Վրթանես Քերթող
Վրթանես Քերթող, Քչկանորդի (VI դ. կես – VII դ. սկիզբ), մատենագիր, դավանաբան։ Ըստ X դ. պատմիչ Ուխտանեսի, սովորել է Դվինի կաթողիկոսարանի դպրատանը։ Վրթանես Քերթողը Գրիգոր անունով մի վարդապետի հետ մասնակցել է Կ. Պոլսում 589 թ.-ին գումարված եկեղեցական ժողովին՝ որպես Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի նվիրակ։ Վերջինիս մահից հետո՝ 604 թ.-ին, ընտրվել է կաթողիկոս. տեղապահ մինչև Աբրահամ Ա Աղբաթանեցու ընտրությունը։ Եղել է ժամանակի ուսյալ և գիտուն աստվածաբաններից, ընտիր ոճով գրելու համար նրան տրվել է Քերթող մակդիրը։
Վրթանես Քերթող | |
---|---|
Մահացել է | 620 |
Մասնագիտություն | աստվածաբան |
Վրթանես Քերթողի տեղապահության օրոք սկիզբ են առել հայ-վրացական եկեղեց. վեճերը՝ կապված քաղկեդոնականություն ընդունելու Վրաց եկեղեցու դիրքորոշման հետ։ Մեծ է եղել նրա դերը «Գիրք թղթոց»-ի կազմման գործում, որտեղ, ինչպես նաև Ուխտանեսի «Հայոց պատմության» մեջ, պահպանվել են նրա անվամբ մեզ հասած բազմաթիվ թղթեր, շրջաբերականներ, դավանաբան. գրություններ, նամակներ՝ ուղղված հայ և վրացի հոգևորականներին։ Դրանց զգալի մասը Վրթանես Քերթողի և Գուգարքի Ցուրտավ քաղաքի եպիսկոպոս Մովսեսի թղթակցություններն են՝ Քաղկեդոնի ժողովի, նեստորականության դեմ և երկաբնակության խնդիրների շուրջ։
Որպես Ս. Հռիփսիմե տաճարի կառուցման ժամանակակից և ականատես՝ գրել է նրա համառոտ պատմությունը։
«Յաղագս պատկերամարտից»
խմբագրելԳլխավոր գործը «Յաղագս պատկերամարտից» (ձեռագրերում հանդիպում են նաև «Ընդդեմ ընդդիմամարտից», «Յաղագս ընդդիմամարտաց» խորագրերը) գրվածքն է, որն ուղղված է պատկերամարտության դեմ։ Թուղթը մեծ արժեք է ներկայացնում և՛ Ընդհանրական եկեղեցու, և՛ հայ պատկերամարտության պատմության համար։ Ուսումնասիրողները (Ն. Ակինյան, Մ. Աբեղյան, Ս. Տեր-Ներսեսյան) հաստատել են, որ այն պատկերամարտության դեմ առաջին գրվածքն է ընդհանուր եկեղեցական գրականության մեջ, որ հասել է մեզ։ Վրթանես Քերթողը արժեքավոր տեղեկություններ է հայտնում հայ արվեստի (նկարչության, որմնանկարչության, քանդակագործության ևնի) վերաբերյալ, խոսում եկեղեցիներում իր տեսած պատկերների, մասնավորապես՝ Գրիգոր Ա Լուսավորչի, Գայանեի և Հռիփսիմեի, Ստեփանոս Նախավկայի նկարների ու որմնանկարների մասին, նկարագրում ավետարանական թեմաներով, հատկապես՝ Քրիստոսի փրկչական տնօրինություններին նվիրված նկարները (ծնունդ, մկրտություն, չարչարանքներ, խաչելություն, թաղում, հարություն, համբարձում)։ Հեղինակի վկայությամբ, եկեղեցիներում եղել են նաև Ավետարանի ոսկե և արծաթե նկարազարդ տուփեր, փղոսկրե և կարմիր մորթուց պատրաստված կազմեր, հեթանոս. տաճարներն էլ ունեցել են մեծ թվով նկարներ և քանդակներ։ Գրելով «կուռքերի մեհյաններում» Անահիտի, Աստղիկի, Աֆրոդիտեի նկարների ու քանդակների մասին՝ «իրենց պղծություններով, արբեցություններով և անառակություններով», Վրթանես Քերթողը համեմատել է քրիստոնեական և հեթանոսական արվեստը, տվել դրանց նշանակության, գործածման, ընկալման և մեկնաբանման տարբերությունները։ Ըստ հեղինակի, քրիստոնեական «պատկերները աստվածության պատվի և երկրպագության փառքի սպասավորության համար են», քանզի քրիստոնյաները ոչ թե նյութն են պաշտում, այլ պատկերված սրբերին են փառավորում և նրանցից բարեխոսություն խնդրում։ Երբ երկրպագում կամ համբուրում են Ավետարանը, ոչ թե փղի ոսկորներին կամ կաշվին են երկրպագություն մատուցում, «այլ Փրկչի խոսքին, որ գրված է մագաղաթի վրա»։ Պատկերային համեմատություններով և սուրբգրային վկայություններով Վրթանես Քերթողը հիմնավորել է պատկերահարգությունը և հանգել այն եզրակացության, որ պատկերների պաշտամունքը շեղում չէ Սուրբ Գրքից։ Գրվածքն արժեքավոր է նաև նրանով, որ բովանդակում է «դեղերի» (ներկերի) բաղադրությունը՝ պատկերացում տալով, թե դեռևս վաղ շրջանում ինչից են պատրաստել այն ներկերը, որոնցով ստեղծված գործերը մինչև հիմա պահել են իրենց պայծառությունը։
Գրականություն
խմբագրել- Ակինյան Ն., Վրթանես վրդ. Քերթող և իւր երկասիրութիւնք, ՀԱ, 1910։
- Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994։
- Դուրյան Երևան, Ուսումնասիրութիւնք և քննադատութիւնք, Երուսաղեմ, 1935, էջ 299–308։
- Մելքոնյան Երևան, Վրթանես Քերթողը և պատկերամարտությունը, §Էջմիածին¦, 1970, դ 6–7։
- Տեր -Ներսեսյան Ս., 7-րդ դարի մի երկ նվիրված պատկերների պաշտպանությանը (տե'ս հեղինակի «Հայ արվեստը միջնադարում», Երևան, 1975։
- Քյոսեյան Հ., Դրվագներ հայ միջնադարյան արվեստի աստվածաբանության, Ս. Էջմիածին, 1995, էջ 114–132։
Աղբյուր
խմբագրել- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |