Տայքի կյուրոպաղատություն
Տայք-Կղարջք կամ Տայք-Կղարջքի իշխանություն (վրաց.՝ ტაო-კლარჯეთის სამეფო՝ Տաո-Կլարջեթի իշխանություն), հայ Բագրատունիների կողմից հիմնադրված պետություն Մեծ Հայքի պատմական Տայք նահանգի(վրացիներն անվանում են Տաո) և Կղարջք գավառի(վրացիներն անվանում են Կլարջեթի) տարածքներում (այժմ՝ Թուրքիայի Էրզրում, Արդվին, Արդահան մարզերի տարածքում), որը ծառայել է ժամանակակից Վրաստանի տարածքի վրա Բագրատունիների իշխանության տարածման համար։ Տայքը սահմանակից էր Բյուզանդական կայսրությանն ու Վրաստանին, և մշտապես իր վրա էր սևեռում վերջիններիս ուշադրությունը։
Իշխանությունը հիմնադրել է Աշոտ Ա Կյուրոպաղատը, ով միութենական պայմանագիր է կնքել Բյուզանդիայի հետ արաբական տիրապետությունից Տայքը ազատելու համար և ընդունել է կյուրոպաղատի տիտղոս։ Իշխանության մայրաքաղաք է դարձել Աշոտի կողմից ամրացված Արտանուջ (այժմ՝ Արդանուչ) քաղաքը, որը հաջող դիրք էր զբաղեցնում է Մետաքսե մեծ ճանապարհի երկարությամբ։
Աշոտ Բագրատունին հզոր և խոշոր պետություն է ստեղծել, որի հետ հաշվի էին նստում իր ժամանակի վրացական և օտարերկրյա պետական գործիչները[1]։ Հայոց Սմբատ Առաջին թագավորի օրոք Տայքը գտնվել է նրա ենթակայության ներքո։
Տայքի կյուրոպաղատությունը Դավիթ Կյուրոպաղատի օրոք
խմբագրել10-րդ դարի երկրորդ կեսի Տայքի պատմության իրողությունները կապված են Դավիթ Կյուրոպաղատի անվան հետ։ Նրա օրոք Տայքը դարձավ հզոր իշխանություն, որի կշիռը մեծ էր Հայաստանում և Վրաստանում։ Դավիթ Կյուրոպաղատը Ատրներսեհ Երրորդ Կյուրոպաղատի որդին էր, որի մահից հետո 961 թվականին իշխանությունն ու տիտղոսը անցավ Դավիթին[2]։
Դավիթ Կյուրոպաղատը իր ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ ընդարձակեց իշխանության սահմանները։ Բյուզանդական կայսր Վասիլ Երկրորդի գահակալման տարիներին նրա դեմ ապստամբություն է բարձրացվում մագիստրոս Վարդաս Սկլերոսի գլխավորությամբ, որը տևեց 4 տարի՝ 976-979 թվականներին[3]։ Վասիլ Երկրորդ կայսրը Սկլերոսի դեմ դուրս էր բերել Վարդ Փոկասին, սակայն վերջինս չկարողանալով միայնակ դիմադրել՝ դիմում է Դավիթ Կյուրոպաղատին։ Նա օգնական զորք է տալիս կայսրությանը և ապստամբությունը ճնշվում է, ինչի դիմաց ստանում է նաև որոշակի տարածքներ։
Դավիթ Կյուրոպաղատի հեղինակությունը, բավականին, բարձր էր հայոց թագավորների շրջանում։ Հայտնի է, որ երբ Սմբատ Երկրորդ արքան իր հորեղբայր Մուշեղից խլում է Շատիկ բերդը, վերջինս դիմում է Դավիթի օգնությանը։ Վերջինս էլ զորքով գալիս է Շիրակ և Շատիկը վերադարձնում նախկին տիրոջը[4]։
Դավիթը, քանի որ անժառանգ էր, որդեգրել և տիրույթների ժառանգորդ էր նշանակել Աբխազաց թագավոր Բագարատ Երրորդին, սակայն նա 988 թվականին դուրս եկավ Կյուրոպաղատի դեմ, ինչի արդյունքում զրկվեց ժառանգությունից։ Այնուհետև Դավիթը իր իշխանության սահմանները ընդարձակում է դեպի հարավ։ Նրա զորքերը գրավում են Մանազկերտը, որի բնակչության մեջ գերակշռություն ունեին մուսուլմանները։ Վերջիններիս արտաքսում է, և նրանց փոխարեն բնակեցնում է հայերի ու վրացիների[5]։ Այս իրողությունը ունեցավ ռազմավարական կարևոր նշանակություն։ Շուտով Ատրպատականի ամիր Մամլանը հարևան մի քանի ամիրայությունների հետ հարձակվում է Դավիթի ուժերի դեմ, սակայն հանդիպելով հուժկու դիմադրության ստիպված է լինում նահանջել[6]։
Այս դեպքերից որոշ ժամանակ անց՝ 1000 թվականին Դավիթ Կյուրոպաղատը մահացավ։ Ճիշտ է, նա արդեն հասել էր խոր ծերության, բայց իր բնական մահով չմահացավ[7]։ Նրան նախ թունավորել, հետո խեղդամահ է արել վրաց արքեպիսկպոս Իլարիոնը, ով խոստումներ էր ստացել Բյուզանդիայի կայսրից։ Իր մահից առաջ Դավիթ Կյուրոպաղատը տիրույթները կտակել էր կայսրությանը։ Այսպիսով Տայքի կյուրոպաղատությունը դադարում է գոյություն ունենալ, իսկ Վասիլ Երկրորդը դառնում է Դավիթի տիրույթների ժառանգորդը։
Տայքում կազմավորվում է բյուզանդական վարչական միավոր «Իբերիա» բանակաթեմը, որի կենտրոնն էր Օլթին։ 1045 թվականին Շիրակի թագավորության անկումից հետո Տայքը միացվում է «Արմենիա» բանակաթեմին և ձևավորվում է «Արմենիայի և Իբերիայի բանակաթեմը»։ Հետագայում, երբ 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտի արդյունքում բյուզանդական զորքը պարտություն է կրում, իսկ Կոստանդին Մոնոմախ կայսրը գերի է ընկնում, բանակաթեմը անցնում է սելջուկյան պետությանը:
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Очерки истории Грузии. Том 2. Грузия в IV-X веках / [Ред.: М. Лордкипанидзе, Д. Мусхелишвили] -, 1988 – 580 с. (ռուս.)
- ↑ Չամչյան, Միքայել (1985). Հայոց պատմություն. Երևան: ԵՊՀ հրատ. էջ 837.
- ↑ Մատթեոս, Ուռհայեցի (1973). Ժամանակագրություն. Երևան. էջ 33.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ասողիկ (2000). Պատմություն տիեզերական. Երևան. էջ 188.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ասողիկ (2000). Պատմություն տիեզերական. Երևան. էջ 244.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Մատթեոս, Ուռհայեցի (1973). Ժամանակագրություն. Երևան. էջեր 35–37.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Արիստակես, Լաստիվերցի (1971). Պատմություն. Երևան. էջ 23.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)