Վերադարձ, (գերմ.՝ Der Weg zurück), գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը։ Գրվել է 1931 թվականին։ Գիրքը պատմում է դեռ երեկ դպրոցական սեղանի մոտ նստած հասարակ զինվորների մասին, ովքեր նոր են վերադարձել պատերազմից։ Հոգեկան տրավմաների պատճառով նրանք չեն կարողանում իրենց տեղը գտնել խաղաղ կյանքում և ստիպված են նոր կոչում գտնել իրենց համար։ Նրանցից ոմանք վերադառնում են բանակ` հույս ունենալով գտնել «ռազմաճակատային համերաշխության» զգացումը, ոմանք միանում են հեղափոխությանը, իսկ որոշներն էլ ավարտում են իրենց կյանքն ինքնասպանությամբ։

Վերադարձ
գերմ.՝ Der Weg zurück
ՀեղինակԷրիխ Մարիա Ռեմարկ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրպատերազմական վեպ
ԹեմաԱռաջին համաշխարհային պատերազմ
Բնօրինակ լեզուգերմաներեն
ՆախորդԱրևմտյան ռազմաճակատում անփոփոխ է
ՀաջորդԵրեք ընկեր
Երկիր Գերմանիա
Հրատարակման տարեթիվապրիլ 1931
OCLC909194

Ստեղծման պատմություն

խմբագրել

1930 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 1931 թվականի հունվարի 29-ը «Վերադարձ» վեպը մաս առ մաս տպագրվում էր բեռլինյան "Vossische Zeitung" թերթում[1]։ Քիչ ավելի ուշ, 1931 թվականի ապրիլի 30-ին հրատարակվեց «Վերադարձ»-ի գրքային տարբերակը, որը հենց այդ նույն տարվա մեջ թարգմանվեց 25 լեզուներով։ Գերմանիայում առաջին շաբաթների ընթացքում վաճառվեց գրքի ավելի քանի 180.000 օրինակ, վաճառքն ուղակցվում էր հսկայական գովազդային արշավով։ Միևնույն ժամանակ այս գիրքն ավելի քիչ հաջողություն ունեցավ, քան հեղինակի «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» գիրքը։ Վեպը տարբեր կերպ մեկնաբանվեց քննադատների կողմից, սակայն ընդհանուր առմամբ գնահատվեց որպես «միանգամայն ճշմարտացի, հետաքրքիր և տեղ-տեղ` հումորային»։ Այնուամենայնիվ, քննադատների կարծիքները վեպի մասին բաժանվեցին երկու խմբի։ Ոմանք այն ձևական էին համարում, մյուսները, այդ թվում և` Հենրիխ Մաննը` «մեծարում էին այն»։ Գերմանացի քննադատների մեծ մասը դրական էին արտահայտվում վեպի մասին. ոմանք նրան մեղադրում էին Գերմանիայում քաղաքական իրավիճակը ոչ բավարար չափով բաց ներկայացնելու համար։ Ամերիկյան քննադատները նշում էին, որ վեպը «մարդասիրական ուղերձ» ունի։ Վեպի դեմ ակտիվորեն պայքարում էին ազգայնականները, ովքեր համարում էին, որ վեպը նսեմացնում է Առաջին աշխարհամարտին մասնակից զինվորներին։

Սյուժե

խմբագրել

Արևմտյան ռազմաճակատի գերմանական զորամասերից մեկում իմանում են Բեռլինում տեղի ունեցած հեղափոխության մասին։ Սկսում են ստեղծվել Զինվորների պատգամավորների խորհուրդներ, սակայն վեպի գլխավոր հերոսներին` հասարակ զինվորներ Էռնստ Բիրկհոլցին, Յուփին, Ֆերդինանդ Քոզոլեին, Ադոլֆ Բետկային, Վալենտին Լագերին, Վեդլինգին, Տյադենին, Վիլլին, և անգամ լեյտենանտ Լյուդվիգ Բրայերին խորթ է քաղաքականությունը։ Նրանք պարզապես ուզում են վերադառնալ տուն, հարազատների մոտ։ Բայց, միևնույն ժամանակ, նրանց համար դժվար է լքել այն խրամատները, որտեղ նրանք անց են կացրել իրենց կյանքի ամենասարսափելի մի քանի տարին։ Ի սկզբանե ամեն ինչ չէր հարթ ընթանում։ Վերադարձին նրանց վրա հարձակվում են հեղափոխական ծովայինները, ովքեր փորձում են ուժով պոկել վիրավոր Լյուդվիգի ուսադիրները։ Իսկ հետո պարզ է դառնում, որ զինվորները ստիպված են նորից նստել աշակերտական սեղանի մոտ, որտեղից նրանք ռազմաճակատ էին գնացել` դպրոցն այդպես էլ չավարտած։ Իշխանական ուժերի հետ բախման ժամանակ, որի ղեկավարը նրանց վաշտի նախկին հրամանատար լեյտենանտ Հեյելն էր, զոհվում է նրանց ծառայակից Մաքս Վայլը, ինչը ցնցում է վեպի «ռազմաճակատային եղբայրությանը» սովոր հերոսներին։ Սակայն գլխավորն այն է, որ զինակից ընկերներն այլևս չեն կարողանում ապրել նախկին, մինչպատերազմական կյանքով, քանի որ այն նրանց չափազանց մանր ու բուրժուական է թվում։ Նրանք հասկանում են, որ իրենց խաբել են և՛ այն ժամանակ, երբ նրանք ռազմաճակատ են մեկնել, և՛ այն ժամանակ, երբ նրանք հեղափոխություն էին անում։ «Մեր սերունդը վերացված է։ Մենք ընդամենը դրա փրկված մնացորդներն ենք», ասում էր ամենավառ կերպարներից մեկը` Լյուդվիգ Բրայերը։ Հերոսներից յուրաքանչյուրը փորձում է նոր իմաստ գտնել իր կյանքի համար։ Ռախեն վերադառնում է բանակ, սակայն հիասթափվում է, քանի որ չի գտնում «ռազմաճակատային եղբայրության» զգացումը («այս զանգվածում երկու-երեք իդեալիստ կա և մի խումբ հետաքրքրասեր մանկահասակներ, ովքեր ուղղակի արկածների են կարոտ»)։ Լյուդվիգն ինքնասպանություն է գործում, իսկ գլխավոր հերոսը` Էռնստը, այնուամենայնիվ գտնում է կյանքի իմաստը մարդկության համար ազնիվ աշխատանքի մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել