Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուս

Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուս կամ ՎՀ կամպուս (գերմ.՝ Wirtschaftsuniversität Wien Campus, հապավումը` WU Campus), Եվրոպայում բիզնեսի և տնտեսագիտության վրա մասնագիտացած ամենամեծ համալսարանի` Վիեննայի Տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի կենտրոնակայան Լեոպոլդշտադտ շրջանում։ Այն գտնվում է նախկին համաշխարհային ցուցահանդեսի հարավ-արևմտյան մասում, իսկ ավելի ուշ՝ տոնավաճառի հրապարակում՝ Վիեննայի Պրատեր հանգստյան գոտու հյուսիսային եզրին։ Համալսարանի օբյեկտների մի մասը կառուցվել է 1937 թվականին այրված Վիեննայի ռոտոնդայի տեղում։

Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուս
Տեսակկամպուս
Երկիր Ավստրիա
ՏեղագրությունՎիեննա և Լեոպոլդշտադտ
Կազմված էԳրադարան և Ուսումնական կենտրոն, Ուսումնական կենտրոն և Դեպարտամենտ 1, WU Vienna, Departments 2 and Students Center?, WU Vienna, Departments 3 and Administration?, WU Vienna, Departments 4? և WU Vienna, Executive Academy (Building)?
Մասն էՎիեննայի պետական տնտեսագիտական համալսարան
Քարտեզ
Քարտեզ
Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուսի հյուսիս-արևմտյան տարածքը, որը բացվել է 2013 թվականին, առաջին պլանում նացիստների կողմից հալածվածների հիշատակը հավերժացնող հուշակոթող

Համալսարանի առաջին կամպուսի գտնվելու վայրը որոշվել է 2007 թվականի հոկտեմբերին։ Միջազգային ճարտարապետական մրցույթը մեկնարկել է 2008 թվականի հունիսի 16-ին։ Հաղթող նախագծերը հայտարարվել են 2008 թվականի դեկտեմբերին։ Ընդհանուր պլանավորումը շնորհվել է BUSarchitektur (Վիեննա) ճարտարապետական կոլեկտիվին՝ Լաուրա Պ. Սփինադելի ղեկավարությամբ, իսկ հինգ այլ հաղթողներ պարգևատրվել են առանձին բաղադրիչների համար։

Կամպուսի հիմնաքարի տեղադրման արարողությունը տեղի է ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 23-ին, իսկ փորման աշխատանքները սկսվել են 2010 թվականի փետրվարին։ Գրադարանի և ուսումնական կենտրոնի բացման արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերին։ Համալսարանի կամպուսի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբեր 4-ին։ Ծրագրի արժեքը կազմել է 492 միլիոն եվրո։

Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուսի հողատարածքը պատկանել է Wiener Messe GmbH ընկերությանը։ Այն կազմում է 90,000 մ², որից 35.000 մ²-ը կառուցապատված է, իսկ 55.000 մ² հանրությանը հասանելի բաց տարածքներ են։ Բոլոր շենքերի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 140,000 մ²։ Բաց տարածքներում կա 232 ծառ, 9900 մ² բազմամյա թփեր և ծաղիկներ, 1659 մ² սիզամարգեր, 720 մ հեծանվահրապարակներ, 982 հեծանիվների կայանատեղեր և ինը խմելու շատրվաններ[1]։

2012 թվականի մայիսին շինարարական աշխատանքների ժամանակ շինհրապարակում հրդեհ է բռնկվել, W2 կամպուսի բաղադրիչի վերին երկու հարկերն այրվել են[2]։ 2014 թվականի հուլիսին և 2015 թվականի հունվարին Գրադարանի և ուսումնական կենտրոնի ճակատից պոկվել են 80 կիլոգրամ քաշով բետոնե սալաքարեր և ընկել գետնին[3]։ Երկու դեպքերից ոչ մեկում տուժվածներ չեն եղել։ Պատճառը հավաքման սխալն է եղել, իսկ վնասը կազմել է 1,5 մլն եվրո[4]։ 2015 թվականի փետրվարին գրադարանի ընթերցասրահի առաստաղից լամպեր են ընկել[5]։

Համալսարանը, ի թիվս այլ բաների, ծառայել է որպես «Բանականության խաղեր» (MindGamers, 2015), «Կյանքի ուղեցույց» (Life Guidance, 2017) և «Հանցագործության վայր՝ շոկ» (Tatort: Schock, 2017) ֆիլմերի նկարահանման վայր։

Ճարտարապետություն

խմբագրել

Վեց հայտնի ճարտարապետական ընկերություններ ամբողջ աշխարհից իրենց ներդրումն են ունեցել Համալսարանի կամպուսի ստեղծման գործում՝ նպատակ ունենալով ստեղծել համաշխարհային մակարդակի ճարտարապետություն։

Համալսարանը ներկայացնում է ճյուղավորված քաղաքային լանդշաֆտ՝ անգլո-սաքսոնական համալսարանների օրինակով բազմաթիվ բաց տարածքներով, որոնցում ցրված են ինստիտուտի առանձին շենքերը[6]։ Այն բաղկացած է տարբեր դիզայնի բազմաթիվ բաղադրիչներից, որոնք չեն առնչվում միմյանց։

Տեղանքը հատվում է արևելք-արևմուտք ձգվող ճանապարհով` առանց ավտոմեքենաների երթևեկության։ Չկա կենտրոնական գլխավոր մուտք, բայց կան մուտքեր դեպի արևմուտք և արևելք, ինչպես նաև մի քանի փոքր մուտքեր դեպի կանաչ Պրատեր։

Գրադարան և ուսումնական կենտրոն

խմբագրել
 
Գրադարանի (LC) ներքին ճարտարապետություն
 
Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուսի LC մուտքի տարածք

Գրադարան և ուսումնական կենտրոնը (Library & Learning Center, հապավում` LC) համալսարանական կամպուսում կենտրոնական նշանակություն ունի։ Շենքի կոնսոլային տանիքը հեռվից աչք է զարնում. այն ձգվում է մեծ ապակե մակերեսով` ոճավորված որպես «մոնիթոր» և երևում է Պրատեր պարկից։ Շենքի արտաքին տեսքն առանձնանում է մութ և բաց կառուցվածքով։ Ճարտարապետության հեղինակն է Համբուրգի ճարտարապետական Zaha Hadid Architects` Զահա Հադիդի ընկերությունը։

Վիեննայի տնտեսագիտական համալսարանի կենտրոնական ընդունարանը գտնվում է Գրադարան և ուսումնական կենտրոնի շենքում։ Այցելուներին ընդունում են ընդարձակ ատրիումում։ Շենքի հսկա արտաքին մասով անցնում են նեղ, կիրճանման «ձորեր», որոնք բաժանված են երկու կառույցների։ Բացի գրադարանից, կան բազմաթիվ սպասարկման հարմարություններ ուսանողների համար, գրախանութ և այստեղ են գտնվում Համալսարանի երկու պարասրահները։

LC-ը բաց է շաբաթը վեց օր։ Շինության մակերեսը մոտ 41 000 մ² է։

Առաջին դեպարտամենտ և ուսումնական կենտրոն

խմբագրել
 
Ձախից` Գրադարան և ուսումնական կենտրոն (LC), աջից` 1-ին դեպարտամենտ և ուսումնական կենտրոն (D1 & TC)

1-ին դեպարտամենտ և ուսումնական կենտրոնի (Department 1 und Teaching Center, հապավում` D1 & TC) երկու շենքերն էլ համալսարանի կամպուսի հյուսիս-արևելքին են հարում։ Ճակատային հատվածը պատրաստված է օդակայուն կառուցվածքային պողպատից` կորտենային պողպատից, որի մակերեսը ժամանակի ընթացքում ժանգոտվում է և տարիների ընթացքում դանդաղորեն փոխում է գույնը։ Շենքի ներսում շարունակվում է ճակատային ձևավորումը. այս նյութը օգտագործվում է նաև մեծ դասախոսական դահլիճում` Auditorium Maximum-ում, որն առաջարկում է տարածք 650 ուսանողների համար։

Դիզայնը ստեղծել է Վիեննայի ավստրիական BUSarchitektur ճարտարապետական կոլեկտիվը՝ Լաուրա Պ. Սպինադելի ղեկավարությամբ։

Այստեղ են գտնվում Համաշխարհային առևտրի դեպարտամենտը, մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ, 21 դասասենյակներ` վեց մակարդակներով, սեմինարների սենյակներ և համալսարանական կաֆետերիա (Mensa):

Շինության մակերեսը մոտ 34000 մ² է։

Առաջին դեպարտամենտ և ուսումնական կենտրոնի (D1 & TC)

2014 թվականին արժանացել է Էռնստ Ա. Պլիշկեի մրցանակի

 
 
 
 

Երկրորդ դեպարտամենտ և ուսումնական կենտրոն (D2 & SC)

խմբագրել
 
Երկրորդ դեպարտամենտ և ուսումնական կենտրոն (WU D2 & SC)

2-րդ դեպարտամենտ և ուսումնական կենտրոն (D2 & SC), երկուսն էլ երկարավուն շենքեր են, որոնց ճակատը կազմված է իրար վրա շարված բարակ շերտերից։ Ճակատային դիզայնը ոգեշնչված է Միլֆեյ շերտավոր խմորից պատրաստված քաղցրավենիքից. այն տրամադրում է պայծառության, մտերմության, գաղտնիության և հետաքրքիր հեռանկարների։ Պլանավորումը կատարվել է ճապոնական Hitoshi Abe ստուդիայի կողմից։

Շենքի երկու բաղադրիչների միջև կան ոչ մեծ տարածքներ, որտեղ հարմարավետ է հանդիպումների համար, և որոնք միաժամանակ առանձին նախասրահ են առանձին դեպարտամենտների համար։ D2 դեպարտամենտում կան օտարալեզու բիզնես հաղորդակցության, տեղեկատվության մշակման, կառավարման, մարքեթինգի և կորպորատիվ կառավարման բաժիններ, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտ, գրախանութ և բիզնես լեզուների գրադարան։ Շենքի SC-ուսումնական կենտրոնի մասում կա մարզական կենտրոն՝ երեք մարզասրահներով և հանրային մանկապարտեզով։

Շինության մակերեսը մոտ 23000 մ² է։

Երրորդ դեպարտամենտ և վարչակական շենք (D3 & AD)

խմբագրել
 
Երրորդ դեպարտամենտ և Վարչական շենք (WU D3 & AD)

3-րդ դեպարտամենտ և վարչական շենքի (D3 & AD) հատվածը նույնպես բաղկացած է երկու մասնաշենքից և գտնվում են համալսարանի հարավ-արևմտյան մասում։ Ինչպես D2-ը, այն հարավից սահմանակից է կանաչ Պրատերին։ Ճարտարապետությունը լոնդոնյան CRABstudio ստուդիան է կատարել՝ Փիթեր Կուկի ղեկավարությամբ։

Շենքերը կազմում են մի քանի ներքին բակեր, անցումներ, խորշեր, տեռասներ, ատրիումներ և հանգստյան գոտիներ նստարաններով բաց տարածքներում։ Վերին հարկերի ճակատային մասը առանձնանում է գունավորման վառ շերտով։ Չմշակված արծաթե եղևնուց պատրաստված ֆիքսված փայտե սալիկները դասավորված են ուղղահայաց և հորիզոնական, աշխուժացնում են ճակատը և արևապաշտպան դեր են կատարում. դրանք հիշեցնում են հարակից Պրատերի ծառերը։

D3 շենքում տեղակայված են Հանրային իրավունքի և Կորպորատիվ իրավունքի, Աշխատանքային և սոցիալական իրավունքի բաժինները, ինչպես նաև չորս գիտահետազոտական ինստիտուտներ և Բիզնես իրավունքի հատուկ գրադարանը։ AD շենքում գտնվում են Համալսարանի կամպուսի վարչակազմը և ռեկտորատը։

Շինության մակերեսը մոտ 20000 մ² է։

Չորրորդ դեպարտամենտ

խմբագրել
 
Չորրորդ դեպարտամենտի շենքերը (WU D4)

Մի քանի համեմատաբար բարձր, նեղ շենքերը կազմում են 4-րդ դեպարտամենտը (D4): Շենքի ճակատային ձևավորումը և հատակագիծը զուգահեռագծերի և պատուհանների դինամիկ դասավորության խաղ է, որը նաև հիմնված է միմյանց մեջ ներկառուցված զուգահեռագծերի հաջորդականության վրա։ Լուսամուտների ծալովի շարժական ծածկոցափեղկերը, որոնք ալյումինե թիթեղից են պատրաստված, արևապաշտպան դեր են կատարում և ստեղծում են ճակատի բազմատեսակության խաղ։ Այս բաղադրիչը նախագծել է Carme Pinós-ի ստուդիան Բարսելոնայից։

Այստեղ են գտնվում Ֆինանսների, Սոցիալ-տնտեսական և Տնտեսագիտության բաժինները, ինչպես նաև հինգ գիտահետազոտական ինստիտուտներ և մի քանի գրասենյակային տարածքներ։

Շինության մակերեսը մոտ 16000 մ² է։

Գործադիր ակադեմիա

խմբագրել
 
Գործադիր ակադեմիայի (WU EA) շենքը

Վիեննայի տնտեսագիտական համալսարանի արևմտյան մուտքի մոտ Գործադիր ակադեմիայի (EA) շենքն է, վեցհարկանի, կոմպակտ աշտարակ, որը հետևում է մոմոմատերիալ` միանյութական (μόνοςմեկ) նախագծման սկզբունքին։

Ճակատը պատրաստված է ապակուց և ալյումինից և կիսաթափանցիկ է անթափանցից մինչև թափանցիկ երանգներով։ Երկինքն ու բնությունը արտացոլվում են դրանում և ինտեգրում շենքը շրջակա միջավայրին։

Ճարտարապետությունը կատարել է Մադրիդից NOMAD Arquitectos ընկերությունը։ Գործադիր ակադեմիայից բացի, շենքը պարունակում է երկու դասասենյակ, չորս սեմինարների սենյակ, ինչպես նաև գրասենյակային տարածք և բազմաֆունկցիոնալ միջոցառումների տարածք։

Շինության մակերեսը մոտ 6000 մ² է[7][8][9]։

Այլ տեղեկություններ

խմբագրել

Վիեննայի տնտեսագիտական համալսարանը պետք է ակտիվորեն մասնակցի քաղաքային կյանքին և նաև գրավիչ լինի հանրության համար։ Շենքերը կարելի է այցելել։ Կան բազմաթիվ ռեստորաններ և սուպերմարկետ։

Ի հիշատակ Համաշխարհային Առևտրի Համալսարան անվանման, որն ուժի մեջ է եղել 1919 թվականից մինչև 1975 թվականներիը, Վիեննայի տնտեսագիտական համալսարանի նորաստեղծ մասնավոր ճանապարհը, որը կապում է Զյուրպորտալշտրասեն և Մեսսեշտրասեն փողոցները, 2012 թվականին քաղաքային վարչակազմի կողմից` խորհրդակցելով Վիեննայի տնտեսագիտական համալսարանի հետ, անվանվել է Համաշխարհային առևտրի կենտրոն։ Հասցեն թիվ 1, սա Վիենայի տնտեագիտական համալսարանի հասցեն է նոր վայրում։

Ճարտարապետական մանրամասներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «campuswu.at | Ökologischer Urbanismus». web.archive.org. 2014 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  2. derStandard.at – Baustellenbrand: Großeinsatz auf neuem WU-Gelände. Artikel vom 10. Mai 2012, abgerufen am 5. Jänner 2015.
  3. derStandard.at – Erneut Betonplatte von Fassade der Wirtschaftsuni gefallen. Artikel vom 5. Jänner 2015, abgerufen am 5. Jänner 2015.
  4. Kurier: WU: Montagefehler war Grund für herabgestürzte Platten. Artikel vom 22. Juli 2015, abgerufen am 23. Juli 2015.
  5. derStandard.at – Wiener Wirtschaftsuni: Lampen von Decke gefallen. Artikel vom 24. Februar 2015, abgerufen am 24. Februar 2015.
  6. Verzweigte Stadtlandschaft auf www.nzz.ch, abgerufen am 14. Oktober 2013
  7. «Gebäudeinformationen - Campus | WU». web.archive.org. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
  8. Die Welt ist ein Campus auf derstandard.at, abgerufen am 14. Oktober 2013
  9. «campuswu.at | Gesamtprojekt». web.archive.org. 2013 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանի կամպուս» հոդվածին։