առաջադրվում են ավելի վաղ (մ․թ․ա․ V դար) և ավելի ուշ (մ․թ․ V դար) ժամանակաշրջաններ[2]։ Ռուս գիտնականների տեսակետով վեդանտան սկիզբ է առել ոչ շուտ, քան մ․թ․ 3–4–րդ դարերում[3][4]։
Վեդանտա անվանումը նախապես վերաբերվել է վեդաներին հարող փիլիսոփայական տեքստերին (բրահմաններ[5], արանյակներ, ուպանիշադներ), որոնք չորս վեդաների բացատրող և լրացուցիչ մասն են հանդիսանում։ Հետագայում, այդ հին վեդայական տեքստերը հնդկական փիլիսոփայության օրթոդոքսալ դպրոցների հիմք ծառայեցին։
Այլ անվանումներ
խմբագրելԸստ էության, վեդանտան ընդհանուր անվանումն է հինդուիզմի մի շարք կրոնա–փիլիսոփայական ավանդույթների, որոնց համար նույնն են թեման, առարկան, և մասամբ հիմնարար տեքստերը և նրանց վերաբերյալ գրված մեկնաբանությունները, սակայն տարբեր են առաջարկած լուծումները։
Վեդանտան հայտնի տարբեր անուններով․
- Բրահմա–սուտրաներ
- Շարիրակա
- Վյասա–սուտրաներ
- Բադարայանա–սուտրաներ
- Ուտտարա–միմանսա
- Վեդանտա–դարշանա
Վեդանտան այլ կերպ անվանում են ուտտարա միմանսա (ուշ միմանսա), ի տարբերություն հնդկական փիլիսոփայության մյուս դպրոցի՝ պուրվա միմանսայի (առաջին միմանսա)։
Պուրվա միմանսան կենտրոնացած է վեդայական Ագնի կրակի աստծուն նվիրված զոհաբերությունների (սանսկր यज्ञ yajña յաջնա, զոհաբերման ծես) իմաստի մեկնաբանության և նրանցում կիրառվող մանտրաների վրա, որոնք ներկայացված են չորս Վեդաների սամհիթներում և բրահմաններում[6]։ Իսկ Վեդանտան հիմնականում նվիրված է արանյակների և ուպանիշադների ուսմունքների փիլիսոփայական մեկնաբանությանը։
Վեդանտան, որպես ավարտուն գիտելիք, տալիս է ինքնագիտակցության կամ տիեզերական գիտակցության վիճակ։ Ինչպես պատմականորեն, այնպես էլ այժմյան ենթատեքստում, վեդանտան հասկացվում է, որպես ամբողջությամբ տրանսցենդենտալ և հոգևոր վիճակ, և ոչ թե կոնցեպցիա, որին կարելի է հասնել պարզապես նյութական բանականության շնորհիվ։
Սկզբնաղբյուրներ
խմբագրելՎեդանտան, որը նշանակում է «վերջնական գիտելիք» կամ «բոլոր գտելիքների վերջ», չի սահմանափակվում այս կամ այն տեքստով։ Այն հիմնված է անփոփոխ, բացարձակ, հոգևոր օրենքների վրա, որոնք ընդհանուր են աշխարկում գործող գրեթե բոլոր կրոնների և հոգևոր ավանդույթների համար։
Վեդանտայի հեղինակություն համարվող սկզբնաղբյուրներն են՝
- Ուպանիշադները
- Բհագավադ–Գիտան
- Ուպանիշադների մեկնությանը նվիրված Բադարայանայի (II–III դդ․) «Բրահմա–սուտրաները» (կամ Վյասիի «Վեդանտա–սուտրաները»)։
Ըստ այդ տեքստերի մեկնաբանությունների (բհաշյա), ձևավորվել են Վեդանտայի առանձին ուղղություններ՝ դպրոցներ։
Դպրոցներ
խմբագրելՏեքստերի մեկնաբանությունների հիման վրա ձևավորված դպրոցների համար ընդհանուրը Վեդաների անառարկելի հեղինակությունն է, բրահմանի (բացարձակի)՝ բարձրագույն հոգևոր սկիզբ և աշխարհի պատճառ լինելը, ատմանի (անհատական հոգու, «ես»-ի) վերամարմնավորումների շրջապտույտից ազատագրվելու (մոկշա) ցանկալիությունը (Վեդանտան Յոգան ընդունում է որպես մոկշայի հասնելու գործնական միջոց)[7]։
Վեդանտայի դպրոցները տարազատվում են հիմնականում ըստ բրահմանի և ատմանի էության, նրանց նույնության կամ տարբերության աստիճանի, երևույթների աշխարհի և մոկշայի վերաբերյալ եղած տեսակետների։ Հիմնական դպրոցներն են՝
- Շանկարայի ադվայտա–վեդանտան, որը չտարբերակված մոնիզմ է կամ մոնոթեիզմ, ըստ որի բրահմանը միակ իրականությունն է, էության (սատ), գիտակցության (չիտ) և երանության (անանդա) միասնությունը, որից դուրս ոչինչ գոյություն չունի, աշխարհի բազմազանությունը մայա է (տեսիլք, պատրանք), որը պայմանավորված է չիմացությամբ (ավիդյա), ատմանը նույնացվում է բրահմանի հետ, ազատագրման միջոց է համարվում իմացությունը, մերժվում է աստծու գաղափարը
- Ռամա–նուջայի (XI–XII դարեր) վիշիշտա–ադվայտան տարբերակված թեիստական մոնիզմ է, ըստ որի ատմանը և նյութական աշխարհը իրական են, այլ ոչ մայա, առաջացել են բրահմանից, որն աստվածային ինտուիցիայի միջոցով ճանաչելով կարելի է ճանաչել իրերի էությունը, ատմանը նույնացվում է բրահմանի հետ, սակայն հնարավոր է նրանց տարբերակումը (վիշիշտա), ազատագրման միջոցը աստծու նկատմամբ սերն ու նվիրվածությունն է (բհակտի)
- Մադհվայի (XII–XIII դդ․) դվայտան դուալիզմ է, որում առանձնակի նշվում են հոգու և Աստծու, հոգիների, աստծու և մատերիայի, հոգու և մատերիայի, մատերիայի ձևերի միջև եղած տարբերությունները։ Տարբերակվում են ճանաչողության երեք ձև՝
Ազատագրումը հնարավոր է համարվում միայն բհակտիի ճանապարհով[7]։
- Բհասկարայի (X դ․) նույնության և տարբերության տեսությունը (բհեդա–աբհեդա)։
Վեդանտան մեծ չափով ազդել է և շարունակում է ազդել հնդկական փիլիսոփայական և կրոնական մտքի վրա։ Նորագույն ժամանակի Վեդանտայի ակնառու ներկայացուցիչներն են Ռամմոհան Ռայը, Ռամակրիշնան, Վիվեկանանդան, Գհոշը, Ռադհակրիշնանը և ուրիշներ։
Գրականություն
խմբագրել- Ռամակրիշնա, Հնդկաստանի փիլիսոփայություն, ռուսերեն թարգմանություն անգլերենից, հատոր 2, Մոսկվա, 1957
- Dasgupta S․, A History of Indian Philosophy, v․ 1–5, Delhi, 1975․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Vedanta Sutra and the Vedanta by Dr. Subhash C. Sharma». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2005 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ N. V. Isaeva. Shankara and Indian Philosophy. — New York: SUNY Press, 1993. — P. 36. — 285 p. — (SUNY series in religious studies). — ISBN 1438407629.
- ↑ Индийская Философия. Энциклопедия. РАН. 2009 г. Մ․ Տ․ Տիգրանյանց, Վ․ Կ․ Շոխին, էջ 16-17
- ↑ Брахманистская философия. Начальный и раннеклассический периоды. РАН. 1994 г. М. Т. Степанянц, В. К. Шохин. էջ 271
- ↑ Ghanshyamdas Birla Alive in Krishna: Living Memories of the Vedic Quest (Patterns of World Spirituality) (New York: Paragon House, 1986) p. 37. ISBN 0-913757-65-9
- ↑ "Արիական Իմաստության Գոհարներ" գրքից / հեղինակ՝ Աչարյա Վայդյանաթ Շաստրի / տպագրված է "Սարվադեշիկ Արյա Պրատինիդհի Սաբհա"-ի կողմից, "Մահարիշի Դայանան Բհավան" տպագրատուն, հասցեն՝ Ռամլիլա Գրաունդ, Նոր Դելի-1։ Տպագրոթյունը 1968 թ.
- ↑ 7,0 7,1 «Who is Ishvara?». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 357)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեդանտա» հոդվածին։ |