Վիքիպեդիա:Կրթական ծրագիր

Վիքիպեդիա կրթական ծրագիր




Բարի գալուստ Վիքիպեդիա կրթական ծրագրի գլխավոր էջ:

Վիքիպեդիա կրթական ծրագրի գաղափարն ամբողջ աշխարհում հետևյալն է․ ուսուցիչներն ու աշակերտներն իրենց ուսումնական ծրագրի շրջանակներում խմբագրում են Վիքիպեդիան և քույր նախագծերը։ Վիքիպեդիան կրթական գործիք է համարվում շատ երկրներում, որի օգնությամբ երեխաները ոչ միայն նոր գիտելիք են ձեռք բերում, այլև զարգացնում են իրենց թարգմանչական, խոսքի, մտքի ձևակերպման հմտությունները։

Վիքիմեդիա Հայաստանն իր կրթական ծրագիրը սկսել է 2013 թվականին և առաջին դպրոցը, որն ընդգրկվել է այդ ծրագրում եղել է Երևանի Այբ ավագ դպրոցը։ Առաջին փուլի ընթացքում նրանք պետք է սովորեին խմբագրել՝ հիմնվելով Հայկական Սովետական Հանրագիտարանի նյութերի վրա, որոնք խմբագրվում էին, սրբագրվում, վերստուգվում և տեղադրվում Հայերեն Վիքիպեդիայում։

Հետագա ամիսների ընթացքում, տեսնելով Այբ դպրոցի հաջողությունները՝ ծրագրին միացավ ևս 6 դպրոց Երևանից և տարբեր մարզերից՝ Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, Վանաձորի Էվրիկա ավագ դպրոց, Գյումրիի Ֆոտոն վարժարան, Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց, ավագ դպրոցներ Եղվարդից և Ապարանից։ Նախագծին միացել են նաև հայաստանյան շատ առաջատար բուհեր:

Կրթական ծրագրի շրջանակներում Վիքիմեդիա Հայաստանն ակտիվորեն զբաղվում է մարզերում Վիքիակումբների հիմնադրման գործով:

Այժմ Վիքիակումբներ են գործում Գորիսում, Դդմաշենում, Լեռնապատում, Կիրանցում, Կողբում, Հացիկում, Ջերմուկում, Քաջարանում։ Այլ ակումբների հիմնումն ընթացքի մեջ է: