Վրթանես Ա
Վրթանես Ա Պարթև (մոտ 285 Կեսարիա - 341 Վաղարշապատ ), Հայոց կաթողիկոս 333 թվականից։ Գրիգոր Ա Լուսավորչի և Մարիամի ավագ որդին։
Վրթանես Ա | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս | Ամենայն Հայոց Կաթողիկոս (3-րդ) |
Ժամանակամիջոց | 333-341 թթ. |
Եկեղեցի | Հայ Առաքելական եկեղեցի |
Անձնական տվյալներ | |
Կրթություն | Կեսարիա |
Ծնվել է | 285 թ. |
Ծննդավայր | Հռոմեական կայսրություն Կապադովկիա, Կեսարիա |
Մահացել է | 341 թ. |
Մահվան վայր | Մեծ Հայք
Այրարատ Վաղարշապատ |
Հայր | Գրիգոր Լուսավորիչ |
Մայր | Մարիամ |
← Արիստակես Ա Հուսիկ Ա → |
Մինչև հոգևորական ձեռնադրվել եղել է զինվորական։ Կեսարիայից Վաղարշապատ է եկել Հայոց թագավոր Տրդատ Գ-ի հրավերով։ Եղբոր՝ Արիստակես Ա Պարթևի սպանությունից հետո ժառանգել է կաթողիկոսական աթոռը, աջակցել Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակին։ Գրիգոր Ա Լուսավորչի ավագ որդին է, կաթողիկոսական գահին հաջորդել է կրտսեր եղբորը՝ Արիստակես Ա Պարթևին։ Մինչև 324-ը մնացել է արքունիքում։ 324-ին դարձել է Գրիգոր Ա Լուսավորչի օգնականը։
Փավստոս Բուզանդի տեղեկությունների համաձայն՝ աթոռակալման սկզբում հեթանոսները փորձել են սպանել նրան, բայց հրաշքով նրանց ձեռքերը կապվել են։ Աջակցել է Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակին։ Վերջինիս և կաթողիկոսի հրահանգով Աղբիանոս եպիսկոպոսը ուղարկվել է հաշտեցնելու իրար դեմ պայքարող Մանավազյան, Բզնունյաց և Որդունի նախարարական տներին, երբ դա չի հաջողվել, թագավորը հրամայել է բնաջնջել նրանց, իսկ նախարարական տիրույթները հանձնել կաթողիկոսի իշխանությանը։ Այնուհետև, Հայաստանում ստեղծված ծանր պայմաններում կաթղիկոսը նամակ է հղել հռոմեական կայսր Կոստանդին I-ին՝ խնդրելով ռազմական օգնություն։ Ընդառաջելով Վրթանես Ա-ի խնդրանքին կայսրը Հայաստան է ուղարկել Անտիոքոս զորավարին, որը օգնում է երկրում կարգավորել իրադրությունը։ Պարսիկների դեմ մարտում Վաչե սպարապետ Մամիկոնյանի զոհվելուց հետո կարգել է ամեն տարի նշել նրա հիշատակը (Վաչեանց տոն, հետագայում այդ ավանդույթը մոռացվել է)։ Պայքարել է Հայաստանում հեթանոսության մնացուկների դեմ։ Վրթանես Ա Պարթևն ուներ երկվորյակ որդիներ, որոնցից Գրիգորիսը կարգվել է Վիրքի և Աղվանքի եպիսկոպոս։ Հայ եկեղեցին Ս. Վրթանես Ա Պարթևի հիշատակը տոնում է Գրիգոր Ա Լուսավորչի «սրբոց որդւոց և թոռանց» հետ Սուրբ Ծնունդի 3-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը կամ Վարդավառի 2-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։
Կաթողիկոսական գահին Վրթանես Ա Պարթևին հաջորդել է Հուսիկ Ա Պարթևը։
Արտաքին հղումներ
խմբագրելՆախորդ | Ամենայն Հայոց Կաթողիկոս | Հաջորդ |
Արիստակես Ա (325-333) |
Վրթանես Ա (333-341) |
Հուսիկ Ա (341-347) |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |